Դատապարտում ենք Սամվել Վարդանյանի խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ձերբակալված ՀՀ քաղաքացի Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը։
Ըստ Սամվել Վարդանյանի փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի ու Վարազդատ Հարությունյանի’ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին հասարակական տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Վարդանյանը հայտնել է, որ միջադեպից հետո դիմակավորված անձինք ծնկի են բերել Սամվել Վարդանյանին, թքել նրա վրա և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։
Հայաստանի համար այս օրհասական օրերին, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը Հայաստանին աջակցելու հիմքում դնում է «ընթացքը դեպի ժողովրդավարություն», նման օրինակ գործողությունների հաճախակի և առավել այլասերված դրսևորումներն ուղիղ հարված է ուղղված մեր երկրի ներքին և արտաքին անվտանգությանը։
Կարդացեք նաև
Առավել վտանգավոր է, երբ նմանօրինակ գործողություններին ներգրավված են լինում արդարադատության «բարեփոխված» կառույցները, պետական պաշտոնյանները, ժողովրդավարության «ջատագովները»։
Նման «ակտիվությունը» և դրանց վերաբերյալ կամ քաղաքական գնահատականի բացակայությունը, կամ արդարացումը կարող է միայն մի նպատակ ունենալ՝ շարունակել մնալ ավտորիտար/դիկտատորական համակարգերի անդամ և հրաժարում ժողովրդավարական ճանապարհով զարգացման ուղուց։
Պատկան մարմիններից՝ դատախազությունից և քննչական կոմիտեից պահանջում ենք
– հրատապ կարգով քրեադատավարական օրենքի ամբողջ գործիքակազմի կիրառմամբ իրականացնել մանրազնին քննություն, մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության և
– հանրությանը ներկայացնել բավարար հաշվետվություն։
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն