Civilnet. Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ընդ որում, մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ID 6 Crozz ամենագնաց։ Մեքենան Արարատի քաղաքապետարանին է մատակարարելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել է ապրիլի 15-ին։
Արարատի քաղաքապետին էլեկտրական crossover մեքենա է հարկավոր
Մարտի 11-ին Արարատի քաղաքապետարանը հայտարարություն էր հրապարակել էլեկտրոնային աճուրդի մասին։ Աճուրդով պետք է ձեռք բերվեր ծառայողական մարդատար մեքենա։ Արարատի քաղաքապետարանը մեքենայի տեխնիկական բնութագրերում ներկայացրել է, որ պետք է մատակարարվի Volkswagen ID 6 Crozz կամ համարժեք մեքենա։
Հակառակ սրան՝ «Գնումների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ «գնման առարկային հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանման, արտոնագրի, էսքիզի կամ մոդելի, ծագման երկրի, արտադրողի կամ կոնկրետ աղբյուրի, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց»։ Տվյալ դեպքում համայնքապետարանը հնարավորություն ուներ տեխնիկական բնութագրում ներառել պահանջվող տվյալներ, օրինակ՝ մեքենայի տարեթվի, փոխանցման տուփի, շարժիչի ծավալի և այլ հատկանիշների մասով՝ առանց ներկայացնելու նախընտրելի մակնիշը։ Մինչդեռ տեխնիկական բնութագրում նշվել է ֆիրմային անվանում, մակնիշ և այլն։
Կարդացեք նաև
Տեխնիկական բնութագրում նշվել է նաև, որ ավտոմեքենան շուկա դուրս եկած պետք է լինի 2022-ից սկսած, ունենա 3 տարվա երաշխիք, նախընտրելի գույնը պետք է լինի մուգ կապույտ մետալիկ, սրահինը՝ մուգ ալկանտարա։
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի խոսքով՝ տեխնիկական բնութագրի մեջ մակնիշին հղում տալը վիճելի է. «Գնումների մասին օրենքը սահմանում է՝ այնպիսի պայմաններ պետք է նշել, որ հնարավորինս շատ մասնակիցներ կարողանան մասնակցել։ Օրենքը սահմանում է՝ ուղիղ անվան, մակնիշի հղում չկատարվի, իսկ երբ բնութագրիչները սահմանափակ են տրվում, այդ դեպքում սահմանափակվում է պոտենցիալ մասնակիցների մուտքը գործընթացին ու մատչելիության սկզբունքն է տուժում։ Սա սահմանափակող կարգավորում է եղել»,- ասում է գնումների փորձագետը։
Արմենուհի Բուռնազյանը գնման գործընթացում խնդրահարույց է համարում նաև այն, որ մեքենայի ձեռքբերումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով և ոչ բաց մրցույթով։
«Շին կորտ». Աղազարյանի որդու նորաստեղծ ընկերությունը
Մրցույթում հաղթած «Շին կորտ»-ի հիմնադիրն ու բաժնետերը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին է՝ Վահե Աղազարյանը։ Աղազարյանները ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից են։ «Շին կորտ»-ը բացի Volkswagen ID 6 Crozz-ը, այս տարվա ընթացքում հասցրել է նաև մոտ 845 000 դրամի չափով A4 ֆորմատի թուղթ մատակարարել Երևանի ֆիզիկայի ինստիտուտին։
Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանը, պատասխանելով «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել իր համար ծառայողական մեքենա ձեռք բերելու և ինչո՞ւ հենց այդ մակնիշի մեքենա, առաջարկեց հարցերն ուղղել քաղաքապետարանին։
Արարատի քաղաքապետ Ասլան Ավետիսյանի և նրա երկու որդիների՝ Հովհաննես և Նարեկ Ավետիսյանների անունը տարիներ առաջ հայտնվել էր արարատցի Գյանջիրով Հովհանյանի ինքնասպանության պատմության մեջ։ Հովհանյանը 2013-ին աշխատել էր Ավետիսյաններին պատկանող քարի արտադրամասում։ Ինքնասպան եղած տղամարդու ընտանիքի անդամները պատմել էին, որ քարի արտադրամասից Հովհանյանը թույլտվություն էր ստացել ու քարերի ջարդոններ էր դուրս բերել արտադրամասից՝ իր բակը վերանորոգելու համար։ Այդ օրը, ըստ նրանց, Ավետիսյանի երկու որդիները դաժանաբար ծեծել էին Հովհանյանին, հետագայում վերջինիս հետ փորձել դատաստան տեսնել նրա հենց տանը։ Հաջորդ օրը, ըստ տուժածի ընտանիքի, Հովհանյանը տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել։ Նրա մարմինը գտել էին Ավշար գյուղի մոտ՝ ծառից կախված վիճակում։ Գյանջիրով Հովհանյանի ընտանիքի հարազատները նաև բարձրաձայնել էին ընտանիքի հոր դիակի վրա բռնության հետքերի և իրենց՝ չբողոքելու դիմաց 50 000 դոլար առաջարկելու մասին։ Այս դեպքի մասին ժամանակին ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործով քննիչներին ու դատախազներին մեղադրել էր անգործության մեջ։
2021-ի վերջից Ասլան Ավետիսյանը դարձավ Արարատի քաղաքապետ, իսկ նրա որդիներից Հովհաննեսը Արարատի մարզպետի խորհրդականն է։
Մկրտիչ Կարապետյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: