Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանին թույլ չեն տվել բժշկի, վարսավիրի, ատամնաբույժի այցելել․ Տիգրան Եգորյան

Ապրիլ 17,2024 14:00

«Երկու ամսվա ընթացքում նախաքննության մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք արդեն իսկ հետազոտվել էին՝ գաղտնի փուլում։ Սրա համար անհրաժեշտ չէ որեւէ մեկի ազատության նկատմամբ սահմանափակումներ կիրառել։ Իրականացվել են առերես հարցաքննություններ․ ասեմ, որ բոլոր առերես հարցաքննություններն ավարտվել էին դեռեւս փետրվար ամսին։ Այսինքն, այն կարեւոր փուլը, երբ որ առերես հարցաքննությունների միջոցով ստուգման է ենթարկվում ամեն մեկի դիրքորոշումը՝ տարբեր դրվագների վերաբերյալ։ Ամբողջ մարտ եւ ապրիլ ամիսների ընթացքում, իրականացվել են կրկնակի հարցաքննություններ։ Այսինքն, նույն անձինք, ինչ-որ անէական հարցերի շուրջ ևս մեկ անգամ հարցաքննվել են, ինչը կարող է վկայել, որ նախաքննական մարմնի կողմից ոչ պատշաճ, ոչ բավարար անալիտիկ աշխատանք էր կատարվել․ լավ չէին նախապատրաստվել հարցաքննություններին, անհրաժեշտություն է առաջացել նորից, նույն հարցերի վերաբերյալ հարցաքննել մարդկանց»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանն ամփոփեց իր պաշտպանյալի՝ տնային կալանքում գտնվելու ընթացքում կատարված քննչական գործողությունների պատկերը։

Հիշեցնենք, Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը ապրիլի 14-ին եւս երկու ամսով երկարաձգվեց։

Տիգրան Եգորյանը կարծում է, որ այն բոլոր քննչական գործողությունները, որոնք կատարվում են, որեւէ հիմք չեն, որ մարդու ազատությունը սահմանափակվի։

Վահան Քերոբյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու հիմնավորումները երկուսն են եղել․ «Նախ, որ նախաքննական մարմինը ահռելի գրասենյակային աշխատանք պետք է կատարի․ ի սեր Աստծո, կատարեք ձեր աշխատանքը։ Ի՞նչ կապ ունի մարդկանց՝ ազատության մեջ գտնվելը, ձեր գրասենյակում կատարելիք աշխատանքի հետ։ Եվ, որ մի քանի վկաներ պետք է հարցաքննվեն։ Ի՞նչն է խնդիրը, որ այդ վկաները չեն հարցաքննվել նախորդ 2,5 ամիսների ընթացքում, ընդհուպ մինչեւ այսօր։ Եվ, այդ մեղադրյալների ու վկաների թիվը խիստ սահմանափակ է, բոլոր էական ու անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններն արված են, ի՞նչն է խնդիրը, որ դա չի արվել ժամանակին։ Եվ ի՞նչն է խնդիրը, որ այդ գործողությունները չեն կարող արվել, եթե պարոն Քերոբյանն ազատության մեջ մնա»։

Պաշտպանը կարեւոր հանգամանք է համարում այն, որ այս գործով միայն Վահան Քերոբյանն է շարունակում մնալ անազատության մեջ, մնացած բոլորն արդեն իսկ վերադարձել են իրենց աշխատանքին՝ այդ թվում նաեւ Էկոնոմիկայի նախարարությունում աշխատողները, մեղադրյալի կարգավիճակում։

Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումներն, ըստ Տիգրան Եգորյանի, համաչափ չեն, խախտում են ՀՀ Սահմանադրությունը եւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Օրինակ, շփումների առումով։ Նա կարող է շփվել միայն մերձավոր հարազատների եւ պաշտպանների հետ, բայց այս մասով էլ խնդիր է առաջանում, քանի որ Վահան Քերոբյանը, ենթադրենք, եթե ցանկանա ևս մեկ պաշտպան ներգրավվել կամ փոխել պաշտպանին, այդ հնարավորությունը չի ունենալու՝ շփումների սահմանափակումներով պայմանավորված։ Նաեւ, Վահան Քերոբյանն ունի աշխատանքի առաջարկներ, բայց դրանք նույնիսկ հեռավար տարբերակով չի կարողանում կատարել՝ շփման սահմանափակումներով պայմանավորված, մինչդեռ նա իր խնամքի տակ ունի հինգ անչափահաս երեխա եւ տարեց մայր։ Ավելին, վերջերս նա տան պայմաններում ոտքի վնասվածք է ստացել, բժշկի այցելելու միջնորդությունը մերժվել է։ Մերժվել է նաեւ վարսահարդարի եւ ատամնաբույժի ծառայություններից օգտվելու միջնորդությունը։

Վահան Քերոբյանի կալանքը երկարացնելու համար դատարան է ներկայացվել մոտ 800 թերթ նյութ, որի ուսումնասիրությունից պարզվել է, որ նախկինում դատարան ներկայացված 160 թերթ գաղտնալսումները պարզապես կրկնապատկվել են։ Նույն անձանց, որոշակի հավելյալ հարցեր են միայն տրվել, որոնց մասին պատասխանները, ըստ Տիգրան Եգորյանի, նախկինում արդեն տրվել էին։

Այսպիսով, Տիգրան Եգորյանի պնդմամբ, «հին օրենքներն» են կիրառվում՝ մարդուն արժանապատվությունը խոցող սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակի մեջ դնելով, որի նպատակը մարդուն «կոտրելն է», որպեսզի ինչ-որ մի արդյունք ստանան։ Պաշտպանի գնահատմամբ, նախաքննական մարմինը եւ դատախազությունը փակուղու առջեւ են հայտնվել, քանի որ հասկանում են գործի էությունը, դրա ապացուցելու իրական հնարավորությունը։ Օրինակ, պաշտպանի պնդմամբ, հասկանում են, որ պետությանը պատճառված իբրեւ էական վնասի դրվագի մասով, որեւէ առաջընթաց չեն կարող ունենալ։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930