Լրահոս
Օրվա լրահոսը

Անձը եղել է պետության հսկողության ներքո, ու հենց այդ ընթացքում նրան ենթարկում են դաժան բռնության: Կարող եմ հիմնավոր ենթադրություն անել, որ դա կազմակերպված գործողություն էր. Զարուհի Հովհաննիսյան

Ապրիլ 17,2024 13:36

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Բացարձակ անընդունելի է պետության որևէ կառույցի հսկողության ներքո գտնվող մարդու նկատմամբ բռնության, արժանապատվությունը նվաստացնող որևէ գործողության կիրառումը: Բոլոր միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերով խոշտանգումների բացարձակ արգելքն ամրագրված է և անձը չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Սամվել Վարդանյանի հետ կատարվածը բացարձակ անընդունելի է, և նույնիսկ անհնար է պատկերացնել, որ գիշերը՝ քննչական մարմնից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս դիմակավորված անձինք կարող են հարձակվել՝ ծեծի ու նվաստացումների ենթարկել Սամվել Վարդանյանին: Անձը եղել է պետության հսկողության ներքո, ու հենց այդ ընթացքում նրան ենթարկում են դաժան բռնության: Ես կարող եմ հիմնավոր ենթադրություն անել, որ դա կազմակերպված գործողություն էր՝ անձին նվաստացնելու, ճնշելու և խոշտանգելու համար: Նորից եմ կրկնում, Սամվել Վարդանյանը գտնվում է պետության հսկողության ներքո և նրան որևէ մեկը, այն էլ կազմակերպված խումբ, չէր կարող առանց համապատասխան մարմինների թողտվության ենթարկել նվաստացումների:

Կոչ եմ անում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, որն օժտված է լայն լիազորություններով, ունի ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են զրկված լինել ազատությունից, իրականացնել բոլոր հնարավոր գործառույթները տվյալ դեպքով բոլոր մանրամասները վերհանելու և հրապարակային դիրքորոշում հայտնելու ուղղությամբ:

Կոչ եմ անում ՀՀ Քննչական կոմիտեին` հետամուտ լինել Սամվել Վարդանյանի դեպքի և, ընդհանրապես, խոշտանգումների դեպքերի արդյունավետ, թափանցիկ և բազմակողմանի քննությանը, այդ դեպքերը քիչ չեն, իսկ քննության արդյունավետությունը, մեղմ ասած, ցածր է:

Ընդհանրապես, ժողովրդավարական ու մարդու իրավունքների նկատմամբ զգայուն պետություններում ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ԴԵՊՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, իսկ եթե հանկարծ լինի, ապա պատկան մարմինները պետք է անմիջապես արձագանքեն, մեղավորները պետք է պատժվեն, և դա է միջազգային իրավական ստանդարտը, այլ կերպ չեք կարող համոզել, որ մենք ժողովրդավարական պետություն ենք:

Յուրաքանչյուր գրածս բառի համար պատասխանատու եմ և կարող եմ հիմնավորել միջազգային և ներպետական փաստաթղթերով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930