Այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի շենքի դիմաց են հավաքվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի հարազատներն ու ընկերները:
Մինչ Վարդանյանի պաշտպանները քննչական կոմիտեի շենք մտան հանցագործության մասին հաղորդումը մուտք անելու՝ Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցած խոշտանգման դեպքով, ձերբակալված երիտասարդի մոր ինքնազգացողությունը վատացավ, ուշաթափվեց ու ընկավ գետնին:
Տեղեկություն կա, որ ուշաթափվելուց եւ ընկնելուց հետո մայրը վնասել է ոտքը:
Կարդացեք նաև
Հավաքվածները նրան առաջին օգնություն ցույց տվեցին, մինչ ժամանեց շտապ օգնության բրիգադը:
Կինն անվերջ արտասվում էր որդու համար:
Հիշեցնենք, որ փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնելով, որ Սամվել Վարդանյանից ստացել է նրա հետ կատարվածը հանրայնացնելու համաձայնությունը, ասուլիսում պատմել էր, որ իրենց վստահորդին ոստիկանական մեքենայով ՁՊՎ ուղեկցող քաղաքացիական հագուստով երկու ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ մեքենան կանգնեցրել են մի խուլ վայրում եւ հեռացել են։ Այդ ժամանակ դիմակավորված ու սեւազգեստ երեք անձինք մոտեցել են, Սամվել Վարդանյանին, որի ձեռքերը թիկունքի կողմից շղթայված են եղել, դուրս են բերել մեքենայից եւ տապալելով գետնին` խոշտանգել են ամենանվաստացուցիչ ձեւով` պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ սեռական ամենակոպիտ հայհոյանքներ են հնչեցրել։ Ավելին, իջեցրել են տաբատը ու ոտքերի արանքում ցուցադրաբար մահակ պահել` ցանկանալով ինչ-որ բան ապացուցել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ