Հարցազրույց «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամի և UWC Դիլիջանի տնօրեն Ադամ Արմանսկիի հետ
Հարց. Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը ստացել է Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրում: Ինչ նշանակություն ունի հավատարմագրումը UWC Դիլիջանի համար:
Պատասխան. Ի սկզբանե Դիլիջանի միջազգային դպրոցը հիմնադրել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների տարրական և միջնակարգ կրթությունն ապահովելու նպատակով: Մեր օտարերկրացի աշխատողների երեխաները լեզվական խոչընդոտի պատճառով չէին կարողանում տեղի դպրոցներ հաճախել: Ինչ վերաբերում է մանկապարտեզին, այն գրավիչ էր նաև հայ աշխատողների համար՝ որպես ցերեկային խնամքի կենտրոն: Վերջին տարիներին սկսեցինք հարցումներ ստանալ հետաքրքրված ընտանիքներից: Դպրոցի ընդլայնմանը զուգահեռ հավատարմագրումը դարձավ տրամաբանական քայլ:
Հարց. Ի՞նչ նշանակություն ունի այս հավատարմագրումը Հայաստանի համար:
Կարդացեք նաև
Պատասխան. Մյուս հավատարմագրված դպրոցի՝ Հայաստանի Քեմբրիջի միջազգային դպրոցի հետ միասին, որը գտնվում է Երևանում, Դիլիջանի միջազգային դպրոցը կնպաստի Հայաստանի՝ որպես միջազգային կրթական կենտրոնի հեղինակության աճին: Երեխաների կրթության համար զանազան տարբերակների առկայությունը կարևոր գործոն է աշխատանքի բերումով կամ ձեռնարկատիրության նպատակով Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի և օտարերկրացիների համար: Այս առումով մեր դպրոցը կնպաստի Հայաստանի զարգացմանը։
Հարց. Ի՞նչ նշանակություն ունի հավատարմագրումը Ձեզ և դպրոցի անձնակազմի համար:
Պատասխան. Տարրական, միջին և ավագ դասարանների համար Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրումը հզորացնում է մեր անձնակազմը և վերահաստատում է միջազգային մակարդակի կրթություն ապահովելու մեր հանձնառությունը:
Հարց. Որքա՞ն է աշակերտների թիվը և ո՞ր դասարաններն են համալրված:
Պատասխան. Ներկայում ունենք ավելի քան 70 աշակերտ 9 երկրից, որից 22-ը մեր անձնակազմի անդամների երեխաներն են: Հաջորդ տարի կունենանք մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան։
Հարց: Իսկ ի՞նչ կասեք ուսուցչական կազմի մասին: Ուսուցչական կազմը նո՞ւյնպես բազմազգ է։
Պատասխան. Ուսուցչական կազմը բաղկացած է 16 ուսուցչից, որոնք ներկայացնում են 9 երկիր: Ուրախությամբ նշեմ, որ ունենք գերազանց հայ ուսուցիչներ։ Եվ, իհարկե, մեր ադմինիստրացիան և օժանդակ անձնակազմը նույնպես հայ են։ Դպրոցն աշխատատեղեր է ստեղծում տեղի բնակչության համար։
Հարց. Ի՞նչ ազդեցություն կունենա հավատարմագրումը ուսուցման գործընթացի վրա:
Պատասխան. Հավատարմագրումը հավաստում է այն, ինչ մենք արդեն անում ենք: Արտաքին չափորոշիչներն օգնում են պահպանել կրթության գերազանցությունը, ինչով մենք հպարտանում ենք: Դպրոցը տեղակայված է UWC Դիլիջանի կամպուսում: Մենք օգտվում ենք կամպուսի բոլոր հարմարություններից և, որպես աշակերտների և ուսուցիչների բազմազգ համայնք, այս իմաստով ունենք գերազանց հնարավորություններ:
Հարց. Ինչո՞վ է ձեր դպրոցը տարբերվում այլ տեղական կամ մասնագիտացված դպրոցներից, այդ թվում այն դպրոցներին, որտեղ դասավանդվում են Քեմբրիջի միջազգային դպրոցի և/կամ միջազգային բակալավրիատի ծրագրերը:
Պատասխան. Նախ նշեմ, որ թեպետ ուսուցումը կազմակերպվում է անգլերենով, շեշտը դնում ենք տեղական մշակույթի և լեզվի վրա: Մեր երեխաներից շատերը միաժամանակ երկու-երեք լեզու են սովորում: Տարբերություններից մեկն էլ այն է, որ մեր ուսանողներն ու ուսուցիչներն իրապես միջազգային համայնք են, և մեր երեխաները կամպուսում շփվում են 80 ազգությունների հետ: Եվ իհարկե մեր հրաշալի կամպուսը, որը յուրահատուկ է ինչպես Հայաստանի դպրոցների, այնպես էլ աշխարհի շատ այլ դպրոցների համեմատությամբ: Մեր կամպուսը տեղակայված է շուրջ 8 հեկտար բլրաշատ և անտառածածկ տարածքում՝ Դիլիջան ազգային պարկում:
Հարց. Ո՞ր տարիքից եք ընդունում երեխաներին:
Պատասխան. Երեխաները կարող են սկսել հաճախել մանկապարտեզ 3 տարեկանից, իսկ տարրական դպրոց՝ 5 տարեկանից: Երեխայի տարիքը հաշվի է առնվում տվյալ տարվա օգոստոսի 31-ի դրությամբ:
Հարց. Որքա՞ն է ուսման վարձը:
Պատասխան. Վարձը համեմատելի է այլ մասնավոր դպրոցների վարձի հետ: Այսպես՝ մեկ տարվա վարձը կազմում է 2700 ԱՄՆ դոլար մանկապարտեզի համար, 6000 ԱՄՆ դոլար՝ 0-5-րդ դասարանների համար, 7000 ԱՄՆ դոլար՝ 6-8-րդ դասարանների համար և 9000 ԱՄՆ դոլար՝ 9-10 դասարանների համար:
Վճարը ներառում է սնունդը, ուսումնական նյութերը, քննությունների վճարները և այլն:
Հարց. Դպրոցը կազմակերպելու է երեխաների տեղափոխումը, և եթե այո, արդյո՞ք գումարը ներառված է վճարի մեջ:
Պատասխան. Եթե մոտակա քաղաքներից պահանջարկ լինի, ապա կքննարկենք տրանսպորտի ապահովումը, բայց դա լրացուցիչ վճար կլինի ընտանիքների համար:
Հարց. Ինչպե՞ս ստեղծվեց Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանը:
Պատասխան. «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամը շահույթ չհետապնդող իրավաբանական անձ է, որը կառավարում է «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան»-ը և UWC Դիլիջանը: Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։
Հարց. Ինչո՞ւ նրանք որոշեցին գումարը ներդնել միջազգային կրթության մեջ, այլ ոչ թե տեղական դպրոցներում:
Պատասխան. Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի տեսլականն է նպաստել Հայաստանի զարգացմանը որպես համաշխարհային մակարդակի միջազգային կրթական և մշակութային կենտրոն, որն իր հերթին կնպաստի երկրի միջազգային հեղինակության աճին: Միջազգային դպրոցների շնորհիվ կձևավորվի երիտասարդների մի միջազգային խումբ, որոնք կմեծանան՝ ճանաչելով և գնահատելով Հայաստանը, որոնք ողջ կյանքի ընթացքում հետաքրքրված կլինեն Հայաստանով: Սա էլ իր հերթին խթանում է միջազգային մշակութային, կրթական և գիտական կապերը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Մեր հիմնադիրների և նրանց գործընկերների հավակնություններն ավելի հեռուն են միտված, քան պարզապես Հայաստանի ներկան. նրանց հայացքն ուղղված է վաղվա Հայաստանին:
Հարց. Ինչպե՞ս է ֆինանսավորվում Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան հիմնադրամը:
Պատասխան. Հիմնադրամը ֆինանսավորվում է ուսման վճարներով և բարեգործների նվիրատվություններով: Հիմնադրումից՝ 2011 թ. ի վեր 20 երկրից 600 բարերար կատարել են շուրջ 210 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություններ: Այս միջոցներն ուղղվել են UWC Դիլիջանի կապիտալ ծախսերին և կրթաթոշակների ֆինանսավորմանը:
Հարց. Իսկ որքա՞ն են կազմում հիմնադիրների անձնական նվիրատվությունները Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանին:
Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը շուրջ 149,7 միլիոն դոլար են նվիրաբերել Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման համար: Եվս 17,99 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարվել հիմնադիր գործընկերներ Նուբար և Աննա Աֆեյանների, Գագիկ Ադիբեկյանի, Վլադիմիր և Աննա Ավետիսյանների կողմից:
Հարց. Կարծիք կա, որ UWC Դիլիջանն էլիտար ուսումնական հաստատություն է՝ նախատեսված միջազգային ուսանողների համար:
Պատասխան. Թյուր կարծիք է, որ UWC Դիլիջանն էլիտար կառույց է: Մեր դպրոցական համայնքը ոչ միայն բազմազգ է՝ մենք ունենք ուսանողներ շուրջ 80 երկրից, այլև կազմված է հասարակության տարբեր սոցիալ-տնտեսական խավերի ներկայացուցիչներից: Ուսանողների շուրջ 80 տոկոսը սովորում է կրթաթոշակով, ունենք երեխաներ անապահով ընտանիքներից: Կարելի է ասել՝ սա մի յուրահատուկ սոցիալական «վերելակ» է, որտեղ տարբեր սոցիալական խավեր ներկայացնող երեխաները հնարավորություն ունեն ստանալու գերազանց կրթություն, որը նրանց համար ապագայի հեռանկար է ստեղծում: Մյուսների համար սա ևս հրաշալի հնարավորություն է ճանաչել այլ ազգեր և մշակույթներ, շփվել տարբեր սոցիալական ծագման աշակերտների հետ, դառնալ առավել կարեկից, գիտակցել հասարակության ներսում հաճախ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու կարևորությունը:
Հարց. Հայաստանի կառավարությունն աջակցո՞ւմ է DISA-ին:
Պատասխան. UWC Դիլիջանի հիմնադրումից ի վեր Հայաստանի կառավարությունը մշտապես օժանդակել է «Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան»-ին: Ակնհայտ է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս կրթության ոլորտին։
UWC Դիլիջանն Աշխարհի միացյալ քոլեջների ցանցի 18 անդամ դպրոցներից մեկն է, որի առաքելությունն է «կրթությունը վերածել մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի»։ Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանն ապահովում է կրթություն մանկապարտեզից մինչև 10-րդ դասարան: Այսպիսով Դիլիջանում կրթական կլաստերն արագորեն աճում է: UWC Դիլիջանը գործում է արդեն 10 տարի, և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը։ Հպարտ ենք, որ Հայաստանի դրոշը ծածանվում է մեր կամպուսի մուտքի մոտ և հանձնառու ենք շարունակել աշխատել ի շահ Հայաստանի և ներկայացնել Հայաստանը:
Դիլիջանի միջազգային դպրոցում ապրիլի 20-ը բաց դռների օր է: Ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով և ներկա գտնվել միջոցառմանը, որը տևելու է 10:30-ից մինչև 12:30:
«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան»-ի մասին
UWC Դիլիջանի կամպուսում տեղակայված Դիլիջանի միջազգային դպրոցը, որը ստացել է Քեմբրիջի միջազգային դպրոցի հավաստագիր, առաջարկում է տարրական, միջին և ավագ դպրոցի կրթական ծրագիր՝ մանկապարտեզից մինչև տասներորդ դասարան: Դպրոցն ունի 70 աշակերտ 9 երկրից և 16 հոգանոց անձնակազմ 9 երկրից: Ի սկզբանե նախատեսված լինելով UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների համար՝ Դիլիջանի միջազգային դպրոցը զարգացել է որպես լիարժեք ուսումնական հաստատություն, որն ապահովում է կրթություն բոլոր տարիքային խմբերի համար՝ Քեմբրիջի միջազգային կրթության սկզբունքներին համահունչ:
Մամուլի հաղորդագրություն