«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը քիչ առաջ Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց, որ մեղադրանքի լրացմամբ վերացվել է նաեւ կալանքի միջնորդության խոչընդոտը. «Հույս ունեի, որ քննչական կոմիտեն չի ներգրավվի այս խոշտանգման կոծկման գործընթացում, բայց ցավոք: Քրեական վարույթը նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի առաջին մասով: Ինձ տեղեկացրին, որ մեղադրանքը լրացվել է նաեւ, պարզ ասեմ, որ մարդիկ իմանան, Արմեն Գրիգորյանի եւ Նարեկ Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով: Այն հոդվածով, որ այն մեկնաբանությունը, որ տրվում է, կարող է ՀՀ քաղաքացիների բավական մեծ մասին այդ մեղադրանքը ցանկացած պահի առաջադրվել: Ողջույն, ՀՀ ժողովրդավարությանը ծափահարողներին: Լրացվել է այդ հոդվածով, որը 1-4 տարի ազատազրկում նախատեսող հոդված է: Կալանքի միջնորդություն ներկայացնելու խոչընդոտը վերացվել է: Չեմ կարող պաշտոնապես ասել, բայց դրա հավանականությունը այս փաստից հետո դուք էլ եք հասկանում՝ որքան է»:
Ռուբեն Մելիքյանը նաեւ տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում են մուտք արել՝ Վարդանյանին խոշտանգելու դեպքով. «Բազմաթիվ դեպքերով մամուլի հաղորդումների հիման վրա մանր-մունր հանցագործությունների դեպքերով, կներեք, որ այդպես եմ ասում, որովհետեւ հանցագործությունը մանր-մունր չի կարող լինել, քրեական վարույթներ են նախաձեռնվում, իսկ այս դեպքում քրեական վարույթ այդպես էլ չնախաձեռնվեց: Սամվել Վարդանյանը իր ցուցմունքով մանրակրկիտ ներկայացրել է իր հետ կատարվածը»:
Կարդացեք նաև
Սամվել Վարդանյանին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա, ըստ փաստաբանի, նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ