ՔՊ կուսակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կատարված միջադեպը ՔՊ-ում բուռն քննարկումների առիթ է դարձել:
Ասլանյանի ընկեր Հովիկ Աղազարյանը կասկած չունի, որ նախօրեին հանրային տրանսպորտում կատարվածը կանխամտածված, նախապես ծրագրված է եղել, այլ ոչ թե էմոցիոնալ պոռթկում, ուստի երիտասարդը պիտի պատժվի. «Էդ երիտասարդը, նախապես իմանալով, որ ավտոբուսն է նստել, հետեւից գնացել է, հեռախոսի օնլայն ռեժիմը միացրել ու շոու է սարքել, որ կատարի իր տերերի պատվերն ու ստանա իր թուլափայը: Պետք է տարբերել սպոնտան ու կանխամտածված իրավիճակները, իսկ սա կանխամտածված էր, եթե այդպես չի եղել, թող աշխարհի անեծքները թափվեն իմ գլխին»: Աղազարյանն ասում է, որ տղան պետք է պատժվի «վիժվածք» բառն ասելու համար: Մեր հարցին` ձեզ կարելի՞ է երկիր հանձնել, մնալ անպատիժ, իսկ երբ քաղաքացին այդ քաղաքականությանն էմոցիոնալ արձագանքում է, պիտի բա՞նտ գնա։ «Մենք սուրբ չենք, մենք երկիր չենք հանձնել, ո՞ր երկիրն ենք հանձնել, դա իր տերերն ու հոպարներն են ստորագրել կապիտուլյացիայի ակտը, թող գնա իր հոպարներից պահանջի»:
Պատգամավորը նաեւ անկեղծացավ` ինքն էլ է շատ անգամներ նման տհաճ իրավիճակներում հայտնվել. «Բայց երբ պատահական, սպոնտան է եղել, տեսել ես, որ ցավ է եղել ներսում, ուրիշ ձեւ ես մոտենում, եղել է, որ ես ծնկի եմ եկել, ներողություն խնդրել քաղաքացուց, բայց երբ շարունակել է ոգեւորվել, հելել՝ մի երկու քաղցր բառ եմ ասել։ Եղել է, որ չեմ արձագանքել, եթե 16 տարեկան աղջիկն ինձ ասում է «դավաճան», ես ի՞նչ արձագանքեմ»:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: