Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսին չպետք է լինեն դաշնակիցները

Ապրիլ 17,2024 12:00

Բեկումնային իրադարձություն, զուսպ հայտարարություններ

Ապրիլի 13-14-ի իրադարձությունները Իրանի եւ Իսրայելի շուրջ կարեւոր ու պատեհ առիթ էին մտորելու, թե ինչպես են պետությունները պաշտպանում իրենց շահերը, ինչպես են, յուրաքանչյուրն իր միջոցներով ու գործիքներով, արժանապատվորեն այդ շահերի պաշտպանությունն իրականացնում:

Վերջին մի քանի օրերին միջազգային հեղինակավոր պարբերականները հղում անելով իրենց աղբյուրներին՝ կանխատեսում էին, որ ի պատասխան ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար Իրանի պատասխանը չի ուշանա: Այս առումով, ապրիլի 13-14-ին տեղի ունեցածն անսպասելի չէր, ավելին` մինչեւ իրանական հարվածների մասին հաստատող հայտարարությունները, կարելի է նույնիսկ ասել, որ ողջ աշխարհը սպասում էր Թեհրանի պատասխանին:

Եվ ահա, Մերձավոր Արեւելքի հակամարտության ամբողջ երկարատեւ պատմության ընթացքում Իրանն առաջին անգամ իր տարածքից հարվածներ հասցրեց Իսրայելի ուղղությամբ: Անկախ նրանից, թե առանձին պետություններ ինչ հրապարակային հայտարարություններ ու կոչեր են հնչեցնում, ինչպես են գնահատում Իրանի քայլը, ինչպես են մեկնաբանում, ինչ հետագա զարգացումներ են կանխատեսում, բոլորի համար պարզ է, որ Թեհրանի քայլով տեղի է ունեցել բեկումնային իրադարձություն. իրանական կողմն առաջին ուղիղ հարձակումն իրագործեց Իսրայելի նկատմամբ, սա արդեն ինքնին խոսուն փաստ է:

Իսրայելի ուղղությամբ Իրանի հարվածը ինքնապաշտպանություն է՝ նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, ԱՄՆ-ը պետք է հեռու մնա, հայտարարեց ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը։ «Իրանի ռազմական գործողությունը օրինական պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա է իրագործվել՝ ի պատասխան Դամասկոսում դիվանագիտական կառույցների վրա սիոնիստական ռեժիմի հարձակման։ Թեման կարելի է լուծված համարել», – նշեց իրանական դիվանագիտական առաքելությունը, հավելելով, որ եթե Իսրայելը եւս մեկ սխալ թույլ տա` «Իրանի պատասխանը շատ ավելի դաժան կլինի»։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զգուշացրեց, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի: Ապրիլի 13-ի հարձակումը պաշտոնական Թեհրանը մատնանշեց, որպես պատասխան Իրանի նպատակների եւ շահերի դեմ իսրայելական կողմի ագրեսիվ գործողությունների, եւ ապրիլի 13-ի գործողությունն անվանվեց` «նոր էջ` Իրանի հեղինակության պատմության մեջ»:

Սակայն Թեհրանը գործողությունները սկսելուց անմիջապես հետո արդեն հայտարարություններով հստակ ուղերձներ էր հղում, որոնցից հասկանալի էր, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում, այլ կոնկրետ նպատակով գործողություն է իրականացրել ու արդեն ավարտել է: Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի հարձակումն Իսրայելի նկատմամբ, հարվածներից քիչ անց արդեն հայտարարեց, որ այդ գործողությունը դիտարկում են որպես արդյունք, իրենց տեսանկյունից այն հաջողությամբ ավարտվել է եւ այն շարունակելու մտադրություն չկա:

Իսկ ահա Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնեց, որ Իրանի տարածաշրջանային դաշնակիցները նախապես տեղեկացված են եղել Իսրայելի վրա օդային հարձակումների մասին. «Մենք, բնականաբար, օպերացիայից 72 ժամ առաջ տեղեկացրել ենք տարածաշրջանի մեր ընկերներին, որ Իրանի պատասխանը՝ օրինական պաշտպանության ձեւով, միանշանակ է եւ հաստատ»։ Նա նաեւ հայտնեց. «Տարածաշրջանում մեր այն բարեկամներին, որտեղ ԱՄՆ-ն ռազմաբազա ունի, հայտարարել ենք, որ մեր նպատակը Իսրայելին պատժելն է, եւ մենք չենք ցանկանում թիրախավորել ԱՄՆ բազաներն ու անձնակազմը»։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թեւավոր եւ 120 բալիստիկ հրթիռ, եւ որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Իսրայելը ցուցադրել է իրեն պաշտպանելու եւ նույնիսկ աննախադեպ օդային հարձակումները հետ մղելու բացառիկ կարողություն՝ հստակ ուղերձ հղելով իր հակառակորդներին, որ նրանք չեն կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Իսրայելի պաշտպանությանն աջակցելու համար ԱՄՆ զինված ուժերը վերջին շաբաթվա ընթացքում տարածաշրջանում են տեղակայել հակադօային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, նշեց նա։ «Այս տեղակայման եւ մեր զորքերի բացառիկ հմտության շնորհիվ մենք օգնեցինք Իսրայելին խոցել մուտքային գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները», – արձանագրվեց Ջո Բայդենի հայտարարության մեջ։

Բայդենն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Իսրայելի վարչապետի հետ, վերահաստատել Վաշինգտոնի աջակցությունը: Իհարկե, ԱՄՆ նախագահը «խստագույն կերպով դատապարտեց» իրանական հարձակումները: Ավելին, լրատվականները հայտնում էին, որ Բայդենն Իսրայելի վարչապետի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակումն անհաջող էր եւ որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Սակայն նշյալ հեռախոսազրույցի վերաբերյալ միջազգային լրատվականներն այլ ուշագրավ տեղեկություններ էլ հրապարակեցին: Մասնավորապես՝ Reuters-ը հաղորդեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցի Իրանի դեմ իսրայելական որեւէ հակահարձակմանը։ «Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնյաները կոչ են արել Իսրայելին չափավոր լինել ցանկացած պատասխանի մեջ»,- պարբերականին հայտնել էին ամերիկացի անանուն պաշտոնյաները։ Իսկ The Jerusalem Post-ը հաղորդեց, որ Իսրայելի ծրագրած պատասխան հարվածն Իրանին վարչապետ Նեթանյահուն չեղյալ է համարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո, քանի որ Բայդենը խնդրել է չպատասխանել Իրանին, չհարվածել Իրանի տարածքին։

Իրանի հարձակումն անմիջապես դատապարտեցին եւ Իսրայելին աջակցություն հայտնեցին Լոնդոնը, Փարիզը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Իրանի հարձակումն Իսրայելի դեմ անխոհեմ էր որակել եւ շեշտել, որ Միացյալ Թագավորությունը «կշարունակի պաշտպանել Իսրայելի անվտանգությունը եւ տարածաշրջանի մեր բոլոր գործընկերներին»։ Պաշտոնական Փարիզը եւս վերահաստատել էր Ֆրանսիայի աջակցությունը: «Նման աննախադեպ գործողությունների դիմելով, Իրանը նոր սահմանագիծ է անցնում իրավիճակի ապակայունացման իր գործողություններում եւ մեծացնում ռազմական էսկալացիայի վտանգը»,- նշել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։ Եվրամիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, հայտարարեց ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. «Սա աննախադեպ էսկալացիա է եւ լուրջ սպառնալիք` տարածաշրջանային անվտանգության համար»։

Թեհրանի գործողություններից ժամեր անց արդեն Վաշինգտոնից ուշագրավ հայտարարություններ հնչեցին: ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ եւ իրավիճակի սրում Մերձավոր Արեւելքում, հայտարարեց Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ակնհայտ է, որ մենք զգոն ենք լինելու տարածաշրջանում մեր ուժերին սպառնացող ցանկացած հնարավոր սպառնալիքի դեմ։ Սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ մենք պատերազմի չենք ձգտում… Մենք չենք ակնկալում էսկալացիա եւ, իհարկե, չենք ակնկալում պատերազմ Իրանի հետ»,- ասել էր նա ABC հեռուստաալիքի եթերում։

Ի՞նչ են ենթադրում «դաշնակցային» հարաբերությունները

Անկախ նրանից, թե առաջիկա օրերին տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ինչ զարգացումներ կհետեւեն անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցած գործընթացներին, Հայաստանի ու մեր պետության դաշնակիցների համար դրանք խիստ կարեւոր իրադարձություններ էին:

Ապրիլի 13-14-ի իրադարձությունների հետագա վերլուծությունը թողնելով մերձավորարեւելյան թեմայի գիտակ փորձագետներին, այնուամենայնիվ, արձանագրենք, որ Իրանի ու Իսրայելի շուրջ իրադարձությունները լրացուցիչ անգամ առիթ են, որպեսզի դիտարկենք, թե ինչպես են երկրները պաշտպանում իրենց շահերը եւ այդ երկրների դաշնակիցներն ինչպես են լծվում այդ երկրի աջակցությանը: Որպես օրինակ` արեւմտյան պետությունների ղեկավարների արագ արձագանքներն ի աջակցություն Իսրայելի:

Ինչպե՞ս Իրանը պատասխանեց իր երկրի դեսպանատան վրա հարձակմանը: Հարձակմամբ, այն էլ` աննախադեպ ձեւով եւ մասշտաբների, սակայն կոռեկտությամբ, առանց պատերազմի հրահրման որեւէ նոր առիթի հնարավոր մեղադրանքի արժանանալու: Նկատելի էր, որ ամեն խոսք հազար անգամ կշռադատված-հաշված է, եւ գիտեն յուրաքանչյուր բառի ու ստորակետի անհրաժեշտ տեղը:

Իսկ ինչպե՞ս է Ռուսաստան պետությունը պաշտպանում իր շահերը, երբ դրանք ոտնահարվում են: Իսկ դա մի պետություն է, որի իշխանություններն այդ երկիրը գերտերություն են համարում:

Քանի՞ անգամ եւ ինչպե՞ս Թուրքիան ու Ադրբեջանը ստորացրեցին ռուսական պետությանը… 2015թ. նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին Թուրքիան ռուսական ՍՈւ-24 ռազմական ինքնաթիռ խոցեց: 2016թ. դեկտեմբերին Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովն Անկարայի պատկերասրահներից մեկում միջոցառման ժամանակ, օրը ցերեկով` տեսախցիկների առջեւ գնդակահարվեց:

2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռային կայանքի կիրառմամբ խոցեցին Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող Ռուսաստանի զինված ուժերի МИ 24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ զոհվեցին, եւս մեկը ստացել էր միջին ծանրության վնասվածքներ։ Պաշտոնական Բաքուն հաստատեց, որ ռուսական ուղղաթիռը խոցել են Ադրբեջանի զինծառայողները, ներողություն հայցեց Մոսկվայից, իսկ ժամեր անց հայտարարվեց 44-օրյա պատերազմի հրադադարի մասին։

Մոսկվան` Սերգեյ Լավրովի ղեկավարած գերատեսչության մակարդակով, թուրք-ադրբեջանական հակառուսական գործողություններն ամեն անգամ երրորդ կողմի «սադրանք» էր համարում, բավարարվում էին` «ներողություն» ընդունելով ու Անկարայի եւ Բաքվի փոխհատուցման պատրաստակամությամբ:

ՌԴ Զինված ուժերը նսեմացնելու մյուս ամենաթարմ օրինակը: 2023թ. սեպտեմբերին Բաքվի «հակաահաբեկչական միջոցառումների ժամանակ» ռուս խաղաղապահների գնդակահարությունն էր: Գնդակահարվեցին ռուս 5 զինծառայողներ:

Պաշտոնապես նախ ասվեց, թե սեպտեմբերի 19-ին Ճանկաթաղ գյուղի մոտ Ադրբեջանի Զինված ուժերի զինվորականները կրակ են բացել ավտոմեքենայի վրա, որում եղել են հինգ ռուս զինծառայողներ։ Բաքուն ներկայացրեց, թե իբր դեպքը տեղի է ունեցել սխալմամբ. «Բարդ տեղանքի եւ մառախլապատ ու անձրեւոտ եղանակային պայմանների պատճառով ադրբեջանական կողմը կարծել է, թե հարվածում են հայկական զինված խմբավորումներին»:

Սակայն ավելի ուշ արդեն, պարզ էր, որ ռուս խաղաղապահների մեքենան պատահաբար չի գնդակոծվել, այն եղել է հստակ ծրագրված գործողություն, իսկ գնդակոծությունը տեղի է ունեցել ցերեկը, այսինքն` թիրախում եղել են ռուս խաղաղապահները: Այս դեպքում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել էր Վլադիմիր Պուտինին, ներողություն խնդրել, եւ այս աղաղակող հանցագործությունը, որը երբեք չէր ներվի որեւէ այլ պետության, որեւէ ձեւով չազդեց պաշտոնական Մոսկվայի դիրքորոշման վրա։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այդ օրերի նիստում, մասնավորապես, Ռուսաստանի ներկայացուցիչը Ստեփանակերտն անվանեց «Խանքենդի» ու ընդգծեց, որ տարածաշրջանում ռուսական խաղաղապահ առաքելության դերակատարմանն այլընտրանք չկա։

Մինչդեռ ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհված 5 խաղաղապահների թվում է եղել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան (գնդապետ), 52-ամյա Իվան Կովգանը, իսկ մյուս չորս զոհված զինծառայողների անուններն անգամ ՌԴ-ն հարկ չհամարեց հրապարակել: Իսկ ավելի ուշ արդեն տեղեկություններ հրապարակվեցին, որ 2023թ. սեպտեմբերին ռուս խաղաղապահները գնդակահարվել են թուրքական հատուկ ստորաբաժանման կողմից:

Սա «գերտերության» կեցվա՞ծք է: Թե՞ այսօրվա պուտինյան Ռուսաստանի «ուժը» միայն «դաշնակից» Հայաստանի վրա է պատում: Ի՞նչ ենք մենք լսում վերջին տարիներին Ռուսաստանից… Միայն «մուննաթներ»:

Ասել, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին, ենթադրում եք, որ պետք է Ռուսաստանը ուղիղ հակահարվա՞ծ տար, անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցրեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները, երբ Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի տարածքի վրա: «…Ես չեմ լսել գեթ մեկ հայտարարություն, որը կարող էր դիտվել որպես ազդակ, որը կասեր, որ Ռուսաստանը հրաժարվում է Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններից»,-ասել է ՌԴ դեսպանը: Իսկ դիտարկմանը, որ եւ Իրանը, եւ ԱՄՆ-ն հայտարարություններ են արել, որով ընդգծում են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, եւ միակ երկիրը, որ նման բան չի ասում եւ չի սաստում Ադրբեջանին, Ռուսաստանն է, Կոպիրկինն արձագանքեց. «Իմ կարծիքով, հրապարակային հայտարարությունները չի կարելի դիտարկել համատեքստից դուրս: Այստեղ չկան իրանցի զինվորականներ, կան ռուս խաղաղապահներ: ՌԴ-ն չի կարող արհամարհել այդ փաստը: Ռուսաստանի համար կարեւոր է, որ իրավիճակը մնա վերահսկողության ներքո, խաղաղ կարգավորման հենքերը չպետք է խախտվեն: Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորություններից չի հեռանում, բայց իր հայտարարություններում եւ գործողություններում ՌԴ-ն պոպուլիստ լինել չի կարող»:

Այսինքն, դաշնակցային պարտավորություններ կատարելը հավասարազո՞ր է «պոպուլիզմի»…

Կոպիրկինից եւս մեկ գնահատական, որը նա հնչեցրել է այս տարի հունվարին. «Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ»:

Այդ դեպքում ի՞նչ է ենթադրում հարաբերությունների «դաշնակցային բնույթը»: Հայաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ հարաբերություններում շարունակական եւ քրոնիկ կերպով դավադրություններ փնտրե՞լը, այդ համագործակցության տարբեր դրսեւորումներն ընդդեմ Ռուսաստանի շահի ներկայացնե՞լն ու Հայաստանին դավաճան որակե՞լը: Սա՞ է այսօրվա ՌԴ-ի միակ «պարտականությունը»:

Այս տարի մարտին 24News-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է` Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն արժե հարցնել այս երկրի իշխանություններին՝ արդյոք նրանք դա ուզո՞ւմ են։ «Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտականություններից, որոնք ստանձնել է համաձայնագրերով։ Մեր բոլոր հրապարակային հայտարարությունները նշված հարցը կասկածի տակ դնելու առիթ չեն տալիս։ Ես ինքս եմ ուզում հարց տալ՝ ոչ բարեկամական հայտարարություններն (Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից հնչող) ի՞նչ նպատակ են հետապնդում։ Ամեն դեպքում, անհրաժե՞շտ է, որ Ռուսաստանը կատարի իր պարտականությունները, թե՞ պետք է ստեղծել մի իրավիճակ, որ նա չկատարի այդ պարտականությունները։ Ակամայից այս հարցն է առաջանում, նախկինում չէի էլ մտածի այս մասին, իսկ հիմա պետք է»,- նշել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ն կկատարի՞ իր պարտականությունները Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում։

Ու այսպես շարունակ, մենք միայն «մուննաթներ» ենք լսում՝ «ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, որ չի անում Հայաստանի համար», «ի՞նչ կարող ենք անել Հայաստանի փոխարեն», «ռուսները չեն կարող հայերից ավելի հայ լինել» եւ այլ անհեթեթություններ: Հայաստանում ոչ ոք Ռուսաստանից չի ակնկալել ու չի ակնկալում որեւէ բան, որը նրա պարտավորությունը չէ, առավելեւս` Հայաստանի «փոխարեն»: Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը վկայում է այն մասին, որ ՌԴ-ն նույնիսկ իր երկրի «փոխարեն» է կաշկանդված գործել ու պատասխանել ընդդեմ ռուսական շահի հստակ գործողությունների:

Պարզապես, անհասկանալի է, թե ռուսաստանյան այսօրվա իշխանական վերնախավում` «ռազմավարական դաշնակցի հանդեպ ստանձնած պարտավորությունների» մասով, առհասարակ, ինչ-որ պատկերացումներ գոյություն ունե՞ն, թե` ոչ, բացի` Հայաստանի ու Արեւմուտքի հարաբերություններից սեւեռված դժգոհելը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 16.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930