Այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Aravot.am-ի հետ զրույցում մի քանի հարցից հունից դուրս եկավ, սկսեց ԱԺ միջանցքում բղավել, գոռգոռալ ու վիրավորել:
Նախ, նրան հարցրեցինք՝ դուք պատմակա՞ն Հայաստանի պատգամավոր եք, թե՞ իրական եւ ինչպե՞ս եք ընդունում այդ հակադրությունը երկու Հայաստանների: Ի պատասխան՝ նա ասաց, թե ինչի՞ եք լրագրող աշխատում, լրագրող շատ կա. «Ես կուզենայի, որ դուք բանակում լինեիք, որ մենք պատմական հայրենիքը դարձնեինք իրական…Մենք պատմության ընթացքում շատ սխալներ ենք արել, դրա համար էլ 3 մլն ենք»:
Հաշվի առնելով, որ երեկ հանրային տրանսպորտում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպ էր եղել, քաղաքացիներից մեկը՝ Սամվել Վարդանյանը նրան անվանել էր «հակահայ վիժվածք» եւ անմիջապես ձերբակալել են՝ խուլիգանության համար, հարցրեցինք, թե ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու դեմքին թքելը խուլիգանություն չգնահատվեց, քաղաքացու բորբոքվելը՝ գնահատվեց, օրենքի առաջ բոլորը հավասա՞ր են, թե՞ Օրուելի իրականությունն է՝ կան «ավելի հավասարներ»՝ նա պատասխանեց. «Քաղաքական նպատակներով, որպեսզի գան իշխանության ու նորից կրթության մաման լացացնեն ու մնացած ինստիտուտների հերը լացացնեն, հերն անիծեն, այ դրանք իհարկե կարան փողոցում ձեզ էլ վիրավորեն, կարան ձեր մազերից էլ քաշեն, ցանկացածին էլ, որովհետեւ ինքը էդ մոլուցքն ունի, իրան պետք է իշխանություն վերցնի, պաշտոն ունենա: Բա էդ պաշտոն ունեցողները տասնյակ տարիներ պաշտոն են ունեցել, կրթության որակը գնացեք նայեք, տասնյակ տարիներ ո՞վ է կառավարել կրթությունը, ո՞ւր է այդ կրթական համակարգի արդյունքը: Մի հատ գնացեք հարցրեք, շատերը որ գումարներ են տալիս թերթին, մնացած կայքերին որտեղի՞ց են էդ գումարները տալիս…Գրագետ մարդը հասկանո՞ւմ է, որ պատգամավորի ձեռքը շատ քիչ բան կա, պատգամավորից ի՞նչ են ուզում: Օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, ոչ թե ավելի հավասար»:
Թե ինչո՞ւ չենք տեսնում այդ հավասարությունը՝ Սուքիասյանն ասաց. «Ես չգիտեմ դուք ինչի մասին եք, խոսում, օրինակ ես կյանքում ինձ թույլ չեմ տալիս օրենք խախտեմ, ես չեմ ուզում օրենք խախտեմ, որովհետեւ հենց խախտեմ, ես կորակազրկվեմ եւ մնացածին էլ եմ խորհուրդ տալիս օրենք չխախտել: Օրենք մի խախտեք, տեսեք դուք ինչքան ավելի վստահ կապրեք»:
Կարդացեք նաև
Երբ ասացինք՝ բայց քաղաքացիները այլ համոզում ունեն, որ Խաչատուր Սուքիասյանը թալանել է, հարկեր չի վճարել՝ Սուքիասյանը բորբոքվեց ու հունից դուրս եկավ. «Ամենամեծ թալանչին դուք եք, ձեր ղեկավարն ա, ձեր ամբողջ էդ կազմն ա, որովհետեւ ուրիշ տեղերից ձեզ գումարը տվել են, դուք ոչինչ չեք վաստակել, բոլորի վրա ինչ ասես գրել եք ու ապրել եք ու մտածել եք ըտենց հեշտ կարաք ապրեք: Հեշտ չի ապրցվում»:
Թվում էր, թե լրագրության մասին պարոն Սուքիասյանի պատկերացումները այսքանն էին, փորձեցինք բացատրել, որ որեւէ մեկից գումար չենք վերցնում, աշխատավարձով մեր մասնագիտական գործն ենք անում՝ Սուքիասյանը սկսեց բղավել, թե 30 տարի ամեն ինչ գիտի, բոլորին լավ ճանաչում է, սկսեց ձեռքերը թափահարել ու ասել. «Թալանչին դո՛ւք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են, ձեր ղեկավարն ա: Բա դուք ո՞ւմ եք թալանչի ասում, գնացեք մի հատ տեսեք՝ ձեզանից լավ թալանչի կա՞ ձեր շրջապատից: Բա դուք որ թալանչի չլիեիք, էսօր էս երկիրը էս վիճակի՞ կլիներ: Դուք ձեր ամբողջ ցեղով, ձեր բարեկամներով, ձեր շրջապատով, ձեր մամուլով որ հավաքվեք, եթե իմ 10% գիտելիքները բիզնեսի, տնտեսության կիմանաք, ես ինձ չգիտեմ ինչ կանեմ:
Հիմա դուք ուզում եք, որ դուք լա՞վ ապրեք, չե՛ք կարա, ե՛ս պետք ա լավ ապրեմ, որովհետեւ էդքան բան գիտեմ: Իսկ դուք չգիտեք, դուք մենակ կարաք խառնակչություն անեք, ասեք՝ ցեղասպանություն է եղել…Դուք էդ եք, դուք չեք կարա ուրիշ ձեւ մտածեք, դրա համար էլ չեք կարում լավ ապրեք: Որ լավ ապրեք, արդեն կսկսեք ավելի հանգիստ լինել: Լավ ապրելու համար գիտելիք ա պետք, տանջվել ա պետք, չարչարվել ա պետք…
Լսե՛ք բա ձեր թերթին ո՞վ ա ֆինանսավորել, լավ ապրողները, կարո՞ղ ա հերդ ա բերել տվել էդ գումարը: Ուրիշնե՞րն են չէ՞ բերել տվել, ձեր հերը չի տվել: Տվել ա մյուսը, էն մյուսը, ով որ փող ա աշխատել ու տվել ա՝ ձեր նմաններն էլ աշխատավարձ են ստացել, էդ իմացեք: Եթե չէ, գնացեք ձեր ղեկավարին հարցրեք, ասեք՝ պարո՛ն ղեկավար, որ ԿԳԲ-ից քեզ փող էին տալիս տարիներ շարունակ, ինչի՞ էին տալիս, որ սուտ գրեին, որ մարդկանց վրա կեղծիքներ անեին: Գնացեք հարցրեք:
Էդ թերթը ես եմ ֆինանսավորել, ինձանից հետո վերցրել են, տվել են ԱԱԾ-ին, էնտեղից են ֆինանսավորել ձեզ, որ դուք խառնեք էս երկիրը: 94-ին ձեր թերթը ես եմ սկսել ֆինանսավորել, ինձ խնդրել են՝ տվել եմ գումարը: Կառլոս Պետրոսյանին հիշո՞ւմ եք, ջղայնացել էր ձեր վրա»:
Փորձեցինք բղավոցների տակ բացատրել՝ որեւէ մեկին իրավունք չի տրված այդպես իրեն պահել լրագրողի հետ, բղավել ու վիրավորել՝ Սուքիասյանը շարունակեց, թե՝ «փողը ստացել ես մի տեղից, որը մուտիլովկի համար են տվել», «կարող ա մարդասպաններն են ձեր փողը տվել, գնացեք ձեր ղեկավարից հարցրեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լսիր, միգուցե քեզ քծնել են ու քո աշխատողները քեզ «բարեգործ» են անվանել և քեզ էդ բառը շատ դուր է եկել, բայց իմացիր, որ դու անհիշելի ժամանակներից թալանչի ես եղել, դեռ դրան էլ գումարած՝ այսօր էլ հանդիսանում ես հայրենիք հանձնողների թայֆայի կարկառուն ներկայացուցիչը: Դու բացի քո փողերդ, ուրիշ պաշտանմունք չունես և ձևեր մի թափի, թե վիրավորվում ես, երբ քեզ թալանչի են անվանում, դա քեզ շատ հոգեհարազատ բառ պետք է լինի, որովհետը քո ետևից էդ բառը շատ են գոռացել: