Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերձավոր Արևելքի՝ առանց այդ էլ անհանգիստ ջրերում ևս մեկ պատերազմը չափազանց մեծ կլինի համաշխարհային անվտանգության և այնտեղ ապրող մարդկանց համար»․ Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Ապրիլ 16,2024 19:44

«Իմ խորին համոզմունքն այն է, որ Մերձավոր Արևելքի՝ առանց այդ էլ շատ անհանգիստ ջրերում ևս մեկ պատերազմը չափազանց մեծ կլինի համաշխարհային անվտանգության և այնտեղ ապրող մարդկանց համար»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ խորհրդարանականների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին չի մասնակցում ադրբեջանական պատվիրակությունը։ ԵԽԽՎ-ն իր ձմեռային նստաշրջանում չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը: Պատճառները հիմնականում երկուսն էին՝ Լաչինի միջանցքի փակումը եւ Արցախի հայ բնակչության փաստացի վտարումը: Ադրբեջանի պատվիրակներն, այսպիսով, առնվազն մեկ տարի չեն մասնակցի ԵԽԽՎ նիստերին:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի քննարկման կարևոր թեմաներից են ԵԽ-ին Կոսովոյի անդամակցության դիմումի քննարկումը և այս հարցով քվեարկությունը․ Ալեքսանդր Նավալնիի մահվան հարցն ու Ուկրաինայի աջակցության վերականգնման թեման։

Հարցուպատասխանի ընթացքում ԵԽԽՎ Պահպանողականների քաղաքական խմբի խոսնակ Զոլտ Նեմեթը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին հարցրեց՝ ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը խաղաղությանը սպառնացող Իրանի սպառնալիքի վերաբերյալ։ Իսկ ի՞նչ եք կարծում, ԵԽ-ն ինչպե՞ս կարող է նպաստել Մերձավոր Արևելքում պատերազմի սրման կանխմանը, ԵԽ գլխավոր քարտուղարը հիշեցրեց՝ դատապարտել է Իրանի հարձակումը  Իսրայելի վրա ու ասաց․ «Լինելով տարածաշրջանային, եվրոպական կազմակերպություն, բացի երկխոսության, խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների վրա աշխատելուց աշխարհի այս մասի հետ, ես ավելին չեմ տեսնում, որ Եվրոպայի Խորհուրդը կարող է անել: Այն, ինչ կատարվում է այնտեղ, իհարկե, սարսափելի է։

Ունենք պատերազմ Ուկրաինայում, որտեղ նույնպես սարսափելի իրավիճակների ականատես եղանք։ Կարծում եմ, որ Իրանի հետ պատերազմի ընդլայնվելու դեպքում դա կհանգեցնի համընդհանուր պատերազմի։ Այնպես որ, հուսով եմ՝ դա կդադարի, և բանակցություններն ու երկխոսությունը կհաղթեն։ Մենք չենք կարող այս հարցով բանակցություններ վարել, բայց այն, ինչ մենք կարող ենք անել և ինչ անում ենք, այն է, որ այս ամենն իր ազդեցությունն ունի մեր հասարակությունների վրա։ Եվ այստեղ է, որ ԵԽ-ն ասելիք ունի, և այստեղ է աշխատում Եվրոպայի խորհուրդը: Ես հատուկ ներկայացուցիչ ունեմ հակասեմական, հակամահմեդական և այլ կրոնական հանցագործությունների գծով, որն աշխատում է այդ ուղղությամբ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) ունի երկու քաղաքական ուղեցույց հակասեմիտիզմի և հակամահմեդական ատելության վերաբերյալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930