Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանը եւ Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ապրիլ 16,2024 18:20

ԻԻՀ դեսպանատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Իրանը հայտարարել է, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներգրավվածությանը տարածաշրջանում, արդյոք Իրանը Ռուսաստանը դիտարկո՞ւմ է որպես արտատարածաշրջանային ուժ՝ ելնելով  այն իրողությունից, որ Ռուսաստանն այս տարածաշրջանի երկրներին սահմանակից չէ, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսպես արձագանքեց. «Եթե դուք դիտարկեք աշխարհագրությունը, այդտեղ շատ հստակ երեւում է, որ Իրանը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ունի ընդհանուր սահման, Թուրքիան՝ Հայաստանի եւ Վրաստանի հետ ունի սահմանը, Ռուսաստանը՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:

Եթե արտատարածաշրջանային ուժերի մասին ենք խոսում, խոսքը վերաբերվում է օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներին, որոնք գալիս են այստեղ եւ փորձում են այս տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել»:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, դեսպանն ասաց, որ այդ երկիրը Կովկասի հետ սահման ունի եւ արտատարածաշրջանային չի համարվում:

Մեկ այլ հարցի՝ արդյոք ԵՄ դիտորդները, ԵՄ անդամ երկրները  իր նշածների շարքո՞ւմ են, այսինքն այն երկրների, որոնք փորձում են տարածաշրջանի ժողովուրդների համար որոշումներ կայացնել, Մեհդի Սոբհանին այսպես պատասխանեց. «Այո, որոշ եվրոպական երկրներ եւ ԱՄՆ-ը…Սրանից ավելի թափանցիկ պատասխա՞ն եք ակնկալում»:

ԻԻՀ դեսպանին ուղղված  հնչեց  նաեւ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելյան հանդիպման մասին, լրագրողը խնդրեց հստակեցնել Թեհրանի դիրքորոշումը եւ հետաքրքրվեց, թե ինչպես է անդրադառնում հայ-իրանական հարաբերությունների վրա Հայաստանի մերձեցումը արեւմուտքի հետ:

«Այս հարցի հետ կապված մենք Հայաստանի իշխանությունների հետ խոսել ենք: Մեզ ասել են, որ այդ հանդիպումն ամբողջովին տնտեսական բնույթ է կրում, նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է: Հայաստանի իշխանությունը մեզ տեղեկացրել է, որ այդ հանդիպումը որեւէ երրորդ երկրի դեմ չէ:

Ասել են, որ սա զուտ Հայաստանի տնտեսությունն ամրապնդելու եւ մարդասիրական օգնություն եւ  Ղարաբաղի փախստականների համար աջակցություն ստանալու նպատակով էր: Բնականաբար, Հայաստանի ջանքերը, որ ուղղված են տնտեսության զարգացմանը եւ Ղարաբաղից տեղանված ժողովրդի խնդիրները լուծելուն, այն հարցը չէ, որին մենք դեմ կարող ենք լինել»,-ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպանը:

Նրա խոսքով. «Հայաստանի իրավունքն է իր տնտեսության զարգացման համար ուղիներ փնտրելը եւ խնդիրները լուծելը: Մեր մտահոգությունն այն է, որ Հայաստանը եւ Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտի, կամ Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի՝ ի հաշիվ այլ երկրների: Հայաստանի իշխանությունները մեզ տեղեկացրել են, որ արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացումը Հայաստան-Իրան հարաբերությունների դեմ չէ: Մենք Հայաստանի հետ ունենք լավ ստրատեգիական հարաբերություններ, եւ տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930