ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Մի քանի դիտարկում ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսի վերաբերյալ։ Ասուլիսի հիմնական շեշտը Մերձավոր Արևելքի զարգացումներն էին, բայց որոշ դրվագներ հետաքրքրական են հենց մեր տարածաշրջանի տեսանկյունից։ Դեսպանի ձևակերպումները շատ դիվանագիտական էին, բայց ես կփորձեմ ներկայացնել դրանք ավելի պարզ լեզվով։
Դեսպանը իր խոսքում հիշեցրեց, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ադրբեջանը մեր դեմ կռվել է իսրայելական զենքով։ Հետո, մեկ այլ հարցի շրջանակներում խոսեց այն մասին, որ Իսրայելը նպաստում է տարածաշրջանի, ինչը պետք է հասկանալ հենց Ադրբեջանի միլիտարիզացմանը՝ խնդիրներ ստեղծելով խաղաղության կառուցման ճանապարհին։ Իմ կողմից հիշեցնեմ, որ Ադրբեջանն ապահովել է Իսրայելի մուտքը տարածաշրջան, ինչի հետևանքով, ըստ որոշ տեղեկությունների, Իսրայելը ռազմական ներկայություն է ձեռքբերել Իրանի քթի տակ։
Դեսպանին հարց տվեցին Իրանի կարմիր գծերի մասին, ինչից նա զարմացավ՝ ասելով, որ դրանք անփոփոխ են, ավելին՝ դրանք հնչել են հոգևոր առաջնորդի շուրթերից, այսինքն՝ քննության ենթակա չեն։ Դեսպանի զարմանքը հասկանալի է, բայց մյուս կողմից՝ հասկանալի է Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցը, քանի որ նա աշխատում է մի երկրում, որի քաղաքական ղեկավարությունը զուրկ է որևէ կարմիր գծից, դրա համար էլ հաճախ հարցնում են, թե արդյոք այլոք ևս կարող են կարմիր գծերից հրաժարվել, պարզվում է, որ ոչ՝ առնվազն Իրանը հաստատակամ է իր կարմիր գծի հարցում։
Կարդացեք նաև
Անկեղծ ասած՝ լրագրողները կարող էին շատ ավելի լավ պատրաստվել ու կարևոր հարցեր հնչեցնել։ Ինչևէ, խորհուրդ կտամ լսել ասուլիսը, այն հետաքրքրական է նաև դիվանագիտությամբ ու տարածաշրջանով զբաղվողների համար։