Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ամենահավակնոտ ու նշանակալից նախագիծն է». Երվանդ Քոչարի «Ընդվզումը» վերարտադրվել է Պուշկին 62 շենքի վրա

Ապրիլ 16,2024 17:52

Երվանդ Քոչարի «Ընդվզումը» աշխատանքի վերարտադրությունն արդեն կարելի է տեսնել Երեւանի սրտում՝ Պուշկին 62 բարձրահարկ շենքին։ Նկարի վերարտադրությունն իրականացրել է իտալացի նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեն, որը քաջ ծանոթ է Քոչարի արվեստին: Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացված նախագիծը նվիրված է մեծանուն արվեստագետի ծննդյան 125-ամյակին։

 

Aravot.am-ի հետ զրույցում Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մուրալ նախագծի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանը նշեց. «Սա Երեւան քաղաքում իրականացված արդեն երրորդ մուրալն է: Նաեւ ամենահավակնոտ ու պատմամշակութային տեսանկյունից ամենանշանակալից նախագիծն է, քանի որ նվիրված է Երվանդ Քոչարի հոբելյանին: Ես կարեւորում եմ 3 կարեւոր բաղադրիչ՝ այս նախագծի արդյունավետության գործակցի առումով: Առաջինն այն է, որ եւս մեկ անգամ մեծարում եւ հիշում ենք մեր մեծանուն արվեստագետին՝ արդեն իսկ նոր ժամանակներում ընդունված կերպարվեստի ուղղությունը՝ մուրալն օգտագործելով:

Պետք է խոստովանել, որ սերունդն այդքան հաճախ չի այցելում թանգարաններ, իսկ սա լավագույն օրինակն է, որ նոր սերնդի մտածելակերպին հարիր արվեստով ներկայացնենք մեր դասականին:

Երկրորդն այն է, որ եւս մեկ անգամ միջազգայնացրինք Երեւան քաղաքի մշակութային կյանքը, հրավիրեցինք Իտալիայից ճանաչված մուրալիստ, նկարիչ Ֆաբիո Մարիա Ֆեդելեին, որն իրականացրեց այս նախագիծը, ու մենք ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ ցույց տվեցինք մեր մշակութային կապերը՝ մասնավորապես Իտալիայի հետ:

Իսկ երրորդ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ Երևան քաղաքն այլեւս ունի այս հետաքրքիր մշակույթը, որը ժառանգելու է սերունդներին»,- նշեց մեր զրուցակիցը:

«Շատ դժվար եւ ծանր աշխատանք է իրականացվել, ընդգրկված էր բավականին մեծ քանակությամբ ծանր տեխնիկա, եւ նկարչի կողմից էլ բավականին քրտնատանջ աշխատանք է կատարվել, որպեսզի փոքրի չափերով բնօրինակը վերարտադրվի 10 հարկանի շենքի վրա, ինչը փայլուն հաջողվել է: Մուրալը համեմատելով բնօրինակի հետ՝ հասկանում ենք, որ կատարող նկարիչը տիրապետում է իր մասնագիտության ամենաբարձր մակարդակին:

Նշեմ, որ այս նախաձեռնությունը չէր կարող կյանքի կոչվել, եթե Հայաստանում Իտալիայի դեսպանության եւ անձամբ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի կողմից չլիներ մեծ աջակցություն: Կարծում եմ, որ մենք հետագայում էլ կարող ենք ավելի հետաքրքիր նախաձեռնություններ իրականացնել դեսպանության հետ համատեղ: Շատ կարեւոր եմ համարում պարոն դի Ռիզոյի մոտեցումը ժամանակակից կերպարվեստի զարգացմանն ուղղված: Ուզում եմ շեշտել նաեւ Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ գործարար եւ արվեստասեր Վահագն Գրիգորյանի աջակցությունը»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Մեր զրույցի ընթացքում Դավիթ Խաչատրյանը նաեւ նշեց, որ նախագծվի վերաբերյալ տեւական ստեղծագործական քննարկում են իրականացրել Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի հետ, եւ ուրախ է, որ այժմ թանգարանի սպասելիքներն արդարացվել են՝ թե նկարչի ընտրության, եւ թե նրա մասնագիտական հմտությունների առումով:

Նաեւ հավելեց, որ մուրալում օգտագործված է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքի ճակատից վերցված կամարը. «Երվանդ Քոչարը ժամանակին դասավանդել է Մուրադ-Ռաֆայելյանում, դրա համար մտածեցինք, որ շատ խորհրդանշական կլինի այդ շենքի ճարտարապետության մի հատվածը սինթեզելը Քոչարի 1930թ նկարած «Ընդվզում» ստեղծագործության հետ»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Դավիթ Խաչատրյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930