ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում մինչեւ վարչապետի կնոջ հետ գործարար տիկնանց թանկարժեք ընթրիքին անդրադառնալը՝ շնորհավորեց Հայաստանի մարզիկներին՝ նշելով, որ չնայած «դժբախտ եւ դժգույն» այս իշխանություններին, կարողանում են բարձր պահել Հայաստանի պատիվը:
«Դա միակ դաշտն է, որտեղ մենք այսօր արձանագրում ենք մեր իրական դեմքը, ցույց ենք տալիս մեր իրական էությունը: Ու չնայած այսօր իսկապես մեր կյանքը դժգույն է այդ տիկնանց առումով, կցանկանամ, որ բոլորս պարծենանք մեր մարզիկներով, որոնք կարողանում են ապացուցել, որ կա Հայաստան, կա հաղթական Հայաստան: Եվ մեր մարզիկները նաեւ մեզ օրինակ են ցույց տալիս»,-ասաց տիկին Ալավերդյանը:
«Ես ողջունում եմ հաղթական Ոսկեպար շարժումը, ցանկացած այն մարդուն, որը ցույց է տալիս, որ չի կարող անհայրենիք, անամոթ որեւէ խումբ, որը, ցավոք սրտի, մեր վարչակազմն է, իշխել շարունակ եւ անվերջ: Չարի վերջը միշտ գալիս է»,- արձանագրեց տիկին Ալավերդյանը եւ մատնացույց անելով խրախճանքի մասնակից կանանց՝ ասաց, որ նրանք այսօր էլ դժբախտ են: «Դա դժբախտ կանանց ցուցադրություն է: Նրանք դժբախտ են այն պատճառով, որ գիտեն, թե ինչ են անում: Այնտեղ եղել է 44 կին: Եվ նրանք ցույց են տալիս, որ նշել են թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարչախմբի հաղթանակը հայ ազգի նկատմամբ: Ես համոզված եմ, որ դա դրված էր որպես նպատակ եւ դա պետք է ցույց տար, որ իրենք ամեն օրը նշում են այդ ձեւով:
Ես ուզում եմ, որ դուք մտածեք ձեր երեխաների ապագայի մասին, որ դուք՝ ծնողներդ, մտածեք, որ ձեր երեխաներին ի կեր չտաք թուրք-ադրբեջանական ցեղասպաններին եւ նրանց սպասարկող վարչակազմին»:
Կարդացեք նաև
Տիկին Ալավերդյանը մեկ անգամ եւս ընդգծեց իր համոզմունքը առ այն, որ անկիրթ են այն մարդիկ, որոնք Արցախը ճանաչել են ռեստորանների անուններով: Նաեւ նրանք, որոնք ցույց են տալիս, թե սովորել են արտերկրում: Նա երբեք նմաններին չի մեղադրել իրենց դավանանքին դավաճանելու մեջ, որովհետեւ այդպիսիք ունեին ամբողջովին Արցախը ցեղասպան Ադրբեջանին հանձնել-բռնակցելու դավանանքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ