«Երեւանում եվրոպական երկրների դեսպանատներից որոշները Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի եւ թյուր դիրքորոշումն են տարածում Հայաստանում՝ հայերեն եւ պարսկերեն լեզուներով թվիթերի միջոցով: Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքականության ազդեցությանը եւ Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում: Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունը եւ չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ»,- Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում կայացած ասուլիսում նշեց Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանի խոսքով. «Հայաստանում գիտեն, որ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, եւ որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով: Մի փորձեք մաքրագործել այս ռեժիմին: Կեղտոտ թաշկինակը չի մաքրում ապակին: Երկակի չափանիշների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում կայունություն բերել, ձեր պահվածքը եւ չարագործ ռեժիմին ձեր անտրամաբանական աջակցությունը բացարձակ չարիքը սովորական երեւույթ է դարձնում:
Եթե կայունություն եք փնտրում, ազնիվ եղեք: Ահաբեկչությունը լավ կամ վատ չի լինում: Ընտրովի մոտեցումը խրախուսում է սիոնիստական ռեժիմի արկածախնդրությունը եւ տարածաշրջանը տանում պատերազմի»:
Նա նաեւ ընդգծեց. «Իրանի քաղաքականությունը հիմնված է խաղաղության եւ բարեկամության առանցքի վրա: Տարածաշրջանին եւ աշխարհին ուղղված մեր ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության, անվտանգության եւ առաջընթացի մասին է: Հարեւանության քաղաքականությունը Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է: Մենք մեր հարեւանների անվտանգությունը համարում ենք մեր անվտանգությունը»:
Կարդացեք նաև
Դեսպանն իր խոսքն ավարտեց «կեցցե Հայաստանը, կեցցե Իրանը» նախադասությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ