«Այսօրվա հանդիպումը նվիրված է արեւմտյան Ասիայում տեղի ունեցող զարգացումներին եւ սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայում մեր դիրքերի եւ Դամասկոսում մեր հյուպատոսության վրա ռազմական հարձակումների նկատմամբ Իրանի արձագանքին: Վերջին մի քանի ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմը բազմիցս ահաբեկչական գործողությունների ընթացքում հարձակվել է Սիրիայում ԻԻՀ դիրքերի վրա եւ թիրախավորել մի շարք իրանցի ռազմական խորհրդատուների: Մենք բազմիցս զսպվածություն ենք ցուցաբերել, որովհետեւ չենք ձգտում մեծացնել լարվածությունը արեւմտյան Ասիայում»,-այսպես սկսեց իր ասուլիսը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
Դեսպանի խոսքով. «Կարծես թե սիոնիստական ռեժիմը սխալ ազդակներ է ստացել այս դիրքորոշումից: Այն երկու շաբաթ առաջ իր վերջին քայլով ԱՄՆ-ի արտադրության հրթիռներով հանդուգն հարձակում գործեց Դամասկոսի մեր դեսպանատան վրա, որն իրականում հարձակում էր միջազգային կոնվենցիաների եւ միջազգային իրավունքի դեմ: Արդյունքում մեր 7 ռազմական խորհրդատուները, որոնք ունեին պաշտոնական դիվանագիտական անձնագիր եւ հրավիրվել էին Սիրիայի կառավարության կողմից, նահատակվեցին:
Տարածաշրջանում լարվածության եւ պատերազմի տարածումը կանխելու նպատակով մենք կոչ արեցինք շտապ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, սակայն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Անգլիայի խոչընդոտների պատճառով, ցավոք, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնիսկ ագրեսիան եւ անգամ անձեռնմխելիություն ունեցող վայրերի վրա հարձակումները դատապարտող հայտարարություն չհրապարակեց, իսկ միջազգային իրավունքի ու Ազգերի խարտիայի սկզբունքները անտեսվեցին, հերթական անգամ դրսեւորվեցին արեւմտյան երկրների երկակի չափանիշները: Մենք 10 օր սպասեցինք դիվանագիտական ջանքերին՝ դատապարտելու եւ սիոնիստական ռեժիմի դեմ պատժիչ միջոցները դիտարկելու համար: Տարօրինակ է, որ նույն արեւմտյան երկրները` շարունակական կապի դուրս գալով մեզ հետ, չդատապարտելով սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային կանոնների խախտումը՝ զսպվածության կոչ էին անում մեզ»:
Դեսպան Սոբհանին հավելեց. «Բնական է, որ միջազգային համակարգի անգլուխ աշխարհում, երբ միջազգային կազմակերպություններն անտեսում են մյուս անդամների իրավունքները, իսկ հզորներն աչք են փակում, պետք է հույսդ դնես միայն քեզ վրա եւ պաշտպանես սեփական շահերդ ու անվտանգությունդ: Իրանն այլ ելք չուներ, քան իր շահերը պաշտպանելը: ԻԻՀ զինված ուժերը կիրակի առավոտյան գործողություններ են իրականացրել օկուպացված տարածքի ներսում գտնվող թիրախների նկատմամբ, ընդ որում՝ մեր հարձակումները սահմանափակ էին եւ ուղղված միայն այն կենտրոնների վրա, որտեղից սկիզբ էին առել մեր եւ Դամասկոսում՝ մեր դեսպանատան դեմ իրականացված ռազմական հարձակումները»:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, ի տարբերություն «մանկասպան սիոնիստական ռեժիմի», իրենք քաղաքացիական կենտրոններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, համալսարաններ, դպրոցներ եւ հասարակ քաղաքացիների չեն թիրախավորել. «Գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի հռչակագրի 51-րդ հոդվածի եւ պաշտպանության մեր օրինական եւ ի ծնե տրված իրավունքի հիման վրա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ