Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն այսօր ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Կոնսերվատորիան «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու նախաձեռնության մասին։
«Կոնսերվատորիան Թամանյանի նախագծով Երեւանի առանցքային շենքերից մեկն է, ձեր դիրքորոշումը ո՞րն է այն «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին»,-հետաքրքրվեց Ավետիսյանը։
Ի պատասխան՝ Ավինյանն ասաց․ «Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Հետագա քննարկումներն այն մասին էին, որ ինչպես այլ բուհեր, միգուցե որեւէ փուլում նաեւ Կոնսերվատորիան պետք է տեղափոխվի։ Ես կդժվարանամ որեւէ մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ՝ արդյոք Կոնսերվատորիան էլ պետք գնա, թե ոչ»։
Ավինյանն ասաց, որ մասնագիտական խումբ կա, որը զբաղվում է այդ հարցով, դրանում ընդգրկված են բոլոր համալսարանները․ «Ես պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, պոլիտեխնիկն էլ պոտենցիալ այդ համալսարաններից մեկն է, «Ակադեմիական քաղաքում» իր տեղը պետք է ունենա ապագայում։ Ես կարծում եմ՝ եթե բարեհաջող ընթանա «Ակադեմիական քաղաքի» ծրագիրը, բավականին հետաքրքիր ծրագիր է, միջազգային մասնագետների կողմից նախագծված: Հիմա կդժվարանամ ասել, թե որ համալսարանը պետք գնա, որը՝ ոչ, բայց ընթացքում հնարավորությունը մեծ է լինելու բոլոր համալսարանների համար, կարծում եմ՝ հետագայում այդ համալսարաններն իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել»։
Կարդացեք նաև
Աննա Ավետիսյանն արձագանքեց՝ Կոնսերվատորիան այն բուհը չէ, որ կարելի է տեղափոխել, պետք է ականջալուր լինել հենց երաժիշտ մասնագետներին․ «Կոնսերվատորիան տեղափոխելը նշանակում է փաստացի փակել, իսկ Կոնսերվատորիայի շենքը նախագծված է եղել իր բուն նպատակի համար, տեղափոխելով իմաստը կորում է; Այս հարցով ի՞նչ եք պատկերացնում, դրա տեղում ի՞նչ պետք է լինի»։
Ի պատասխան քաղաքապետն ասաց՝ սա քաղաքապետարանին ուղիղ չվերաբերող հարց է։ Նա առաջարկեց հարցը քննարկել այլ ֆորմատով, քննարկումներ ծավալել համապատասխան նախարարության հետ․ «Մենք էլ կարող ենք քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում լսումներ կազմակերպել՝ եթե կարիք կա՝ ուրախ կլինենք աջակցել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ