«Պարոն Ավինյան, դուք ձեզ այսօր պահում եք ճիշտ այնպես, ինչպես բողոքի ցույցի ժամանակ քաղաքացիների հետ խոսելիս՝ բավականին ոչ կոռեկտ, եւ ինչպես դուք եք ասում՝ ապշեցուցիչ։ Ապշեցուցիչն այն է, որ դուք դեռ Երեւանի քաղաքապետն եք»,-այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդհատեց Երիցյանին, հիշեցրեց՝ քննարկվում է քաղաքապետարանի աուդիտի վերաբերյալ հարցը, հարցերն ու ելույթները պետք է լինեն միայն աուդիտի մասին։
Երիցյանն էլ արձագանքեց՝ աուդիտի վերաբերյալ ասեմ․․․
Ավինյանը դարձյալ ընդհատեց՝ վերջ, էլ մի ասեք։
Կարդացեք նաև
«Կանոնակարգի ո՞ր կետով եք ընդհատում։ Ժողովրդավարական բաստիոնում անջատում եք ավագանու անդամների միկրոֆոնները»,-արձագանքեց Երիցյանը։
«Պարոն Երիցյան, ավտոկրատիա, խայտառակություն»,-հեգնեց Ավինյանը։
Երիցյանը պնդեց, որպեսզի միացնեն իր բարձրախոսը, սակայն այն չմիացրեցին։
«Էս պահվածքը ձեզ ի՞նչ է տալիս, ձեզ թվում է՝ քաղաքական դիվիդենտ եք հավաքում էս պահվածքով, բացի մարդկանց մոտ տհաճությունից բացի, ու ոչ միայն ձեր նկատմամբ, մեր ընդհանուր այս ինստիտուտի նկատմամբ, ուրիշ բան չեք ձեւավորում»,-ասաց Ավինյանը։
Ապա «Մայր Հայաստանից» Մեսրոպ Մանուկյանն էլ հայտարարեց՝ Երեւան քաղաքը կարիք ունի խիստ աուդիտ իրականացնելու, որովհետեւ նախ պետք է ստուգվի եւ աուդիտի ենթարկվեն վարչական շրջանների ղեկավարների անհասկանալի ծախսերը․ «Որպես վառ օրինակ՝ հրատապ խնդիրների լուծման ծախսերը, որն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է իրականացնում՝ մեկ անձից մի քանի տարի շարունակ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ