«Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը: Ինձ համար նիստը նախագահողի աթոռին նստած չէ Վահե Դոլմազյանը, նստած է Նիկոլ Փաշինյանը: Սա ինձ համար ՀՀ-ի ամենախայտառակ քաղաքական հետապնդումներից է»,- այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում, մինչ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ միջազգային բոլոր կառույցները շարունակում են աչք փակել Հայաստանում կատարվողի վրա՝ շարունակելով իրենց «եվրոյոնջա» (ձեւակերպումը Նիկոլ Փաշինյանինն է. -խմբ.) քաղաքականությունը: Արմեն Աշոտյանի դեպքը նա համարում է խոշտանգում, քանի որ չկա տուժող, չկա հանցակազմ, բայց մարդը շարունակում է մնալ կալանավորված:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ Սամվել Վարդանյանի ձերբակալությանը: Վերջինս ձերբակալվել էր երեկ՝ հասարակական տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանությունից եւ քաշքշուկից հետո:
Սամվել Վարդանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է:
«Ես մանրամասն նայել եմ կադրերը, չկա որեւէ բռնություն, որեւէ բռնության կոչ, կա մարդու տեսակետ՝ այս իշխանության ներկայացուցչի հանդեպ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ավելին, տեսանյութից երեւում է, որ տվյալ ՔՊ-ական պատգամավորն է փորձում հարվածել քաղաքացուն, որը փորձում է իր տեսակետը հայտնել:
Կարդացեք նաև
Սամվել Վարդանյանին առաջադրված խուլիգանության մեղադրանքի մասով էլ բանախոսը նկատում է, որ իրավապահ համակարգը 2018 թվականից սկսած՝ ամեն օր, հարյուր հատ խուլիգանության մեղադրանք պետք է առաջադրեր՝ Նիկոլ Փաշինյանից սկսած՝ տարբեր տրամաչափի ուսապարկերով վերջացրած՝ իրենց բռնության կոչերի, հակասահմանադրական կոչերի համար: Նա զավեշտ է որակում, երբ «ԱԺ դահլիճում ցլամարտի «պրիոմներ» տվող ՔՊ-ականները», «բայրաքթարներով նաեւ Սամվել Վարդանյանի ընկերների սպանած իշխանության ներկայացուցիչները» Սամվել Վարդանյանին պիտակավորում են:
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանն էլ՝ Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ցուցակ կազմելու մասին էլ, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը, Էրդողանից հետո, ինձ պատահած երկրորդ մարդն է, ով Ցեղասպանության զոհերի անվանական ցուցակ է պահանջում»:
Անդրանիկ Քոչարյանը, հիշեցնենք, հղում էր արել Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ