«Երիտասարդը, կարծում եմ, անցել է բոլոր սահմանները ու օրենքի առաջ պետք է պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով հանրային տրանսպորտում միջադեպի մասին՝ ասաց ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Հիշեցնենք, որ երեկ երթուղային ավտոբուսում Ասլանյանին տեսնելով՝ քաղաքացիներից մեկը թույլ չէր տվել իջնել ու անվանել էր «հակահայ…, ժեխ, բիձա» եւ այլն:
Քաղաքացին, որն ինչպես հետո պարզվեց՝ Սամվել Վարդանյանն էր, ձերբակալվել է խուլիգանության համար:
Ասլանյանը միջադեպն այսպես նկարագրեց. «Ես բարձրանում եմ, որ գնամ վճարեմ, իջնեմ, ինքը իմ ճանապարհը փակում է եւ սկսում է այնպիսի բառեր արտաբերել, որ ասելու չի: Նույնիսկ այդ պայմաններում ես ասում եմ՝ ճանապարհ տուր, իջնեմ, չեմ ուզում իջնել իր մակարդակին, չի թողնում, հրում եմ իրեն եւ անցնում եմ, այդքան մի բան»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցրեց՝ դա որակվեց խուլիգանություն, բայց մարդիկ զուգահեռներ են անցկացնում, երբ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու երեսին, ասաց՝ էմոցիոնալ պոռթկում եմ ունեցել, ինչո՞ւ հիմա էլ չեք վերագրում քաղաքացու էմոցիոնալ պոռթկմանը, ի վերջո կարող են պոռթկալ՝ ձեր վարած քաղաքականությունից՝ Ասլանյանը պատասխանեց. «Դա էմոցիոնալ պոռթկում չէ: Դա հստակ կանխամտածված մոտեցում է: Դրանք տարբեր դաշտեր են: Ես նստած եմ ինձ համար հանգիստ, գալիս եմ, որ կանգառում իջնեմ, ինքը իմ դեմը փակում է: Ես նույնիսկ իր փաստաբաններին ասացի, ասում են՝ դեմոկրատական երկրում ենք ապրում, ասում եմ՝ պետք է դուք հասկանաք, որ ձեր իրավունքը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է իմ իրավունքը: Ես ասացի՝ եթե նույնիսկ խոսքի իրավունքի տեսանկյունից նայենք, բայց ինքը նկարահանելու իրավունք չուներ, որովհետեւ նկարահանել՝ նշանակում է մտնել իմ սեփական տարածքը, անձնական տարածքը: Ասում է՝ Եվրոպայում, ամբողջ աշխարհում պապարացիները նույնպես նկարում են, ասացի՝ դրա համար էլ նրանց գլուխը ջարդում են: Այո, թող խոսեր, ինչ-որ բան ասեր, բայց ինքը նկարում էր»:
Երբ ասացինք՝ դուք սովորական քաղաքացի չեք, պատգամավոր եք ու պիտի հանդուրժող լինեք նման երեւույթների նկատմամբ՝ Ասլանյանը պատասխանեց. «Ես իրեն ասել եմ՝ թող անցնեմ, չեմ ուզում իր հետ խոսակցություն»:
Հարցին՝ ՔՊ-ի հանդեպ քաղաքացիների բացասական վերաբերմունքը չի՞ ավելացել, արդյոք դրանով չե՞ն պայմանավորված նման դեպքերը՝ նա պատասխանեց, որ ոչ. «Դա ուղղորդված մոտեցում էր»: Թե որտեղի՞ց է ուղղորդվել, ի՞նչ պիտի իմանար քաղաքացին, որ Ասլանյանը հենց այդ ավտոբուսում է լինելու՝ նա պատասխանեց. «Ճանաչում են ուրեմն»:
Լրագրողները ճշտեցին՝ իր կողմից հարված եղե՞լ է՝ Ասլանյանը պատասխանեց. «Ոչ, ես հրել եմ, որ անցնեմ»:
Ըստ Ասլանյանի, իր հետ կատարված միջադեպը Ալեն Սիմոնյանի թքելու միջադեպի հետ չպետք է համեմատել. «Մարդ գնում էր ու այդ մարդը նրան այնպիսի անձնական վիրավորանքներ է ասում, որ մարդը ընկնում է դրա մեջ: Հասկացա՞ք տարբերությունը որն է»:
Դիտարկմանը՝ ասում են, որ հանրային պարսավանքի ինստիտուտն ենք օգտագործել, դուք դա ընդունո՞ւմ եք, կա՞ Հայաստանում այդպիսի ինստիտուտ՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ կա, այստեղ է, որ ամեն ինչում դուք մոռանում եք սահմանը: Հանրային պարսավանք կլինի, ազատ խոսքի իրավունք կլինի, թե ինչ կլինի, սահմանը մի մոռացեք»:
Լրագրողները նաեւ հարցրեցին՝ ի սկզբանե, երբ լրագրողները զանգել էին, ասել էիք, որ իրավապահներին չեք դիմելու, ինչո՞ւ փոխեցիք ձեր մտադրությունը՝ նա պատասխանեց. «Այո, ես նպատակ չունեի, բայց ես դա չէի հանրայնացնի, եթե ինքը դա չգցեր ֆեյսբուք, հասկանո՞ւմ եք: Ես հանգիստ գնում էի, ինձ զանգեր եղան, ասացի նպատակ չունեմ դա բացելու: Արել է՝ թող ինքն իրենով տապակվի: Բայց մի քիչ հետո հանկարծ սկսում են զանգերը, որ արդեն ֆեյսբուքը պայթում է դրանից, այդ դեպքում ուրիշ բան չէր մնում անելը»:
Հարցրեցինք՝ պատճառն այն չէ՞ր, որ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այդ երիտասարդը պետք է խստագույնս պատժվի ու որոշեցին խստագույնս պատժել՝ վերեւի հրահանգով՝ նա պատասխանեց. «Ոչ, չկա այդպիսի բան: Ինձ Քննչականից են զանգահարել, ասել են՝ սրա վերաբերյալ ձեզ հրավիրում ենք, որովհետեւ մենք արդեն ճշտել ենք ձեր հետ կատարված այդ ամբողջ միջադեպը: Եթե ինքը դա չգցեր ֆեյսբուք, ես չէի պատրաստվում որեւէ բան անել: Հրահանգավորում չի: ԱԺ նախագահը պատասխանատու անձ է, ասում է՝ օրենքը պետք է գործի եւ վերջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ