Ապրիլի 17-ից մեկնարկում է «Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կտեւի մինչեւ մայիսի 3-ը: «Մենք կլինենք եւ Երեւանում, եւ Աշտարակում: Այս տարի կունենանք նաեւ ֆրանկոֆոն ծրագիր: Փառատոնը կբացվի ֆանտաստիկ հոգեբանական դրամայով՝ «Հեդդայով», որը կներկայացնի գեղեցկուհի, հիանալի դերասանուհի Լենա Պոգամը՝ Ֆրանսիայից »,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
«Ուրախալի է «Արմմոնոյի» շրջանակում լինել Հայաստանում եւ բացահայտել այն մարդկանց, որոնք արվեստով են զբաղվում Երեւանում: Ներկայացումը, որ կխաղամ Երեւանում, ստեղծվել է 2018թ: Ես եւ խաղում եմ, եւ բեմադրել եմ գործը: Ներկայացման վերնագիրը «Հեդդա» է, որը նաեւ գլխավոր հերոսուհու անունն է: Բեմադրությունը ստեղծվել է ՝ ներշնչված ամերիկացի հեղինակի գրքից, որի վերնագիրն է՝ «Վերականգնվել ներքին ահաբեկչությունից»: Ներկայացումը ցանկացա ստեղծել մի օրենքից հետո, որն ընդունվել է Ռուսաստանում: Դա մի օրենք է, որով չի քրեականացվում ընտանեկան բռնությունը:
Իմ անձնական կյանքում եւս եղել է մի փուլ, երբ կողակիցս բռնություն էր կիրառում իմ հանդեպ: Եվ եթե նման օրենք էլ լիներ նաեւ Ֆրանսիայում, ես հաստատ չէի կարողանա ապրել: Հենց այս պատճառով ցանկություն ունեցա նման մի ներկայացում բեմադրել: Ուզում եմ պատմել, թե ինչպես է բռնությունը միախառնվում սիրուն, կամ ուղղակի սերը անհետանում է՝ իր տեղը զիջելով բռնությանը»,-նշեց Լենա Պոգամը:
Կարդացեք նաև
Ներկայացնելով բեմադրությունը՝ դերասանուհին նշեց. «Ներկայացումը սկսվում է զույգի երջանիկ օրերով՝ իրենք շատ ուրախ են, որ բացահայտում են միմյանց: Ժպիտներ կան նրանց հարաբերություններում, անակնկալներ, ուրախություն: Հերոսուհին՝ Հեդդան, որը մի փոքր կակազում է, խոսելու հետ կապված խնդիրներ ունի, հրատարակչությունում է աշխատում, որտեղ մանկական գրքեր են հրատարակում: Նրա զուգընկերը իրավաբան է: Վերջինս Հեդդային օգնում է դառնալ ինքնավստահ կին: Խորհուրդ է տալիս՝ ճիշտ քայլել, ճիշտ խոսել, ճիշտ վարվել…Աստիճանաբար, երբ կինը ձեռք է բերում ինքնավստահություն ու ճանաչում, նրանց սիրո մեջ հավասարակշռությունը խախտվում է, եւ տղամարդը չի կարողանում այլեւս իր տեղը գտնել…Մի խոսքով, ներկայացումը այս զույգի միասնության կազմաքանդման պատմությունն է…Այս ներկայացման միջոցով ցանկանում էի նախ եւ առաջ խոսել ընտանեկան բռնության մասին, բայց նաեւ բարձրաձայնել պատասխանատվության մասին, որը պետք է ունենան եւ կինը, եւ տղամարդը: Իմ նպատակը տղամարդկանց դեմ ներկայացում ստեղծելը չէր, պարզապես ուզում էի խոսել մի համակարգի մասին, որում ներփակված ենք»:
Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ փառատոնային օրերին հանդիսատեսը կդիտի 20 ներկայացում, կլինեն ֆրանկոֆոն հեղինակների՝ հայերեն թարգմանված պիեսներ եւս:
«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի ֆրանսիական ծրագրի համակարգող Լուսինե Աբգարյանն անդրադարձավ ֆրանկոֆոն հեղինակների գործերի հայերեն թարգմանությանը: Նա նշեց, որ իրենց նպատակը թատրոնների խաղացանկերը հարստացնելն է, հայ դերասաններին՝ ժամանակակից դրամատուրգների հետ ծանոթացնելը եւ նրանց միջեւ կապեր հաստատելուն նպաստելը: Հավելեց, որ անցյալ տարի հայերեն են թարգմանել բելգիացի հեղինակների պիեսներ, որոնք հրատարակել է «Անկյունաքար» հրատարակչությունը, արդյունքում՝ բելգիական մի քանի պիեսներ արդեն խաղացվել են տարբեր թատրոններում, որոշներն էլ կներկայացվեն «Արմմոնոյի» շրջանակներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ