«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Քրիստինա Վարդանյանն այսօր Երեւանի ավագանու նիստում ներկայացրեց, թե ինչ է արել 2023-ին ծառերի փոխարինման ծրագրի մեկնարկից ի վեր։ Նա եւս մեկ անգամ կրկնեց՝ Երեւանում ծառերի փոխարինման ծրագիրը սպառնում է բնակչության առողջությանը, ասաց, որ այդ թեմայով քննարկումներ են եղել, որտեղ ներկայացվել են ծրագրի բացերը, ասաց, որ Երեւանը չունի գլխավոր դենդրոլոգ, ուստի լեգիտիմ չեն լինելու ծառահատման տոմսերը։
Ապա նա հղումներ արեց միջազգային մասնագետներին, ըստ որոնց՝ ծառերի փոխարինման այս ծրագիրն անընդունելի է, ապա կոչ արեց դադարեցնել զանգվածային ծառահատումը, քանի որ այն չունի գիտական, մասնագիտական, իրավական եւ բարոյական հիմնավորում, այն բնակչության առողջությանը վնասում է եւ խորացնում է քաղաքի առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակը։
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքելով Վարդանյանի հայտարարությանն, ասաց․ «Եթե չլիներ ձեր՝ չորս տարի առաջվա ամբողջական ելույթը, որը հենց ձեր այս ելույթի ուղիղ օպոնենտությունը կհանդիսանար, ես գուցե հավատայի ձեր այս ելույթի անկեղծությանը։ Չորս տարի առաջ դուք շատ հստակ, աներկբա, շատ կոնկրետ ասել եք՝ Երեւան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն, եւ այն ժամանակ գերմանացի փորձագետներն ասում էին՝ պետք է փոխարինվեն ամբողջական փողոցով։ Այն ժամանակ դուք, գիտական հանրույթը, գերմանացի մասնագետները համարում էիք, որ թեղիների հիվանդությունները կարող են փոխանցվել նոր տնկվող ծառերին։
Ես փորձել եմ լսել եւ գտնել ճշմարտության հատիկները ձեր բարձրաձայնած հարցերում եւ եթե չլիներ չորս տարի առաջվա ձեր ելույթը․․․ապշեցուցիչ է, թե որքան է հնարավոր այն, ինչ ասվել է, 180 աստիճան մյուս կողմից ներկայացնել։ Ամենայն հարգանքով, ձեր անկեղծությանը չեմ հավատում։ Հետեւապես քննարկումը, որ եղել է, եւ որից հետո ձեր խմբակցությունը որոշել է տարատեսակ բոյկոտներ անել, այսուհետ համարեք, որ ես խուլ եմ ձեր բարձրաձայնած հարցերի համար, որովհետեւ այս վստահության բացակայությունը, ձեր դիրքորոշման 180 աստիճան փոփոխությունը, ձեր խմբակցության՝ տարբեր հարցերի շուրջ անվերջանալի մանիպուլյացիաները, բացահայտ ստերը, բերել է մի իրավիճակի, որ մենք ունակ չենք այլեւս ձեր բարձրաձայնած հարցերը լսել»։
Կարդացեք նաև
Նիստում սկսեցին վիճել, տեղից արձագանքում էին «Ազգային առաջընթաց» ու «Հանրապետություն» խմբակցությունների անդամները։
Վարդանյանը տեղից արձագանքեց՝ դուք ուղիղ մեղադրանքներ ենք ուղղում, եւ թույլ չեք տալիս արձագանքել, դուք կարող եք ինձ չվստահել, բայց միջազգային փորձագետներին պարտավոր եք վստահել։
«Հանգիստ, տիկին Վարդանյան»,-հորդորեց Ավինյանը։
Վարդանյանի խմբակցությունից Արամ Թորոսյանն էլ տեղից ասաց՝ դուք էլ ասում էիք՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։
Ապա «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեղից միջամտեց՝ եկել եք այստեղ ․․․վրեժխնդրություն եք անում, մեյմունություն եք անում․ «Մի հատ սկզբում նշեք, որ դուք էդ ՀՈԱԿ-ի տնօրեն լինելու համար եք էս ամեն ինչն անում»։
«Առաջին մարդը, որ առաջարկել են, ես եմ եղել, չեմ ուզել տնօրեն լինել»,-պատասխանեց Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Անի Խաչատրյանի լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից