Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթի տեքստը ԵԽԽՎ բացման նիստին

Ապրիլ 16,2024 13:19

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ելույթիս տեքստը ԵԽԽՎ բացման նիստին.

«Մեծարգո՛ նախագահ,

Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարեւոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում։

Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի եւ Բարձր Ներկայացուցչի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ։ Հանդիպման օրակարգը եւ նպատակը ուրվագծվել են անցյալ տարի Գրանադայում ՀՀ վարչապետի եւ ԵՄ հանձնաժողովի նախագահի հանդիպման ժամանակ Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառման շրջանակներում: Հայտարարվել է Հայաստանի տնտեսական դիմակայունությանը, առեւտրային գործընկերությունների բազմազանեցմանն ու հզորացմանը ԵՄ-ԱՄՆ համատեղ աջակցության մասին։ Սակայն, դրանից առավել, իրադարձությունն ինքնին աննախադեպ էր իր ձեւաչափով եւ քաղաքական ուղերձի իմաստով։

«Մենք կարծում ենք, որ ավելի ուժեղ եւ ավելի կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս», – սրանք Բարձր ներկայացուցիչ Յոզեպ Բորելի խոսքերն են:

«Մենք կիսում ենք Հայաստանի ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք, որ Հայաստանը որպես ուժեղ, անկախ պետություն իր տեղը զբաղեցնի իր հարեւանների հետ խաղաղության մեջ՝ կապված տարածաշրջանի եւ աշխարհի հետ», – հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Այս բանաձեւումները լավագույնս արտացոլում են Հայաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի տեսլականների զուգահեռումը մեր տարածաշրջանում, որտեղ Հայաստանը դիտվում է որպես ժողովրդավարական գործընկեր, եւ նրա ինքնիշխանությանն ու դիմակայունությանն աջակցելը օրակարգային է:

Մեզ համար առանցքային է Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցությունը, որի նպատակն է խթանել կապն ու երկխոսությունը մեր հարեւան երկրների, ինչպես նաեւ ավելի լայն տարածաշրջանի հետ: Մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարությանը: ԵՄ հանձնաժողովի նախագահը հանձնառություն ստանձնեց առ այն, որ ԵՄ-ն կհետազոտի միջսահմանային տրանսպորտը, իսկ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն «աջակցում է գաղափարներին, որոնք Հայաստանի կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության էությունն են»:

Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի եւ մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Պետք է փաստեմ, սակայն, որ բանակցությունները ընթանում են դանդաղ՝ Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայության հետեւանքով։ Այստեղ հարկ է նշել նաեւ, որ Ադրբեջանը խիստ քննադատության է ենթարկում ապրիլի 5-ի Բրյուսելյան հանդիպումը՝ այն անվանելով «ոչ ներառական»։ Իրականությունն այն է, որ եթե այս պատմության մեջ կա մի կողմ, որը նպաստել է ոչ ներառականությանը, ապա դա Ադրբեջանն է, որը հրաժարվեց մասնակցել անցյալ տարվա հոկտեմբերին Գրանադայում հնգակողմ բանակցություններին, մերժեց ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Ադրբեջան՝ նախագահական ընտրություններին եւ այդպես շարունակ։

Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում։

«Բարգավաճ, ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները եւ ազատորեն գծում է իր սեփական ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը»,- ասվում է Բրյուսելյան հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ։

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին: Եկեք առաջնորդենք մեր համագործակցությունը դեպի նոր հորիզոններ»:

Ելույթի տեքստը կհրապարակվի ԵԽԽՎ կայքում, քանի որ նախագահը ընդհատեց գրանցվածների ցանկը նիստի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930