Լրահոս
Օրվա լրահոսը

Պեդրո Զարոկյանը կանաչապատման ՀՈԱԿ-ին մեղադրեց կոռուպցիայի մեջ․ «Սա մրցույթ չէ, դա հատուկ արվել է, որ Իջեւանի «Բերրի վորլդը» հաղթի»

Ապրիլ 16,2024 12:20

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը քաղաքապետարանին եւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին մեղադրեց կոռուպցիայի մեջ։

«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի՝ Երեւանի քաղաքապետարանին հողամասեր նվիրատվություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ Զարոկյանն իր ելույթում ասաց՝ Գաֆէսճեանն ազնիվ բարերար էր, նա ասել է՝ այգիներում եւ պուրակներում ոչ մի սրճարան եւ ծառահատում չպիտի լինի․ «Ի՞նչ կասեր նա այսօր հարյուրավոր առողջ ծառերի հատման մասին, որոնք ոչ մի հետազոտություն չեն անցել, եւ գիտական հիմնավորվում չի բերվել։ Ի՞նչ կասեր նա քաղաքապետի մասին, ով պաշտոնների է բերում քրեական գործերով առնչվող անձերին։ Այստեղ նստած է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետը, ով վերջերս կալանավորվել էր, քրգործերով է անցնում եւ այստեղ նստած Երեւանի մասին որոշումներ է կայացնում։ Մենք սրա՞ համար դուրս եկանք փողոց»։

Զարոկյանի խոսքով՝ ինչպե՞ս է հնարավոր, որ 2019-2020 թվականներին քրեական գործերին առնչվող անձինք «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում եւ բուսաբանական ինստիտուտում շարունակեն ղեկավարել․ «Ինչո՞ւ են քրեական գործերն անվերջ շարունակվում, ինչո՞ւ անպատժելիության մթնոլորտը չեք վերացնում։ Իսկ դուք գիտե՞ք ՀՀ արդարադատության նախարարն ով է, ՀՀԿ-ական է, ձեր տեղն է նստած։ Գիտե՞ք ում եղբայրն է»։

Ապա նա ցույց տվեց մի լուսանկար, որտեղ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Տիգրան Ավինյանը միասին են, լայն ժպտում են, ու ասաց՝ սա՞ է ամենաարդար մարդը Հայաստանում․ «Հիմա ո՞րն է տարբերությունը ՔՊ-ի եւ ՀՀԿ-ի»։

«Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց․ «Հլը ձեր անունը դատալեքսում «պոիսկ» տվեք»։

Զարոկյանն անդրադառնալով կանաչապատման ՀՈԱԿ-ի գնումներին, կասկածի տակ դրեց, որ դրանք արդար են ընթացել։

«Հիմա կանաչապատման ՀՈԱԿ-ի մասին ասեմ, թե ինչպես են գնումներ անում։ Եթե ձեզանից մեկը բիզնես ունենար, արտասահմանից մի բան գներ, կգնայի՞ք արտասահման, ապրանքը նայեիք, ժամանակ անցկացնեիք մեկ շաբաթ, հետո վերադառնայիք՝ այդ ապրանքը երկու անգամ թանկ գնով գնեիք՝ միջնորդի միջոցով։  ՀՈԱԿ-ը դա է անում։ Էդ նույն տնկիները, որ բերում են՝ երեք մետրանոց, ճշտել եմ Իտալիայում, մեծածախի գինը 30-40 հազար դրամ է։ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներն ամեն տարի գնում են Իտալիա, էդ նույն ապրանքը տեսնում են, հետ են գալիս, Իջեւանի «Բերրի վորլդ»-ն այդ ապրանքը երկու անգամ թանկ գնում, տալիս է ՀՈԱԿ-ին։ Ասում եք՝ կոռուպցիա չէ։ Եթե կոռուպցիա չէ, ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք»,-ասաց Զարոկյանը։

Նա ասաց, որ քաղաքապետարանը պետք է տեղական տնկարաններն օգտագործի, մինչդեռ, Զարոկյանի պնդմամբ՝ ոչ մի տնկարան չի մասնակցում մրցույթներին։

«Մրցույթում ոնց են հաղթում՝ վերջին 82 միլիոն դրամանոց մրցույթը տնկիների համար, բոլորը հաղթել է Իջեւանի «Բերրի վորլդ»-ը, մյուս երեք մասնակիցները նույնիսկ ձեւ չեն արել, որ մրցակցում են։ ՀՈԱԿ-ն ասում է՝ առավելագույն գինը 90 հազար դրամ է, «Բերրի վորլդն» առաջարկում է 89, 990 դրամ, մյուս երեքներից մեկն առաջարկում է՝ 840 հազար դրամ, էն մյուսը՝ 800 հազար դրամ, երրորդը՝ 240 հազար դրամ, որ ի սկզբանե շանս չունեն հաղթելու։ Եվ դուք ասում եք՝ սա մրցույթ է։ Սա մրցույթ չէ, դա հատուկ արվել է, որ Իջեւանի «Բերրի վորլդը» հաղթի»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Զարոկյանի ելույթը լսելուց հետո շատ խորը հոգոց հանեց։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930