«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող Անտառային փողոցի հ.1 (0.04 հա հողամաս), Անտառային փողոցի հ.1ա (0.1953 հա հողամաս), Անտառային փողոցի հ.13 (0.0313 հա հողամաս), Անտառային փողոցի հ.139 (0.1 հա հողամաս), Սարմենի փողոցի հ.19 (0.0563 հա հողամաս), Ջրաշատ փողոցի հ.27 (0.0420 հա հողամաս, 164.6քմ շինություն) եւ Սարմենի փողոցի հ.29 (0.0456 հա հողամաս) հասցեներում գտնվող անշարժ գույքերը նվիրաբերում է Երեւանի քաղաքապետարանին՝ պայմանով, որ նշված անշարժ գույքերում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու եւ օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով:
Երեւանի ավագանու այսօրվա նիստում այս հարցի քննարկման ժամանակ պարզաբանվեց, որ կանաչապատելու են համալիրի աստիճանների կողքի հատվածները։
«Հանրապետություն» խմբակցությունից Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ արդյոք կարգավորվում է հարցը, որ անկախ, թե ով կլինի քաղաքային իշխանության եւ երբ կլինի, հետագայում այս տարածքը երբեք չեն կարող որեւէ այլ բան անել, քան կանաչապատումը․ «Ունենք արդյոք ռեգիստր»։
Ի պատասխան քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանն ասաց, որ նման ռեգիստր չի տարվում, բայց նախագծի ընդունումից հետո նախատեսվում է քաղաքի հատակագծով համապատասխան նշումներ կատարել՝ տարածքը կանաչապատ պահելու վերաբերյալ․ «Իսկ մնացած սահմանափակումները կներառվեն հիմնադրամի հետ կնքվող պայմանագրում։ Պայմանագրով նախատեսվում է որոշ սահմանափակումներ մեղմացնել»։
Կարդացեք նաև
Զեյնալյանն էլ արձագանքեց․ «Գուցե առաջարկենք պայմանագրում որոշակի ժամկետ նշել, օրինակ՝ 99 տարի, բայց ոչ հավերժի համար, որ Երեւանի քաղաքապետարանը չի կարող այլ բան անել, բացի կանաչապատումից»։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ պատասխանեց․ «Եթե Կասկադ համալիրը 50 կամ 100 տարի հետո չի քանդվելու եւ այլ բան կառուցվելու, այն տարածքները, որոնք այսօր նվիրաբերությամբ ընդունում ենք, այդտեղ վստահաբար որեւէ կառուցապատման աշխատանքներ ո՛չ նորմատիվային, ո՛չ ճարտարապետական տեսանկյունից չեն կարող նախատեսվել։ Այստեղ կան սահմանափակումներ՝ որպես մշակութային հուշարձան։ Կառուցապատման սահմանափակումն արդեն առկա է»։
«Մայր Հայաստանից» Մեսրոպ Մանուկյանն էլ հետաքրքրեց՝ ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում, որ օրինակ այս հարցը զեկուցվող է, իսկ ԵԱՏՄ աշխատակիցների վերաբերյալ հարցը, ըստ որի աշխատողները մի տեղից գնում են մյուս տեղ, հնարավոր է բյուջեի փոփոխություն կատարվի, դնում եք չզեկուցվող։
Ավինյանն ի պատասխան ասաց․ «Հարցի մասշտաբն է կարեւոր, եւ դրա կարեւորությունը Երեւանի եւ երեւանցիների համար։ Կասկադի վերնամասի, հարակից հողամասերի հարցը, որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն, կանաչապատվեն, հանրային տարածքներ դառնան, երեւանցիների համար կարեւոր է լսել այս մասին»։
Նա նաեւ ասաց, որ եթե կան թիրախային հարցեր, որոնք որեւէ խմբակցություն կհամարի շատ կարեւոր, եւ այն տրամաբանությամբ, որ չզեկուցվող հարցեր չլինեն եւ չորս օր նիստ անենք, մենք անպայման դրանք էլ կդիտարկենք։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ