Լրահոս
Օրվա լրահոսը

Ակադեմիական քաղաքը Աշտարակի մասին չէ, այն Երեւանի մասին է

Ապրիլ 16,2024 10:30

Փորձեմ ամփոփ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի կառավարության գզրոցում ծնունդ առած, թերեւս, ամենածավալուն (ֆինանսական առումով որ՝ հաստատ) ռազմավարական նախաձեռնությանը՝ Ակադեմիական քաղաքի կոնցեպտին, որը իմ տեսանկյունից կարիք ունի հիմնովին վերանայման եւ վերաիմաստավորման: Ըստ որում, լինելով դեռեւս 25 տարի առաջ համանուն կրթական եւ գիտական էկոհամակարգի ստեղծման գաղափարի հեղինակը, բնականաբար, լինելու եմ բացառապես օբյեկտիվ եւ շահախնդիր: Եվ այսպես.

  • Գիտության ու կրթության մերձեցումը իսկապես հրամայական է: Համալսարանական մշակույթի անվերապահ բաղկացուցիչ է գիտությունը: Սովետներից ստացած մեր ժառանգությունն այլ մոտեցում էր ենթադրում. գիտության ոլորտի կառավարումը վերապահված էր Գիտությունների ազգային ակադեմիային (որի հսկայական դերն ու նշանակությունը ազգային գենոմի բարելավման հարցում չի կարելի թերագնահատել), իսկ բուհերին մնում էր կրթական որակի ապահովումը: Եզակի համալսարաններ կային ԽՍՀՄ-ում (հիմնականում մայրաքաղաքային պետական համալսարանները), որոնց կրթական գործընթացում լիարժեք ներգրավում ունեին ակադեմիայի ներկայացուցիչները: Հիմնականում բուհական համակարգն անջատված էր բարձր գիտությունից եւ կոչված էր սպասարկելու ակադեմիայում մշակված գաղափարական պրոպագանդիստական թեզերը՝ հումանիտար գիտությունների ասպարեզում, եւ ընդամենը հայտնաբերելու տաղանդավոր երիտասարդների՝ հետագայում ակադեմիական ոլորտ տեղափոխելու նպատակով՝ բնագիտական ասպարեզում: Այս մոդելը հիմնովին տարբերվում է առաջատար երկրներում իրագործված եւ իր բացարձակ առավելությունը ապացուցած մոդելից, որի հիմքում գիտությունը հենց համալսարանական կենտրոններում զարգացնելու մոտեցումն է. համալսարանական կրթության իմաստը ըստ այդմ դառնում է գիտությունը, հետազոտումը, ստեղծագործումը, այլ ոչ թե տարրական մասնագիտական գիտելիքների փոխանցումը: Եվ ուրեմն, Ակադեմիական քաղաքի ստեղծման ՄԻԱԿ շարժառիթը պիտի լինի հենց երկրի բուհերի տրանսֆորմացիան՝ տարրական մասնագիտական հմտություններ ապահովող կենտրոններից դեպի գիտություն զարգացնող կենտրոններ: Բուհերի, այսպես կոչված, «օպտիմալացումը» այս հարցի հետ բացարձակ կապ չունի, մինչդեռ մենք լսում ենք անտեղի փաստարկներ երկրում ռեկտորների կամ պրոռեկտորների քանակին վերաբերող:
  • Գիտության եւ կրթության մերձեցումն ակնթարթային կամ մեխանիկական որոշման խնդիր չէ. այն կարող է ստացվել միայն երկարատեւ հետեւողական աշխատանքի արդյունքում, իսկ մեխանիզմներն այստեղ պարզ են. պետությունը՝ որպես ոլորտի կարգավորիչ, բուհերից պիտի պահանջի գիտական փաստագրված արդյունքի մշտական աճ, ապահովի նման աճի խրախուսումը: Այս պարագայում բուհերը ուղղակի պարտադրված կլինեն ուսումնական գործընթացը կազմակերպել գիտական հենքի վրա՝ անպայմանորեն ներգրավելով ակադեմիական ինստիտուտների առաջատար գիտնականներին: Խաչաձեւ համալսարանական բազային ամբիոնների բացումը ակադեմիական ինստիտուտներում եւ ակադեմիական գիտական կենտրոնների հիմնումը բուհերում փորձարկված մեխանիզմներից մեկն է այստեղ: Հենց այս աշխատանքներին է պետք առաջնահերթություն հաղորդել՝ ապագա Ակադեմիական քաղաքի նախագծման համար որակյալ եւ հիմնավորված տեխնիկական առաջադրանք կազմելու նպատակով: Մինչդեռ մեզանում այժմ հակառակն է արվում. տեխնիկական առաջադրանքը կազմվում է արհեստածին «կլաստերների» գաղափարի հիման վրա:
  • Երկրի պետական բուհական համակարգը իր գործող եւ պարբերաբար վերարտադրվող կառավարման մոդելով երբեւիցե չի կարողանալու դառնալ առաջադեմ: Մեր բոլոր սերունդների կառավարիչները մշտապես սարսափել են բուհական ինտելեկտուալներից եւ ուսանողության հավաքական ուժից, իրենց խնդիրը տեսել են այլախոհությունը եւ, ըստ էության, ակադեմիական ազատությունը խիստ վերահսկողության տակ վերցնելու, դրանք բռնաճնշելու մեջ: Այստեղից իրար փոխարինող նախարարներ, քաղաքապետներ, տարբեր այլ տրամաչափի անկապ ֆունկցիոներներ՝ երկրի համալսարանների գլխին: Զավեշտ էր նաեւ, երբ երկրի նախագահը գլխավորում էր ԵՊՀ խորհուրդը: Ֆունկցիոներները պետական բուհերին վերաբերվում են իբրեւ պետական սեփականության, եւ այստեղ է թաքնված «շան գլուխը». մենք մեկընդմիշտ պիտի հասկանանք եւ ընդունենք, որ բուհերը պետական սեփականություն չեն, եւ ուրեմն՝ չինովնիկները որեւէ գործառույթ չպիտի ունենան բուհերի կառավարման մեջ, դրանք հանրային արժեք են, հանրության սեփականությունը, եւ պիտի առաջնորդվեն բացառապես ինքնակառավարման սկզբունքով՝ ակադեմիական եւ հետազոտական ազատության հիման վրա: Եվ այս տրանսֆորմացիան բացառիկ կարեւոր դեր ունի՝ եթե մենք ընդհանրապես նպատակ ունենք միջազգային չափանիշներին համապատասխան գեթ մեկ համալսարան ունենալ: Այլապես այս ողջ իրարանցումը անիմաստ է ուղղակի:
  • Կա մի չափազանց կարեւոր հարց, եւ այն վերաբերում է մայրաքաղաքին: Հիշեցնեմ, որ այն կարծես համայնք է (գոնե օրենքով), որի գոյությունը պիտի զգացվի համայնքի անդամների (իմա՝ բնակիչների, ՄԱՅՐԱքաղաքացիների)՝ համայնքին վերաբերող կարեւորագույն հարցերի լուծմանը մասնակցության հանգամանքով: Կառավարության ներկայացված կոնցեպտի համաձայն Երեւանի «ուսանողաթափումը» սկզբունքային, կարեւորագույն, մայրաքաղաքի համար ճակատագրական հարց է: Ո՞վ է որոշել, որ Երեւանը դադարելու է լինել ուսանողական քաղաք: Համայնքին ո՞վ է հարցրել սրա մասին: Ո՞ւր է Երեւանի նոր Գլխավոր հատակագիծը: Ինչպե՞ս կարելի է Ակադեմիական քաղաքի մաստեր-պլան պատվիրել առանց մայրաքաղաքի զարգացման կոնցեպտուալ փաստաթղթի: Ակադեմիական քաղաքը Աշտարակի մասին չէ, այն անմիջապես Երեւանի մասին է: Գիտակցո՞ւմ են սա, արդյոք, ավագանի կոչվող անիմաստ մարմնի անդամները: Քաղաքապետ ունե՞նք արդյոք: Ժողովրդավարական «բաստիոն» հռչակված Հայաստանում նման որոշումների կայացումը անհնար պիտի լինի առանց համայնքի մասնակցության:
  • Չգիտես ինչ տրամաբանությամբ որպես առաջարկվող Ակադեմիական քաղաքի մոդել է ներկայացվում Մյունխենի Տեխնոլոգիական համալսարանի օրինակը՝ իր քաղաքից դուրս գտնվող կամպուսով եւ 50 հազար մարդով: Իսկ ինչո՞ւ ոչ Պրահան կամ Վիեննան՝ հենց քաղաքի սրտում ուսանողական եռուզեռով հագեցած, երիտասարդության որոշիչ դերն ու նշանակությունը ընդգծող իրենց քաղաքային կոնցեպտներով: Չլինի՞ վախենում ենք հնարավոր «սեքսուալ» հեղափոխությունից (1968-ի Պրահայի օրինակով): Թյուր կարծիք չստեղծվի այնուամենայնիվ. ես կողմնակից եմ Ակադեմիական քաղաք ստեղծելուն, բայց ո՛չ Երեւանի երիտասարդաթափման հաշվին: Կամպուսային, հանրակացարանային մշակույթն անկասկած պետք է ներդնել մեր հանրային գիտակցության եւ ընկալման մեջ. այն այժմ իսպառ բացակայում է, եւ Ակադեմիական քաղաքի նպատակներից մեկը պիտի լինի հենց այդ մշակույթի աստիճանաբար ներդրումը: Ոչ երեւանյան բնակություն ունեցող մեր ապագա ուսանողների համար առավելագույն հնարավորությունների եւ պայմանների ապահովումը շատ արժանի խնդիր է, եւ այն պետք է պարտադիր լուծել, իսկ երեւանցիները թող այդ մշակույթին ընտելանան ոչ պարտադրաբար, այլ կամովին, աստիճանաբար, կամպուսային համակարգի առավելությունները հասկանալու հետ զուգահեռ: Ըստ այդմ Ակադեմիական քաղաքի տեխնիկական առաջադրանքը պետք է կառուցել ոչ թե 70 հազար ուսանողության թվաքանակի հիմքով, այլ առավելագույնը դրա կեսի հաշվարկով. Երեւանի եւ մայրաքաղաքային մթնոլորտի համար կենսական է առնվազն 30-40 հազար ուսանողական երիտասարդության առկայությունը քաղաքի կենտրոնում: Իսկ կոնսերվատորիան եւ թատերական ուղղությունը՝ որպես անվերապահ Երեւանյան մասնագիտություններ, անձեռնմխելի են: Ավելորդ չի լինի նշել, որ այս մոտեցումն առնվազն երկու անգամ կնվազեցնի նախատեսվող հսկայական բյուջետային ծախսերը (1.2 տրիլիոն դրամը իրոք աննախադեպ, իսկ տվյալ դեպքում նաեւ՝ անհիմն շռայլություն է):
  • Ակադեմիական քաղաքի գաղափարին բուհերի ընտելացման լավագույն միջոցը կլիներ երկրում միջբուհական շարժունակության ապահովումը, երբ ուսանողին հնարավորություն եւ ազատություն է տրվում հաստատված ուսումնական ծրագրի շրջանակում սեփական ընտրությամբ տարբեր բուհերում մասնակցել դասընթացներին: Կրեդիտային համակարգը հենց նման հնարավորության համար է ստեղծված: Այս մեխանիզմի կիրառումն ավտոմատ կերպով «շարքից կհաներ» կրթական որակ չապահովող դասախոսներին եւ բուհերին, զերծ կպահեր մեզ բոլորիս արհեստածին բուհական միավորումների ստեղծումից, բուհերի «օպտիմալացման» անիմաստ գաղափարից. ասպարեզում կմնային միայն այն բուհերն ու դասախոսները, որոնք որակ են ապահովում եւ առավելագույնս են պահանջարկված: Մինչդեռ սրա մասին որեւէ մեկը չի խոսում:
  • Ակադեմիական ինստիտուտների վերափոխումն անհրաժեշտ է սկսել հումանիտար գիտական ուղղվածություն ունեցող հաստատություններից: Առիթ ունեցել եմ ընդգծելու. հայրենական հումանիտար գիտությունը հիմնովին վերափոխման կարիք ունի: Ավելի ճիշտ՝ մենք խիստ արդիական կարիք ունենք հասարակագիտության կարդինալ վերափոխման: Ակադեմիական քաղաքի ուրվականը հենց լավ առիթ է այս ինստիտուտները ինչպես հարկն է «թափ տալու», հենց դրանց հիմքով ապագա քաղաքի սաղմը ստեղծելու, դրանց շուրջ հումանիտար բուհերը միավորելու:
  • Ակադեմիական քաղաքի կորիզը պիտի լինի հետազոտական բազան՝ ժամանակակից հանրային գրադարանն ու տեխնոլոգիական լաբորատորիաները: Նման կորիզի ստեղծումը, այս ուղղությամբ ֆինանսական ռեսուրսների առաջնահերթ կենտրոնացումը անասելի ձգողական ուժ կհանդիսանան իրոք գիտությամբ զբաղվող համալսարանական հանրության համար, կհաղթահարվի գոյություն ունեցող տոտալ սկեպսիսը ներկայացված կոնցեպտի նկատմամբ:
  • Շատ կարեւոր է, որպեսզի Ակադեմիական քաղաքի շուրջ ծավալված քննարկումներն ու իրարանցումը չհանգեցնեն մեր մարզային բուհերի նկատմամբ հանրային եւ պետական ուշադրության նվազմանը, նրանց դերի եւ նշանակության անտեսմանը: Իմ խորին համոզմամբ Հայաստանի մարզերում պահպանվել է իր որակով եզակի ազգային մտավորականություն, որի գոյության հարատեւությունը ազգային անվտանգության կարեւորագույն տարր է: Պետությունը պարտավոր է Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործմանը զուգահեռ անվերապահ եւ անառարկելի ուշադրության արժանացնել մարզային բուհերի եւ բուհական մասնաճյուղերի զարգացման, դրանց ուժեղացման հարցը: Սա պետք է դիտվի որպես ընդգծված առաջնահերթություն:
  • Կառավարությանը կհորդորեի անհապաղ չեղարկել Երեւանում գործող մասնավոր եւ միջազգային/միջպետական բուհերի տարածքային ընդլայնման եւ կապիտալ շինարարության նկատմամբ սահմանված արգելքը. այն հակաօրինական եւ հակասահմանադրական է: Ընդհանրապես, բուհերի ապագան դրանց իրապես հանրային կամ մասնավոր դարձնելն է. պետությունը որեւէ առնչություն չպետք է ունենա բուհերի կառավարմանը, պետության գործառույթը կրթական չափորոշիչներ, գիտական առաջնահերթություններ եւ պատվերներ սահմանելն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելն է:
  • Եվ վերջինը. կառավարությանը խորհուրդ կտայի փոխել Ակադեմիական քաղաքի «խոսող դեմքերին». առավել անհամոզիչ կերպար, քան ԿԳՄՍ պատասխանատու պաշտոնյայի կիսաքնած կերպարն է, դժվար թե կարելի լիներ գտնել:

Այնուամենայնիվ, ԲԱ՛ՐՁՐ ՄՆԱՑԵՔ:

Պրոֆեսոր
Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930