«Անցյալդ մոռանալով ապագա չես կառուցի, քանի որ ձեր կարգախոսի մեջ էլ կա ապագա կա, ենթադրում եմ՝ այդ ապագայի մեջ պետք է դրված լինեն նաեւ անցյալի սխալները, անցյալից քաղած դասերը, այդ առումով ի՞նչ կասեք»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ժողովրդավարության դպրոցում «Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» վերնագրով դասախոսության ժամանակ նման հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղեց դասախոսությանը ներկա մի երիտասարդ:
«Էսօր մեզ շատ են ասում՝ անցյալը մոռացեք, խոսքը անցյալը մոռանալու մասին չէ, խոսքը անցյալի հետ հարաբերվելու բանաձեւի մասին է: Որպես պետություն ստեղծած ժողովուրդ ու հանրություն հարաբերվելն ուրիշ բան է, որպես կորուսյալ հայրենիքի փնտրտուքով ապրող ժողովուրդ ու հանրություն՝ բոլորովին ուրիշ բան է: Սգալը կարեւոր կուլտուրա է, որ քո սուգն ապրես այնպես, որ դա հարգանքի արժանանա ուրիշների կողմից, որովհետեւ քո սուգը չես կարող անընդհատ վերցնես, գնաս էս հարեւանի, էն հարեւանի տանը լացես, ուր գնաս, ասես՝ եկեք պատից կախենք իմ կորուսյալ հարազատի նկարը:
Ուզենաս էլ չես կարող մոռանաս, խնդիրը դրա հետ հարաբերվելու կուլտուրայի մեջ է, ոնց հարաբերվես: Սգալու կուլտուրային եկանք, հասանք, սա մեր ավանդույթների հետ կապ ունի, մեր սգալու կուլտուրան էլ է փոխվում ու լավ է, որ փոխվում է: Իսկ ո՞վ է ասում մոռանալ, ի՞նչը մոռանալ, մոռանալ դու ո՞վ ես, ո՞վ կարող է երբեւէ նման հարց բերել:
Այսինքն՝ մոռանալ անցյա՞լը: Նման հարց երկրագնդի պատմության մեջ չկա, նման թեմա կա միայն Հայաստանում, որը բստրում է մեր ընդդիմությունը: Մարդկության պատմության օրակարգում երբեւէ նման հարց գոյություն չի ունեցել՝ մոռանալ անցյալը, ո՞նց մոռանալ, թող մեկը բացատրի: Հո համակարգիչ չէ, ֆայլը ջնջենք, ասենք ՝վե՛րջ, գոյություն չի ունեցել»,- պատասխանեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ