Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում անդրադարձավ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ 2020-ին ստորագրած զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արգելվել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը, քանի որ հայկական կողմը գտել է, որ ազգային արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ են հնչել այդ հաղորդաշարի ընթացքում։
ԲՏԱ նախարարն ասուլիսում ասաց, որ համաձայնագրում հստակ նշված է՝ ինչ չի կարելի հնչեցնել հեռարձակման կամ եթերի ընթացքում այն հեռուստաալիքներում, որոնք գտնվում են հանրային մուլտիպլեքսում։ Իսկ ՀՀ հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում է ռուսական երեք ալիք, մինչդեռ ՌԴ-ում հայկական հանրային հեռուստաընկերությունը չի հեռարձակվում:
Նախարարի խոսքով՝ փաստաթղթում նշված են խաղի կանոնները, բայց այդ կանոնների խախտման դեպքում սանկցիայի որեւէ մեխանիզմ չկա եւ հայկական կողմը փաստաթուղթը ստորագրելիս ակնկալել է, որ խնդիրները կկարգավորվեն խորհրդակցություններով։ Սակայն, ինչպես նախարարն ասաց, խորհրդակցությունների ժամանակ ի հայտ են եկել տարընկալումներ սանկցիաների, այս կամ այն հայտարարության վերաբերյալ, ասենք՝ դա խոսքի ազատության դրսեւորո՞ւմ է, թե՞ դրույթների խախտում․ «Տխրությամբ պիտի ասեմ, որ կոնսուլտացիաների մեր երկու փորձերից հետո չենք կարողացել գալ կոնսենսուսի, որ այս կամ այն արտահայտություն էքսպերտի կամ լրագրողի խախտում է։ Արձանագրել ենք, որ տարբեր կերպ ենք պատկերացնում այն ձեւակերպումները, որոնք համաձայնագրում տեղ են գտել 2020-ին, եւ հարց բարձրացրել՝ արդյոք չկա՞ անհրաժեշտություն համաձայնագիրը խմբագրելու, քանի որ այն դրույթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում, չեն աշխատում»։
Կարդացեք նաև
Իսկ փաստաթղթում, ինչպես ասաց նախարարը, հստակ նշված է, որ կողմերը զերծ պետք է մնան այլ պետության եւ նրա ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններից։
Մխիթարյանի վստահեցմամբ՝ հայկական կողմը հանգել է այն եզրակացության, որ խոհրդակցության գործիքը չի աշխատում եւ ուրեմն պետք է դիտարկել փաստաթղթում նոր գործիքներ ներառելու անհրաժեշտությունը․ «Մեր նպատակը ո՛չ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքների փակելը։ Մեր նպատակն է, որ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին, որովհետեւ մենք պատասխանատու ենք մոտենում մեր ստորագրությանը»։
Մխիթարյանի խոսքով՝ նախարարությունը ցանկություն չունի փակել գործընկեր երկրի հեռուստաալիքները այս կամ այն անձանց նկատմամբ իր անձնական վերաբերմունքի պատրվակով։
Նախարարի ներկայացմամբ՝ խնդիրն այն է, որ պետք է սահմանվեն վարքագծի հստակ կանոններ, որոնց պահպանմանը կհետեւեին երկու երկրների լիազոր մարմինները։
Մխիթարյանն ասաց, որ ռուսական կողմին ասել է՝ եթե մեր փաստարկները չընկալվեն, մենք կարող ենք մտածել համաձայնագրի դադարեցման մասին, բայց ի սկզբանե դրան չենք ձգտում։ Եթե մենք այս կամ այն պատրվակով ձգտեինք դրան, մենք չէինք առաջարկի բարելավել այդ համաձայնագիրը։
Նախարարն ասաց, որ այս շաբաթ կփորձեն վերջնականացնել հայկական կողմի առաջարկները համաձայնագրի առանձին կետերի վերախմբագրման մասին․ «Մենք ունենք առաջարկներ, հստակ պատկերացումներ։ Առաջիկայում այն կներկայացնենք»։
Նա հիշեցրեց խորհրդարանում այս թեմայի վերաբերյալ իր հայտարարությունը, ըստ որի եթե կողմերը համաձայնության չգան, համաձայնագրի խզումից զատ այլ բան չեն դիտարկում․ «Հիմա այլ սանկցիաներ եւս դիտարկում ենք, բայց այնուամենայնիվ, հարցն այն է՝ եթե կա խախտում, ինչպես վարվել դրա հետ։ ՀՀ-ն պիտի պաշտպանի իր հեռուստադիտողի արժանապատվությունը։ Կրկնում եմ՝ մենք շատ կառուցողական ենք մեր վարքագծում, փորձում ենք հասկանալ՝ ինչն է խնդիրը, որ չենք կարող ֆիքսել՝ եթե եղել է խախտում, ապա դա պետք է ունենա հետեւանք։ Մենք հավատում ենք, որ հետեւանքի սահմանումն ինքնին կկանխի բազմաթիվ այլ խախտումներ եւ որոշ հաղորդավարներ ավելի պակաս սանձարձակություն կդրսեւորեն տվյալ եթերների ընթացքում։ Չենք բացառում համաձայնագրի խզումը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ