Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՏԱ նախարար․ Ինժեներական գերհամակարգիչն ամբողջական կտեղադրվի եւ կմիացվի ապրիլի վերջին

Ապրիլ 15,2024 15:52

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտադիր է սիլիկոնյան հովտում ունենալ տեխնոլոգիական կցորդի գրասենյակ։ Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա հույս հայտնեց, որ մտադրությունը կարողանան կյանքի կոչել, որի դեպքում ծրագիրը ՀՀ-ին հնարավորություն կտա կիրառել գլոբալ տեխնոլոգիական ռեսուրսները, խրախուսել միջազգային համագործակցությունները, արագացնել կենսունակ եւ նորարարական տեխնոլոգիական կենտրոնների զարգացումը, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նախարարն ասաց, Հայաստանը դիրքավորել որպես համաշխարհային խաղացող։

Անդրադառնալով «Ինժեներական քաղաք» ծրագրին, Մխիթարյանն ասաց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի Համաշխարհային բանկի կողմից ծրագրի ֆինանսավորման դադարեցման դեպքում պետբյուջեի միջոցներով ինժեներական քաղաք ծրագիրն ավարտին հասցվի․ «Այս առումով կառավարության ներսում ունենք կարծես թե ըմբռնում, որ պետական միջոցներով պետք է ծրագիրն ավարտենք, թղթին դեռ որոշում չկա, բայց մենք լավատես ենք։ Ներկայումս շինարարական աշխատանքներն այնտեղ շարունակվում են։ Քանի որ կապալառուն իրանական ընկերություն է, ես երկու անգամ հանդիպել եմ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ բացառապես այս ծրագրի ապագայի հետ կապված, խնդրել ենք Իրանի մեր գործընկերներին աջակցել մեզ եւ համապատասխան երկխոսություն ապահովել կապալառու ընկերության հետ՝ հնարավորինս բազմապատկելու ջանքերը, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ավարտվեն շինաշխատանքները եւ որպեսզի տեխնոլոգիական ինժեներական ընկերությունները սկսեն գործել այդ տարածքում»։

«Ազգային գերհամակարգչային կենտրոն» ծրագրի մասին էլ նախարարն ասաց՝  ինժեներական այս գերհամակարգիչը եւս լինելու է ինժեներական քաղաքի տարածքում, առաջին եռամսյակում իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ եւ գերհամակարգչի ամբողջական տեղադրման եւ միացման աշխատանքները ծրագրված է ավարտել շատ մոտ ապագայում, նախատեսված է ապրիլի վերջին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930