Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի համար ավելի լավ նվեր, քան ՀՀ իշխանության տարբեր դեմքերի կողմից չորս գյուղերը ադրբեջանական հռչակելը, պարզապես չի կարող լինել»․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 15,2024 15:16

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականին՝ անդրադառնալով մի քանի դրվագների, որոնք 2023 թվականին են տեղի ունեցել՝ ողբերգական ավարտով։

«2023 թվականի այս օրերին Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան էր, որի հետեւանքով հեկտարներով հողեր պարզապես վերածվեցին ադրբեջանական կրակակետերի։ Եվ իշխանությունը խոսում է այն մասին, որ իրենք պայքարում են ՀՀ ամեն սմ համար, ասում են, որ այս կամ այն գյուղը հայկական չէ, ադրբեջանական են հռչակում, գոնե Տեղ գյուղը նրանք ի սկզբանե հայտարարել էին Հայաստան, բայց պարզվեց, որ նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանը գալիս եւ օկուպացնում է։ Մեկ տարի առաջ այս օրերին իշխանություններն ասում էին՝ ադրբեջանցիները եկել նստել են Տեղ գյուղի հատվածում, բայց մենք բանակցում ենք, որպեսզի դա հետ բերենք։ Մեկ ամիս, երկու, երեք, չորս ամիս, ի՞նչ է տեսել քաղաքացին։

Երկրորդը դա նախորդ տարի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ռազմական գործողություններն էին, որպես դրա հետեւանք՝ արցախցիների բռնի տեղահանությունը, եւ այդ պարագայում Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարության 2023 թվականի զեկույցի կատարողականը որեւէ ձեւով չի կարող մեր հանրության համար բավարար գնահատականի արժանանալ»։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ իշխանությունը փորձում է նոր հիմնավորումներ գտնել, թե ինչո՞ւ չի կատարել կառավարության ծրագիրը։ «Ասում են՝ նոր իրադարձություններ են տեղի ունենում, իրավիճակ է փոխվում, եւ այդ իրավիճակում մենք էլ մեր խոստումները չենք կատարում։ Սա մեր հասարակությանն ուղղված բավական կարեւոր արձանագրում է առ այն, որ իշխանությունը կարող է մեկ իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անել ճիշտ հակառակը»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով իշխանությունների միակողմանի զիջումներին, ասաց․ «Նույնիսկ այն պարագայում, երբ իշխանությունը գիտի, որ այս կամ այն քարտեզի կամ իրավական բազայի հետ կապված Հայաստանն այս կամ այն շրջանում ունեցել է առավելություն, նրա մոտեցումը հետեւյալն է՝ Ադրբեջանը չի ընդունում որեւէ քարտեզ, որեւէ իրավական հիմք, որը բարենպաստ է Հայաստանի համար, իսկ մենք ստիպված գնում ենք ադրբեջանական մոտեցումն ընդունելու, որովհետեւ դրա այլընտրանքը պատերազմն է։ Ահա սա է իշխանության դիրքորոշումը, իշխանության մոտեցումը, ահա սա է իշխանության խոստացած հեռանկարը»։

Պատգամավորն ասաց, որ Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի եւ ահաբեկման եղանակով։ Նա որպես օրինակ բերեց Տավուշում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը․ «Այսինքն՝ իբրեւ գնում են մարդու հետ երկխոսելու, իրավիճակ ներկայացնելու, բայց դա այլ ձեւ, քան ահաբեկչություն որակել, պարզապես չեմ կարող։ Հայտարարեց, որ եթե պատերազմ լինի, մեր բանակն էլ պատրաստ չէ դրան։ Այսինքն՝ բանակին այդպիսի ծանր հարված հասցնելը այս իշխանության հակապետական գործունեության ոչ եզակի դրսեւորումներից մեկն է։ Այն մարդիկ, որոնք առնչվում են զինված ուժերին, որոնք առհասարակ տիրապետում են զինված ուժերի հետ կապված զարկերակին, նրանք լավ գիտեն, թե մեր զինծառայողների եւ բանակի վերաբերյալ ցանկացած հայտարարություն ինչ ազդեցություն է ունենում եւ հետագայում դա ինչ ծանր հետեւանքներ կարող է ունենալ»։

Նա նշեց, որ ըստ հարցումների՝ մեր բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է այսպես կոչված սահմանային ճշգրտումների այն տարբերակին, որն առաջ է քաշում իշխանությունը․ «Կոնկրետ այդ 4 գյուղերի հետ կապված գործընթացը կոնկրետ սահմանազատում-սահմանագծում համարել պարզապես չենք կարող։ Այլ բան, քան դա միակողմանի զիջում համարել, չենք կարող։ Եվ հիմա իշխանությունը համարում է, որ այն նախաձեռնությունները, որոնք կարող են ծանր հարված հասցնել իր պրոցեսին, դա հղի է իշխանության պահպանման հանգամանքով։ Եվ բնական է, որ այս գործընթացը դրանով պայմանավորված պետք է ձգձգվեր»։

Ըստ Աբրահամյանի՝ իշխանությունը փորձում է այս փուլում իրավիճակը որոշակի շտկել, դաշտ մտցնել մեծ թվով կեղծիք եւ կեղծ օրակարգեր։ Կեղծ դիլեմաներից մեկն էլ «պատմական Հայաստան-իրական Հայաստան» խոսույթն է, որն, ըստ պատգամավորի, դաշտ է նետվել նրա համար, որպեսզի արհեստական օրակարգերով փորձեն հետին պլան մղել ճշմարտությունը։

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ եթե կա իրական սահմանազատման-սահմանագծման գործընթաց, ապա Հայաստանի իշխանությունն ի սկզբանե չպետք է տարբեր գյուղեր հայտարարեր որպես ադրբեջանական եւ նոր միայն դրանից հետո սկսեր խոսել սահմանազատման-սահմանագծման գործընթացի մասին։

«Հատկապես այսպիսի պրոցեսները կարող են երկար գնալ, բայց իշխանությունն իր քայլն արել է, եւ ըստ էության լեգիտիմացրել է ադրբեջանական հնարավոր ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսինքն՝ եթե դելիմիտացիայի ժամանակ իրավական հիմքերի, քարտեզների ամրագրումներն են, ապա դեմարկացիան կոնկրետ հողի վրա աշխատանքն է, որը ենթադրում է նաեւ բանակցություններ։ Բայց իշխանությունը գնում է վատթարագույն ճանապարհով։ Երբ իշխանությանը հարցնում ես՝ ինչո՞ւ ես գնում ամենավատ ճանապարհով, ասում է՝ որովհետեւ կռիվ կլինի։ Բանակին թիրախավորում եք, բանակի մարտունակությունը դնում եք կասկածի տակ, բա 6 տարի է՝ դուք եք իշխանության, չէ՞։ Մի իշխանություն, որը վեց տարի է, պետության գլխին է, երբ գալիս ասում է՝ եթե Ադրբեջանը հարձակվի, ապա մեր բանակն իր խնդիրը չի կարող լուծել, դա պարզ գնահատականն է նրա իշխանության՝ նվազագույնը անվտանգության ուղղությամբ իրականացված քաղաքականության ու վառ տապալումներին»,- ընդգծեց նա։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն իր համար այսօր առաջնային է համարում ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելը, այլ սահմանափակ ճակատով այնպիսի գործողությունների դիմելը, որոնք կարող են իր համար լրացուցիչ մարտավարական եւ ռազմավարական առավելություն ապահովել։ Հատկապես, եթե դա զուգորդվում է Հայաստանի իշխանությունների կողմից դրա համար բարենպաստ դաշտի ձևավորմամբ։ «Ադրբեջանի համար ավելի լավ նվեր, քան Հայաստանի իշխանության տարբեր դեմքերի կողմից չորս գյուղերը ադրբեջանական հռչակելը, պարզապես չի կարող լինել։ Ես դրանով է պայմանավորված, որ ես կարծում եմ՝ Ադրբեջանն այս պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների գնալու խնդիր չունի, ինչը չի բացառում լոկալ բնույթի գործողություները։ Որեւէ մեկը չի կարող բացառել, որ այլ լոկալ գործողություններն ինչ-որն փուլում կարող են վերածվել լայնամասշտաբի»,- հավելեց նա։

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930