ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվել են մի քանի ներքին փորձարկումներ մի քանի զինատեսակի եւ մի քանի կառավարման համակարգերի գծով․ դրանք մոտ ապագայում հնարավորություն կունենան կիրառվել ՀՀ ԶՈՒ-ում։ Այս մասին այսօր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ներկայացնելով նախարարության՝ հունվարի 1-ից մինչ օրս իրականացրած աշխատանքները, նախարարն ասաց, որ հանդիպում է եղել ռազմարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ, վերհանվել են բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, որոնց առնչվում են ընկերությունները․ «Ակնկալում ենք, որ դրանց մի մասը կլուծենք»։
Նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, հիմնական փոփոխություններից է՝ նախարարության, ի դեմս ռազմարդյունաբերության կոմիտեի գործառույթների շրջանակների ընդլայնումը, որով հնարավոր կդառնա իրականացել փորձանմուշների ստեղծման ֆինանսավորման, բաղադրիչների եւ դրա մասերի ձեռքբերման, պահուստավորման եւ արտադրության, ինչպես նաեւ արտահանման խթանման նպատակով ներքին պահանջարկ ունեցող արտադրատեսակների տեխնիկական բնութագրի համապատասխանության հավաստման գործառույթներ։
Նախաձեռնվել է ռազմարդյունաբերական կոմիտեի նոր կառուցվածքի նախագիծը, որը հնարավորություն է տալու կոմիտեի գործառույթներն իրականացնել է՛լ ավելի արդյունավետ եւ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման տեսլականին, օրենսդրությանն ու կանոնադրությանը համահունչ դարձնել։
Կարդացեք նաև
Նախարարի ներկայացմամբ՝ ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական խորհրդի նիստում հաստատվել են հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման որոշ հայտեր, որոնք ներկայացվելու են ռազմարդյունաբերության հանձնաժողովի առաջիկա նիստում։
Ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում գրանցվել են համալիրի գործունեությամբ զբաղվող մի քանի նոր ընկերություններ։
Մխիթարյանի խոսքով՝ մշակվել է ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտների արտադրական հզորությունների զարգացման հիմնադրամի հայեցակարգը, որը հնարավորություն է տալու, եթե հաջողվի այն կյանքի կոչել, մեծ արդյունավետությամբ զարգացնել ոլորտը, այն դարձնել տնտեսության հատված, գրավիչ ներդրողների եւ արտադրողների համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ