Ապրիլի 12-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է «Զարթոնք»-ը։
Ուրբաթ երեկոյան գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է հրկիզվել։ Այս մասին տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզման կասկածանքով։
Ինչպես հայտնում է «Զարթոնք»-ը, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885 թվականին։ Միջադեպերի հետևանքով 19 նոճի է այրվել։
Վարչակազմը մտահոգված է միջադեպերով, քանի որ դրանք համարում է նպատակային հարձակումներ։
Կարդացեք նաև
Այս գերեզմանատանը թաղված են բազմաթիվ հայ ականավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և այլք։
Վարչակազմը չի բացառել, որ հրկիզումը կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջիկա օրվա հետ, որը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։
Նախնական տվյալներով, ծառերի փոխարինումը կարժենա մոտավորապես 25 հազ․ դոլար։