9-ամյա Սոսը 3 օր հիվանդանոցում է անցկացրել. շները հարձակվել են վրան։
«Եթե միայնակ լիներ, միգուցե ավելի խորը լինեին վերքերը,-պատմում է Սոսի մայրը,-ոչ մի ձև չէի կարողանում երեխային շան բերանից ազատել։ Առաջին դեպքը չէ, գոնե կանխեն, որ հետագայում այլ երեխաներ չտուժեն։ Եթե մենք իր հետ չլինեինք, ես չգիտեմ՝ ինչ կարող էր լինել»։
Թափառող շները վտանգավոր են հասարակության համար. Արարատի մարզի բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանում չեն զբաղվում թափառող կենդանիների հարցերով։
Կենդանիների պաշտպանները բացատրում են, որ պատճառը սովն է։ Բացի այդ, կատաղության դեմ ներարկումներ չեն կատարում, ստերջացնում են, բայց հատուկ խնամքի միջոցներ են անհրաժեշտ։
Կարդացեք նաև
Մարդիկ էլ անմասն չեն, հաճախ վատ են վերաբերվում կենդանիներին. հարվածում են քարով, հաճախ լինում են նաև թունավորման ու ստերջացման դեպքեր։
Արամ Աբելյանի շանը առանց տեղեկացնելու ստերջացրել են՝ բացատրելով, որ մտածել են, թե թափառական կենդանի է։
«Շանս որոշեցի զբոսնելու տանել, արդեն սովոր է, առանց ինձ պտտվում է այգում, տուն վերադառնում։ 4 օր չկար շունս, հայտարարություն տվեցի, հետո ինչ-որ անձինք հայտնվեցին, որ բացատրեցին, թե քաղաքապետարանի աշխատակիցներ են, շանս տեսել են, իմացել՝ թափառական է, վերցրել տարել են, ստերջացրել։ Ներողություն խնդրեցին ընդամենը իրենց արարքի համար, բայց դա անելու բան չէ, ուղղակի պետք է վերահսկել էս ամենը»։
Քաղաքացիները սպասում են քաղաքապետարանի արձագանքին։ Երևանի քաղաքապետարանի թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը պատասխանեց, որ տեղյակ են, իրենք էլ են այդ ամենը տեսնում, խնդրով զբաղվում են։
«Աշխատակիցները երբեմն շփոթում են, մենք էլ չենք տարբերում։ Պարզապես մարզերի շները գալիս են Երևան, մենք հո չե՞նք կարող բոլոր շների ճանապարհները վերահսկել, թե որ ճանապարհով են իրենք շրջանից տեղափոխվում Երևան»։
Խոստանում են նաև հանգստյան օրերին աշխատել, պարզապես հիմա աշխատում են ընդամենը 1 մեքենայով, որը շները արդեն ճանաչում են և տեսնելիս՝ փախչում։
Մի կողմից բնակիչներ են, որոնք տուժում են թափառական շների հարձակումից, մյուս կողմից՝ մարդիկ, որոնք ուզում են կանխել հարձակումները՝ կացարաններ տրամադրելով։
Արին-Բերդի փողոցում «Փրկենք կենդանիներին» կազմակերպության ղեկավար Նունե Մեհրաբյանը կենդանիների համար կացարան է ստեղծել։
«Կացարանի բոլոր շներն էլ իսկապես շատ ծանր ճակատագրեր ունեն, ոչ ոք իր քմահաճույքով էստեղ չի հայտնվել։ Մեծ մասամբ բնակիչներն են այստեղ բերել՝ իմանալով, որ էստեղ գոնե չեն ոչնչացվում։ Ունենք բազմաթիվ կրակած շներ, վիրավոր շներ, որոնք մնալով ապաքինվեցին։
Կացարանում բոլոր շներն ունեն անուններ։ Կերակրելու համար տրամադրվում է մոտ 30 կիլոգրամ չոր կեր, կամավորները նրանց համար ճաշ են պատրաստում»։
Կացարանն այժմ գերծանրաբեռնված է, չեն կարողանում նոր շներ վերցնել։ Հիմնականում որդեգրում են փոքր շներին, իսկ մեծերը խնամվում՝կամավորների կողմից։
«Կան բարի և բարեգործ մարդիկ, որոնք հասկանում են, որ սա հանդիսանում է երևի թե միակ օթևանը, որտեղ կենդանիները ապրում են, և այդ ցանկում չկա որևէ օլիգարխ և բիզնեսմեն։ Պարզապես արժանապատվություն ունեցող մարդիկ են»,-պատմում է Նունեն։
Քաղաքապետարանը տարիներ առաջ 120 միլիոն դրամ է տրամադրել ՝շների հարցով զբաղվելու համար։ Սակայն Նունե Մեհրաբյանը ասում է, որ գումարը ամբողջությամբ նպատակին ծառայելու դեպքում այսօր հարցը լուծված կլիներ։ Կան շատ կամավորներ, որոնք պատրաստ են նաև մարզերում կացարաններ ստեղծելուն, միայն թե պետք է ֆինանսավորել այն։
Լենա ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի