Իրանագետ Ժաննա Վարդանյանն իր «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքում գրում է
Եթե ամփոփենք տեղի ունեցածը․
Իրանը պետք է պատասխաներ Դամասկոսում իր դեսպանատան դեմ Իսրայելի հարձակմանը։ Այդ պատասխանը քարոզչական մակարդակում պետք է լիներ ազդեցիկ ու հուժկու:
Գործնականում ի՞նչ վնաս է տվել Իրանի հարձակումը՝ հստակ պարզ չէ․ կողմերը հակառակ պնդումներ են անում։ Իրականությունը, հավանաբար, մեջտեղում է։
Կարդացեք նաև
Այս առումով իրավիճակը նման է 2020 թ․ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքում ԱՄՆ ավիաբազայի հրթիռակոծմանը։ Նախքան հրթիռակոծելը իրանական կողմը տեղեկացրել էր ԱՄՆ-ին ու Իրաքին։ Հետո Թեհրանը խոսում էր, որ ամերիկյան կողմը զգալի զոհեր է ունեցել, Վաշինգտոնը հերքում էր։ Ամիսներ անց պարզվեց, որ ԱՄՆ զինծառայողներ էին վիրավորվել։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Իրանը պատերազմ չի ցանկանում ու սահմանափակվում է այս գործողությամբ։
Իրավիճակը կարող է փոխվել Իսրայելի կողմից ավելի մեծ արձագանքի դեպքում։
Իրանից շարունակում են տարբեր մակարդակներում ուղերձներ հղել, որ հետագա սրացումներից խուսափելու համար Իսրայելը չպետք է արձագանքի Իրանի գործողությանը։
Անգամ եթե հետագա սրացումներ չլինեն, փաստ է, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թևակոխել է նոր փուլ․ Իսրայելն արդեն Իրանի դիվանագիտական կառույց է թիրախավորում, իսկ Իրանն էլ առաջին անգամ սեփական տարածքից է հարվածներ հասցնում։
Բայց այս փուլում Իրանի համար Իսրայելին լուրջ վնաս հասցնելն առաջնային նպատակ չէր։ Առաջնային էր Իսրայելի հարվածն անարձագանք չթողնելը, ուժի ցուցադրությունը, կարողությունների փորձարկումն ու արձագանքների շոշափումը։