Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է Իրանին առաջարկի համագործակցություն՝ հիմնված երրորդ կողմերին տարածաշրջան չթողնելու սկզբունքի վրա․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 14,2024 10:10

Ապրիլի 1-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ եւ շոշափեց տարածաշրջանային ձեւաչափով «3+3» հարթակի վերագործարկման թեման։ Հետաքրքիր է՝ ինչու հանկարծ հիշեցին վաղուց, կարծես թե, մոռացված այս ձեւաչափը: Հասկանալի է, թե ինչու. նրանք համարեցին, որ առանց Իրանի այլեւս հնարավոր չէ որեւէ խնդիր լուծել տարածաշրջանում. սա 1920-ականները չեն։ Կովկասի նախկին «վարչապետը» վերադարձել է՝ ու վերադարձել է իր քմահաճույքներով։ Վերջին խոսքն այժմ նրանն է…

Սա, իհարկե, չի հեշտացնում Երեւանի գործը։ Բայց եթե ՀՀ իշխանությունները գեթ մի կաթիլ խելք ունեն, ապա տարածաշրջանային ուժերի հարաբերակցության մեջ կարող են տեսնել ոչ միայն պետականությունը պահպանելու, այլեւ աշխարհի գրեթե բոլոր դերակատարների հետ հավասար խոսակցության մեջ մտնելու լուրջ հնարավորություն։ Շարունակել մսխել մեր տարածքները թուրքերի ու ռուսների բարեհաճության հույսով՝ ուղղակի հիմարություն է, եթե ոչ զավեշտ։ Մեր հակառակորդները վաղուց ցույց են տվել, որ իրենց ոչ թե տարածքներն են հետաքրքրում, այլ պետականության իրավունքը։ Ավելի ստույգ՝ նրանց հետաքրքրում են այն մեխանիզմները, որոնք կստիպեն Հայաստանին՝ հրաժարվել պետականության իրավունքից։

Բայց ո՞րն է նրանց ուզածը Իրանից։ Իրանական քաղաքականության հիմքում ընկած է երրորդ երկրների մուտքը տարածաշրջան կանխելու սկզբունքը։ Միակ հանգամանքը, որն Իրանին մոտեցնում է Ռուսաստանին եւ Թուրքիային, տարածաշրջանում արեւմտյան երկրների զորքերի հայտնվելու սպառնալիքն է։ Հայաստանին ուղղված մեղադրանքը, թե նա փորձում է իր տարածքում արեւմտյան երկրների զորքեր տեղակայել, Իրանին Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ դաշինքի մեջ ներքաշելու միակ մեխանիզմն է։

Սա այն է, ինչ անում է Ռուսաստանը՝ փորձելով համոզել Իրանին, որպեսզի նա աջակցի տարածաշրջանում 3+3 ձեւաչափին։ Հայաստանի համար պետք է պարզ լինի, որ այս ձեւաչափի քաղաքականության էությունն իր մեկուսացումն է Արեւմուտքից եւ ստիպելը կատարելու ռուս-թուրքական դաշինքի կամքը՝ ճեղքել Սյունիքով միջանցքը եւ գրավել Հայաստանի տարածքը։ Բայց խնդիրն այն է, որ հիմնավոր հակասություն կա Հայաստանի տարածաշրջանային երեք հարեւանների շահերի մեջ։

Համաձայնելով տարածաշրջան երրորդ ուժերի մուտքը կանխելու համար համագործակցել 3+3 ձեւաչափի շրջանակներում, Իրանը հանդես է գալիս իբրեւ ՀՀ տարածքում ընդլայնման հակառակորդ։ Հենց այստեղ է, որ հնարավորությունների պատուհան է առաջանում մեզ համար։ Հայաստանը պետք է Իրանին առաջարկի համագործակցություն՝ հիմնված երրորդ կողմերին տարածաշրջան չթողնելու սկզբունքի վրա: Նման համագործակցությունը, արեւմտյան երկրների հետ Հայաստանի համագործակցությամբ հանդերձ, կարող է ապահովել Երեւանի շուրջ շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն չի կրում Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, սակայն պատրաստ է օգնել նրան՝ պաշտպանելու իր անվտանգությունը։ Ըստ այդմ, Հայաստանի այս ռազմավարությունը չի կարող առանձնահատուկ դժվարություններ առաջացնել ԱՄՆ-ի համար։ Հատկանշական է, որ ՀՀ-ի առաջարկած ռազմավարությունը բավական ձեռնտու է հարեւան Վրաստանին. այս երկրին նույնպես անհրաժեշտ է ռուս-թուրքական ճնշմանը հակազդելու մեխանիզմ։

Երբեմն արժե այսպես նայել աշխարհին եւ ինքդ քեզ:

 

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930