Ողջունելով «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության հավաքի մասնակիցներին՝ Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանը խոսեց կարճ եւ ըստ էության։ «Ես գիտեմ, որ բոլորիդ հետաքրքրում է ոսկեպարցիների տեսակետը իրենց ներկայացված սահմանագծման եւ սահմանազատման հարցի կապակցությամբ։ Երկար պատմություն չեմ ասում, որովհետև դրանց ներկայացրածին Ոսկեպարի յուրաքանչյուր աշակերտ կարող է պատասխան տալ, թե հետեւանքները ինչի են տանելու։ Ես ոսկեպարցիների անունից ասում եմ, որ ոսկեպարցին ոչ է ասել միակողմանի զիջմանը։ Չի լինելու նման բան։ Ոսկեպարցին ոչ է ասում իր տան շեմով գիծ տանելուն։ Սահմանը չի լինելու նրա բակով։
Ոսկեպարցիք գծել են սահմանը եւ ցույց են տվել այդ այրերին։ Դա շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը։ Ահա ձեզ սահման։ Գնացեք եւ թղթի վրա հաստատեցեք։
Ժողովուրդ ջան, ոսկեպարցին կանգնել է, կանգուն է մնալու։ 90-ականներին էլ ենք կռվել։ Հաղթանակն այստեղից է սկսվելու, այստեղից էլ գնալու է եւ պատմական Հայաստան ենք ստեղծելու։ Կեցցե՛ ոսկեպարցին, կեցցե՛ Հայաստանը»,-ասաց գյուղապետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ