Գրողների միության եւ համալսարանների շենքերը վաճառելու են։ Այս մասին Հայաստանի Գրողների միության համագումարում ՀԳՄ շենքի վերաբերյալ Գլխավոր դատախազության՝ Վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի քննարկման ժամանակ ասաց գրող Խաչիկ Մանուկյանը։
Գլխավոր դատախազությունը հայտնել է Հայաստանի Գրողների եւ Նկարիչների միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնության մասին։
Խաչիկ Մանուկյանը կոչ արեց միասնական պայքարել այս որոշման դեմ։ «Եթե աղմուկ է բարձրացվում, եթե տեսնում են, որ այստեղ ուժ գոյացավ, ուժից նահանջում են։ Մնացածը՝ հույզեր, կարոտ, ապրումներ, ոչինչ իրենց համար նշանակություն չի ունենալու։ Ես գիտեմ, որ շենքերը վաճառվելու են, պետական մեծ պարտք կա։ Եվ գիտեմ նաեւ, որ թելադրողներ կան, թե ովքեր ինչ են ուզում։ Հստակ գիտեմ, թե համալսարանի շենքն ինչու է օտարվում, մյուսը, մյուսը։ Դրանք վաճառվում են, վաճառվելու է եւ սա։ Վաճառվելու է եւ այդ գումարն ուղղորդվելու է այլ տեղ, ինչքան փուչ գործարքներ արվեցին, ինչ-որ Սնուփ Դոգ էին բերում, չերգելու համար միլիոններ էին տալիս, այս էին անում, այն էին անում։ Սա էլ, եթե ծախեն, փոշիացնելու են, սրանք երկիր կամ հայրենիք են սարքելո՞ւ, էս մարդը հելնում ասում է՝ ի՞նչ հայրենիք է սա, որ։ Այսինքն՝ սա մեծ խնդիր է, եւ եթե մենք կարողանանք միասնական հանդես գալ՝ բոլոր միություններով, կրթական հաստատություններով, ուսանողներով, մենք կկարողանանք հաջողության հասնել։ Եթե ոչ, ամենափայլուն իրավաբանները չեն կարող սրանց համառությունը՝ հայրենիք կործանողի համառությունը կոտրել։ Ես այս միությունների օտարումը համարում եմ պետության կործանում»,- ասաց Խաչիկ Մանուկանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Գրողների միության շենքի վրա այս իշխանությունները որեւէ իրավասություն չունեն։ «Սրանց որ ասես՝ Ավետիք Իսահակյանից երկու տող ասա, կասեն՝ մենք չենք կարող, գրականությունից թույլ ենք։ Սրանք փող հաշվելուց են ուժեղ, հիմա փող հաշվողի հետ գրական հույզերով, ապրումներով, հայրենատիրոջ զգացողությամբ կարո՞ղ ենք մրցել։ Իհարկե, չենք կարող։ Սրանց հետ աղմուկով, ուժով պետք է լինենք։ Այդ ուժը կգոյացնենք, կունենանք եւ այս միությունները, եւ Հայաստանը։ Չենք գոյացնի, սա էլ կտանեն, Հայաստանն էլ կտանեն։ Եվ ոչ միայն գրողները, այլ ընդհանրապես հայ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի եւ նյութապաշտ շուն շան որդիներին տեղը դնի»,- հայտարարեց Խաչիկ Մանուկյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ