Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պետրոսյան. «Հնարավոր չէ խուսափել այն պատերազմից, որն արդեն իսկ մեզ հայտարարված է, մեզ մնում է միայն այն հասցնել հաղթական ավարտին»

Ապրիլ 13,2024 21:07

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, այլեւս տավուշցի Սուրեն Պետրոսյանը Ոսկեպարում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքում իր եւ ընկերների անունից խորին շնորհակալություն հայտնեց Ոսկեպարի բնակիչներին բացառիկ ջերմ ընդունելության արժանացնելու եւ իրենց որպես ոսկեպարցիների վերաբերվելու համար:

«Դա ոչ միայն պատիվ է, այլեւ բարձրագույն պատասխանատվություն: Մենք եկանք այստեղ ոսկեպարցիներին աջակցելու համար, բայց ստացվեց այնպես, որ ոսկեպարցիները մեզ ավելի շատ աջակցեցին:

Հարգելի հայրենակիցներ, մեզ արդեն երկար ժամանակ է, ինչ վախեցնում, սարսափեցնում են պատերազմով՝ ասելով, որ եթե չհանձնվենք եւ չհանձնենք, ապա կլինի պատերազմ, որից առաջին հայացքից ելք չեն գտնում: Շատերը, սակայն, նաեւ համոզված են, որ միակողմանի զիջմամբ եւ նվաստացմանը համակերպվելով՝ հնարավոր է խուսափել պատերազմից: Խնդիրն այստեղ ամենեւին այլ է: Այն, որ շատերը, երբ ասվում է պատերազմ, հասկանում եւ պատկերացնում են միայն ռազմական գործողություններ: Այնինչ, ռազմական գործողությունը պատերազմի ընդամենը մի տեսակ է, այն էլ՝ ոչ ամենեւին ամենասարսափելին եւ մահաբերը: Պատերազմներից ամենասարսափելին եւ մահաբերը արդեն իսկ մեզ հայտարարված է՝ մեր ներսից, սեփական իշխանության կողմից: Բոլոր սրբությունների արժեզրկումը, ամբողջ ազգին հոգեբանական տեռորի ենթարկելը, անօգնականություն եւ անզորություն սերմանելը, պարտվածի, խեղճի հոգեբանության պարտադրումը, մի ամբողջ ազգի պատմությունից, արժանապատվությունից եւ ինքնությունից զրկելը. կա՞ ավելի մահաբեր եւ սարսափելի պատերազմ, քան այն է, որը հայտարարված է: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար, չի կարելի խուսափել այն պատերազմից, որն արդեն իսկ հայտարարված է: Միայն հնարավոր է այն հասցնել հաղթական ավարտին:

Իմ խնդրանքն ու հորդորն է բոլորին. խուսափել իշխանական այս օրակարգից եւ մանիպուլյացիաներից, թե մեր գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի: Մեր գործողությունները այլեւս միայն մեզ հայտարարված պատերազմը հաղթական ավարտին հասցնելուն են միտված: Եվ այդ գործողությունները սկսվել են հենց այստեղից, մարտի 18-ին, երբ իշխանության ներկայացուցիչները փորձելով ահաբեկել ոսկեպարցիներին, խոստանալով, որ կբերեն պատերազմ իրենց վրա եւ դրան կմասնակցի ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ Թուրքիան եւ Պակիստանը, տեսանք արդյունքը ինչ եղավ: Ահաբեկվեցին ոչ թե ոսկեպարցիները, այլ սարսափած է իշխանությունը: Անգամ իշխանական պատգամավորներն այսօր չեն կարողանում մուտք գործել ոսկեպար:

Այսօր այլեւս կա հավաքական երկու խորհրդանիշ: Մի հավաքական խորհրդանիշը ներկայացնում է ներկա իշխանությունը, որը պարտության, նվաստացման եւ ստորացման խորհրդանիշն է: Մյուս հավաքական խորհրդանիշը ոսկեպարցին է, որը պայքարի եւ հաղթանակի խորհրդանիշն է: Եվ յուրաքանչյուրիցս է կախված, թե որ կողմ կլինի մեր ընտրությունը: Կընտրենք պարտվա՞ծը, նվաստացվա՞ծը եւ ստորացվա՞ծը. թե՞ կընտրենք պայքարը եւ հաղթանակը»,- ասաց Սուրեն Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930