Այսօր տեղի ունեցավ «Շանթ դաշինք» կուսակցության երկրորդ համագումարը, որի ժամանակ Շահեն Հարությունյանն ընտրվեց կուսակցության նախագահի պաշտոնում՝ առաջիկա երեք տարիների համար։ Նա հայտարարեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
«Մենք կարծում ենք, որ այժմ Հայաստանում պետք է ձեւավորվեն ազգայնական գաղափարախոսություն կրող իշխանություններ, որոնք առաջնային պլան կբերեն արժեքների հեղափոխությունը եւ ադեկվատորեն կմոտենան Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։ Գիտակցելով այս ամենի կարեւորությունը՝ ցանկանում եմ հիմա հայտնել «Շանթ դաշինքի» մտադրության մասին։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Ընտրությունները կլինեն հերթական, կլինեն արտահերթ, մենք պատրաստվում ենք մասնակցել հաջորդ պառլամենտական ընտրություններին։ Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ իրենց խնդիրը պարզ է եւ հստակ՝ վերականգնել հավատը՝ սեփական երկրում ապրելու, արարելու եւ արժանապատիվ ապագա կառուցելու նկատմամբ, մարդկանց վերադարձնել սեփական ուժերի նկատմամբ վստահությունը։ «Պետք է սկսել հիմքից՝ արմատավորելով ազատության եւ անկախության գաղափարները։ Անհրաժեշտ է բոլորին ցույց տալ համառության եւ միասնականության ուժը»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ