Լրահոս
Օրվա լրահոսը

Սվետլանա Աճեմյան. «Եթե մենք տեր չլինենք մեր երկրին, ապա վստահաբար կգտնվեն ուրիշները, որոնք տեր կլինեն»

Ապրիլ 13,2024 18:20

Ծննդով արցախցի, ապրիլյան եւ արցախյան վերջին պատերազմների մասնակից, երգիչ-երգահան Արթուր Խաչենցը «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության՝ Ոսկեպարում կազմակերպված հավաքում կատարելով ազգային-ազատագրական երգեր՝ ասաց. «Ես Արցախից եմ: Եթե սա էլ զիջենք, Արցախին վերադառնալը ավելի դժվար է լինելու, Տարիներով երազելով Մուշի, Սասունի մասին՝ չենք ուզում զիջել, չենք զիջելու, որովհետեւ նախ եւ առաջ կզիջենք մեր ինքնասիրությունը: Մի օր այստեղից գնալու ենք Արցախ, եթե չզիջենք: Իսկ եթե զիջելով գնանք, ոչ մի տեղ չենք հասնի»:

«Բաբոն տերա» կանանց նախաձեռնության եւ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սվետլանա Աճեմյանը ասաց. «Մենք առաջնորդվում ենք Հայաստանի անկախության պաշտպանության, Հայաստանի տարածքային ամբողջականության եւ Արցախի վերադարձի ու Արցախ վերադարձի առաքելությամբ: Այսօր մեր թիմը Ոսկեպարում է: Բայց մենք մշտապես գտնվում ենք սահմանում կանգնած հայ զինվորի եւ սահմանամերձ հայ գյուղացիների եւ նրանց ընտանիքների կողքին: Երեւանում գտնվող իմ տան դուռը բացվում է սահմանից:

Հաճախ հայ ժողովուրդն ասում է, թե մի ծաղկով գարուն չի գալիս: Բայց այսօր մեկի տեղը հազարավոր ծաղիկներ ունենք: Եթե մենք փակվենք մեր տան պատերից ներս, ապա վստահաբար ոչինչ չի փոխվի: Մեր տան պատերը ապահով չեն, եթե մեր երկրի սահմանները վտանգված են: Մեր հայրենիքը մեր տունն է եւ մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունը պատասխանատվություն է պահանջում: Եթե մենք տեր չլինենք մեր երկրին, ապա վստահաբար կգտնվեն ուրիշները, որոնք տեր կլինեն:

Իմ անցած ճանապարհը, տարիքը ինձ թույլ չի տալիս որեւէ մեկին հորդորել կամ կոչեր հնչեցնել: Բայց ես կարող եմ խնդրել իմ հասակակիցներին, հայրենակիցներին, իմ ընկերներին, հարազատներին: Ես հասկանում եմ, որ մենք հաճախ այս իրավիճակներից  ելքեր չգտնելով  փակվում ենք ինքներս մեր մեջ ու թվում է, թե փախնում ենք այս իրականությունից: Բայց խնդրում եմ, մենք պետք է ոտքի կանգնենք, պետք է կանգնենք կողք-կողքի, որպեսզի կանգնեցնենք այս կործանարար եւ ջախջախիչ ձեռքը, որը կործանում է մեր պետությունը: Որեւէ մեկը Հայաստանում եւ որեւէ տեղ իրավունք չունի իմ երկրում ապրելու իրավունքը,  իմ, մեր , բոլորիս ապագան կործանել ու խլել մեզնից:

Հայ կինը մշտապես եղել է  առաջնագծում, ուստի դրա համար մենք էլ ենք այսօր այստեղ: Ժամանակն է, որպեսզի հայ կանայք, աղջիկները, մեր ավագ քույրերը, մայրերը արտահայտեն իրենց խոսքը, մասը դառնան մեր պետության գոյության համար մղվող այս համառ պայքարի: Մենք հավատում ենք հայ կանանց ուժին:

Այս հրապարակից դուրս գտնվող մնացած բոլոր մարդկանց եմ խոսքս հղում: Դանակը իրապես հասել է ոսկորին: Մենք պետք է միաբանվենք եւ միասին, կողք-կողքի, միմյանց ներկայությունը զգալով՝ կարողանանք ցույց տալ, որ մենք կհաղթահարենք առաջին հերթին մեր երկրի ներքին թշնամուն: Շատերը Երեւանում մտածում են, թե Ոսկեպար գալով եւ ներկայացնելով իրավիճակը՝ չափազանցնում ենք վերահաս վտանգը: Բայց դա այդպես չէ: Ուզում եմ մի պարզ հարց տալ. էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանանք, որ այս ավերը, որը պատել է մեզ, արդեն մեր յուրաքանչյուրի տան դուռը թակել ու ներս է մտել:

Մենք պետք է կանգնենք կողք-կողքի՝ Հայաստանի բոլոր գյուղերում, քաղաքներում, համայնքներում: Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի հարցը տավուշցիների հարցը չէ: Դա Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց Ձերի, Սյունիքի, Երեւանի, Գեղարքունիքի, Լոռու, Արցախից տեղահանված մեր հայերի, աշխարհասփյուռ հայերի հարցն է: Այս հրապարակում հիմա կանգնած են մարդիկ, որոնք Արցախն են ազատագրել, կանգնած են մայրեր, որոնք իրենց զավակների կյանքը զոհել են հանուն մեր հայրենիքի: Մեր թիկունքում  հայկական բանակն է, որը մեր ժողովրդի անբաժանելի մասն է ու հպարտությունը, որին այս իշխանությունը դավաճանեց այնպես, ինչպես դավաճանեց մեր ժողովրդին, Արցախին ու Մայր Հայաստանին: Այս իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետության, իրենց իսկ իշխանության տակ գտնվող պետության տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը երաշխավորել չեն կարող:

Խոսքս ուղղում եմ հայ ժողովրդին: Տեսե՞լ եք գեթ մեկ պետություն, որին այսքան ավեր ու պարտություն բերած իշխանությունը շարունակի պաշտոնավարել: Եվ ոչ միայն պաշտոնավարի, այլեւ բանակցությունների քողի տակ շարունակի անընդհատ հագեցնել թշնամու ախորժակը:

Մենք պետք է կանգնենք կողք-կողքի: Եվ հիմա այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոսկեպարում գտնվող բոլոր ներկաներին, որ մենք կողք-կողքի ենք, որ միասին ենք: Մենք միասին ուժեղ ենք ու միասին բոլորս ունենք նույն նպատակները: Շնորհակալ եմ այստեղ հավաքված տարեցներին, որոնք 30 տարի առաջ պայքարեցին ու հայկական պահեցին ոչ միայն Ոսկեպարը, այլեւ Հայաստանը եւ որոնք այսօր մեզ ուժ են տալիս՝ կողք-կողքի կանգնել ու պայքարել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930