Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է․ Արմեն Աշոտյան

Ապրիլ 13,2024 17:00

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին։

Սմբատ Միքայելյան – «Պարոն Աշոտյան, Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդեք ազգային շարժումը, թե պասիվ կլինեք»։

Արմեն Աշոտյան -Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով, սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս՝ ինձ հասանելիք ցանկացած միջոցով, հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում և այլն։ Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել և ոչ մի օր, ուստի եղել եմ կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից։

Նարինե Միքայելյան – «Ի՞նչ եք կարծում, աշխարհաքաղաքական իրադարձությունների արդյունքում Նիկոլին կստիպեն դրսից հեռանալ, թե՞ ավելի շատ կօգնեն, որ մնա իշխանության»։

Արմեն Աշոտյան – Նիկոլը քաղաքական իմաստով «կենդանի դիակ» է։ Նա դեռևս իշխանություն է, որովհետև հայ ժողովուրդը դեռ չի ժայթքել իր որոշիչ էներգիայով։  Ինչ վերաբերում է դրսին, ապա հյուսիսային «դուրսը», իմ կարծիքով, դեռ հաշվարկում է  թե ինչպես վերադարձնել Փաշինյանին, «Спасибо вла …..» ռեժիմի, իսկ արևմտյան «դուրսը» ակնկալում է Նիկոլից ինստիտուցիոնալ ավարտին հակառուսականության։ Կասկած չունեմ , որ դրանից հետո այդ ուժերը նոր «մաքուր» մարդ կփորձեն բերել իշխանության։ Համաշխարհային մասշտաբով փաշինյանը ամենատոքսիկ ղեկավարների եռյակում է, որոնց պաշտոնավարման և քաղաքական կարիերայի ավարտը ընդամենը ժամանակի հարց է։ Հայաստանի ապագան կտնօրինեն նրանք, ովքեր ավելի շուտ հեռացնեն Նկոլին։ Եվ պարզապես կենսական է, որ սա անի հենց հայ ժողովուրդը։

Գարիկ Սարգսյան– «Հայաստանում, ըստ Ձեզ, ընդդիմության շարքերում կա՞ կոնսոլիդացիա և եթե ոչ, ե՞րբ կլինի, կամ կլինի՞, թե ոչ։ Ե՞րբ կհասունանա պայքարը»։

Արմեն Աշոտյան-Անհերքելի փաստ է, որ Հայաստանի ճնշող մեծամասնությունը դեմ է փաշինյանին, սակայն բաց է այն հարցը թե ում է կողմ։ Նիկոլի զզվածներից բանակը շատ մեծ է, բայց շատ խայտաբղետ։ Ուստի ընդդիմադիր դաշտն էլ լայն դիապազոն ունի՝ սկսած խորհրդարանական ազգային ուժերից վերջացրած այս կամ այն գեոպոլիտիկ բևեռների հարողներից։ Չմոռանանք նաև, որ ընդդիմադիր դաշտում տեղադրել կամ բուժել է տարաբնույթ ականներ և գրպանային գործիչներ։ Խորհրդարանական ընդդիմության միջև հիմնական  հարցի շուրջ կոնսենսուսը տեսանելի է, թեպետ առկա է նաև տարբերություններ, որոնք բնական են։ Կոնկրետ հանրապետականը մշտապես մոտեցել է պայքարին «0 ամբիցիա» և «0 հանդուրժողականություն նիկոլիզիմի հանդեպ» սկզբունքներով։ Միայն Նիկոլին հեռացնելու օրակարգը շատ հայրենակիցների համար սպառիչ չէ․ նրանք ուզում են հասկանալ նաև, թե ինչ է լինելու Նիկոլից հետ (իմ տեսակները, օրինակ՝ շարադրված են postnikol հոդվածաշարում)։ Մի բան ակնհայտ է․ անցյալի և ներկայի միջև պայքարում մենք կորցնում ենք ապագան։ Ուստի առաջնահերթ է դեն նետել նախկիններ Vs (կարդում ես ընդդեմ ԱՇՈՏ՝ Ա․ Աշոտյան) ներկաներ կեղծ դիլեման և շարժվել դեպի առավել լայն կոնսոլիդացիա։

Ռուզան Ստեփանյան – «Պարոն Աշոտյան, երեկ դիտում էինք ձեր դատական նիստի պրոցեսը։ Տեսանք, թե ինչ թվով պատգամավորներ գարանտ կանգնեցի ձեր ազատ արձակվելու։ Ձեզ ազատ չարձակելը ևս մեկ անգամ չի փաստում այն, որ ժողովրդավարությունը մեզ մոտ հավասար է զրոյի։ Եվ  ինչո՞ւ ժողովրդավարության բարձր ջատագով Եվրոպան չի արձագանքում ձեր և մնացած քաղբանտարկյալների վրա կարած շինծու քրեական գործերին»։

Արմեն Աշոտյան-Իմ և մնացած քաղբանտարկյալների գործերով դատական նման վճիռները գալիս են ապացուցելու այն, ինչ ի հակառակ պաշտոնական ճոռոմաբանությանը, արձանագրվում է տարբեր մասնագիտացված միջազգային զեկույցներում։ Այո, Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է քաղաքականացված է և կախյալ է։ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» բարբաջողները կարող են նույն ոգևորությամբ և հաջողությամբ հայտարարել, որ Հայաստանը փղերի բնօրրանն է։ Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է։ Սակայն բոլոր այն միջազգային գործընկերները, որոնք ելնելով իրենց քաղաքական շահերից, շոյում են փաշինյանի գլուխը աչք փակում Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի վրա։ Հանցակից են դառնում այս լայնածավալ քաղաքական ռեպրեսիաներին։ Մեր երկրում արմատավորված է պոպուլիստական հակազգային, ավտորիտար ռեժիմ։ Սակայն Նիկոլի պարագայում անգամ ավտորիտարիզմն է խեղված, քանզի տիպային ավտորիտար ռեժիմները աչքի են ընկնում ոչ միայն ներքին կյանքի բռնաբարություններով, այլև նվազագույնը վերբալ մակարդակում խրոխտ արտաքին քաղաքականություն վարելու  կողմնակիցն են։ Փաշինյանի դեպքում աղաղակող քաղաքական ռեպրեսիաները ուղեկցվում են թուլամիտ և թուլամորթ արտաքին օրակարգով։ Նիկոլը դրսում փիսիկ է, ներսում՝ վիշապ, ինչն էլ ավելի է հյուծում Հայաստանի՝ առանց այդ էլ ավիրված պաշտոնական և դիմադրողական մեխանիզմները։

Արմեն Սարոյան (Աթենք) – «Սփյուռքից հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների, շատ եք անհանգստանում հա՛մ Ձեզ համար, հա՛մ երկրի, ի՞նչ է սրա վերջը լինելու»։

Արմեն Աշոտյան-Չեմ դադարի շնորհակալությունս հայտնել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներին, ովքեր իրենց զորակցությունն ու համերաշխությունն են հայտնում ինձ և ընկերներիս, ովքեր ուժ և լիցք են տալիս չհուսահատվելու և վաղվա օրվա հանդեպ հավատով և հույսով լցվելու համար։ Քանի Նիկոլը իշխանության է, այս դժոխքին վերջ չի լինելու, և հայ ժողովուրդը շարունակելու է կորցնել զավակներ, տարածքներ, հայրենիք և արժանապատվություն։ Մի՞թե մենք 5000 տարի մեր պատմության քառուղիներով եկել հասել ենք 21-րդ դար, որ դառնանք աշխարհի ամենաանթասիբ ամենաաննամուս ժողովուրդը։ Աշխարհի ցանկացած վայրում փաշինյանական ցնդաբանությունների հինգ տոկոսի համար  իշխանափոխություն կլիներ արդեն։ Աշխարհում չկա գեթ մեկ այլ պետություն, որի ղեկավարը փորձեր ջնջել սեփական ժողովրդի պատմությունը և աշխարհագրությունը։ Նիկոլի թեզերը ոչ միայն անբարոյական են, այլև հակագիտական։ Չկա ապագա առանց անցյալի, չկա իրականություն առանց պատմության, չկա պետություն առանց հայրենիքի։ Նիկոլը հերթով գալու է բոլորիս հետևից, այդ թվում՝ իր թիմակիցների։ Այնքան ժամանակ, մինչև մենք չգնանք իր ետևից և չդնենք իր արյունոտ կառավարման վերջակետը։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կրկին խնդրում եմ և հորդորում իրենց տեղական իշխանություններին շարունակաբար անհանգստացնել Հայաստանի մասին իրական փաստերով և հայ ժողովրդի իրական շահերով։ Հայստանում հավատարմագրված արևմտյան դեսպանները պիտի դիսկոմֆորտ զգան առերեսվելու իրական Հայաստանի և ոչ թե նիկոլական երևակայության հետ։

 

Հարգանքով՝ Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Նուբարաշեն ՔԿՀ

13․04․24

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930