«Տավուշը Հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդիպում է կազմակերպել Ոսկեպարում, որին մասնակցելու համար սահմանամերձ հայկական այս գյուղ են մեկնել բազմաթիվ քաղաքացիներ:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ այս նախաձեռնությունը կազմակերպվել է, որպեսզի ոսկեպարցուն, այս տարածաշրջային բնակիչներին ասվի, որ մենք, ամբողջ հայ ազգը իրենց կողքին է:
«Ամեն տեղից մարդիկ են եկել, որ իրենց աջակցությունը հայտնեն տեղի ժողովրդին: Երկրորդ նպատակն այն է, որ ստեղծված իրավիճակի մասին պիտի արձանագրենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում եւ ինչ հնարավորություններ, ինչ տարբերակներ, ինչ լուծումներ կան: Մեր բանախոսները ելույթներ կունենան եւ կասեն մեր հնարավորությունները, եթե այս ապիկար իշխանությունները չլինեն, կներկայացնենք, թե այս մի քանի օրերին ինչ է կատարվել ԱԺ-ում եւ ցույց տանք այն կեղծիքն ու սուտը, թե իբր մենք դաշնակիցներ, աջակիցներ չունենք եւ միակ տարբերակը ծնկելն է, զիջելը, թրքացվելը: Դա իրենցն է, իրենք դա են ասում: Իսկ մենք ասում ենք հակառակը, որ առանց իրենց մենք շատ ու շատ շանսեր ու հնարավորություններ ունենք: Սրանք կարծում են, թե մանիպուլացնելով կարող են փող տալ ու ժողովուրդը ամեն սրբություն ուրանա: Բայց դա այդպես չի: Կարող են որոշները լինեն, բայց մեծամասնությունը այս օրակարգին դեմ է»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ անգամ սահմանազատման դեպքում ինքը երաշխիքներ չի տալիս, որ այլեւս հարձակումներ չեն լինելու, պատգամավորն ասաց. «Այս գյուղում էլ, Ազգային ժողովում էլ պարզ ասել է, որ զիջում ենք հանուն ոչնչի: Զիջում ենք՝ սպասենք, տեսնենք նորից ինչ են ուզում, որ էլի զիջենք: Ասում եմ. կա՞ մի կետ, որտեղ Ադրբեջանը կանգնելու է, ասում է՝ չէ: Բա դուք ի՞նչ եք, ո՞վ եք դուք ընդհանրապես որպես իշխանություն: Բառացի ստացվում է, որ ասում են, թե մեզնից լավ ո՞վ կարող է այս տարածքները հանձնել: Այս մարդիկ ի վիճակի չեն հայկական շահը պաշտպանել: Անկարո՞ղ են, անմեղսունա՞կ են, ես չգիտեմ: Բայց այն, որ այսօր Ադրբեջանի կողմից կա դրված պահանջ եւ այդ պահանջը սրանք ուզում են միակողմանի կատարել ու անունն էլ կեղծ դնել սահմանազատման, սահմանագծման գործընթաց, դա դավաճանական քայլ է»,-ասաց դաշնակցական պատգամավորը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Հովհաննես Իշխանյանի