Ապրիլի 12-ին Մինսկում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։
Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է հայաստանյան կողմի դիրքորոշումը նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ։
ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսական փոխգործակցության ներուժի իրացման համատեքստում Մնացական Սաֆարյանն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և կոմունիկացիոն ուղիների ապաշրջափակում և ցանցի ստեղծում՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Կարդացեք նաև
Տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շեշտվել է ԱՊՀ հիմքում ընկած անկյունաքարային փաստաթղթերի՝ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթների պահպանման կարևորությունը, որոնցում ամրագրված են վեճերի խաղաղ կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և սահմանների անքակտելիության ու հարգման մասին կողմերի պարտավորությունները։
Ի թիվս այլ փաստաթղթերի՝ նիստի արդյունքներով ընդունվել է «Լրագրողների մասնագիտական գործունեության համար անվտանգ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ոտնահարման անթույլատրելիության մասին» հայտարարությունը, որում, մասնավորապես, կարևորվել է լրագրողների ազատ և անկախ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը՝ համաձայն հավատարմագրման պետության ազգային օրենսդրության, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ թողարկումների անթույլատրելիությունը։
ՀՀ ԱԳՆ