Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը, շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան․ «Փաստ»

Ապրիլ 13,2024 10:15

Վերջին շրջանում հանրային դաշտ է նետվել պատմական և իրական Հայաստանների մասին դիսկուրսը։ Մինչ այս հարցը երբեք նման լուրջ հանրային ռեզոնանս չէր առաջացրել, քանի որ նույնիսկ անիմաստ է թվում այս թեմայի քննարկումը։ Բայց Նիկոլ Փաշինյանը սկսել է միտումնավոր իր ելույթներում հակադրության դաշտ ստեղծել իրական և պատմական Հայաստանների կոնցեպտների միջև։ Ու իր ելույթներում գրեթե առիթը բաց չի թողնում խոսելու այս մասին։ Ըստ նրա, պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար։ Բայց զարմանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը հանկարծ հիշել պատմական հայրենիքի մասին, երբ դրա շուրջ ուղղակի թեմա չկա այս պահին։

Օրինակ՝ ո՞վ է հիմա խոսում Արևմտյան Հայաստանի մասին, չնայած որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում հստակ իրավունքներ ունի նաև տարածքային խնդիրներ բարձրացնելու համար։ Բայց երբ այսօր մեր ունեցած պետականությունն է վտանգի տակ, հանրության ուշադրությունն առաջին հերթին սևեռված է այն հարցի շուրջ, որ եթե հակառակորդին արվող զիջումները շարունակվեն, վաղը կամ մյուս օրը մենք պետություն կունենանք, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ ներկայում ուղղակի «իրական Հայաստանի» գոյությունն է վտանգի տակ։ Այլ հարց է, որ Հայաստանի իշխանությունները հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնում են թշնամուն ու համարում, թե իրական Հայաստանն են պաշտպանում։ Արդյունքում Փաշինյանն, աստիճանաբար շրջանառելով ադրբեջանական թեզերը, մեր իրական Հայաստանը դարձնում է պատմական Հայաստան։

Ինչպես այսօր է Փաշինյանը հայտարարում, թե Արցախն Ադրբեջանի կազմում է, այնպես էլ քարոզչության դոզան բարձրացնելու դեպքում չի բացառվում, որ որոշ ժամանակ անց էլ, հագուրդ տալով ադրբեջանական նարատիվներին, հայտարարի, թե այս կամ այն տարածքն էլ է ադրբեջանական, քանի որ ժամանակին ինչ-որ բան է եղել… Այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե կայսրությունն է (նկատի ունենալով ԽՍՀՄ-ին կամ նրա իրավահաջորդ Ռուսաստանին) մեզ ասել, թե՝ «դուք պատմություն մի գրեք, մենք կգրենք ձեզ համար պատմություն, որպեսզի հայությունը շարունակի ապրել պատմական Հայաստանի գաղափարներով»։ Թերևս այսպիսի մոտեցումների արդյունքում ՀՀ իշխանությունը փորձում է երևակայական պատճառներ գտնել պատասխանատվությունն իր վրայից գցելու ու իր ձախումները մաքրելու համար։

Օրինակ՝ եթե Արցախը պատմական Հայաստան էր, քանի որ այդպես է դուրս գալիս Փաշինյանի հայտարարություններից, ապա ինչո՞ւ էր 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից հայտարարում, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Փաշինյանը նախորդներից ժառանգություն է ստացել կոնկրետ տարածքով պետականություն, ո՞ւր է այդ պետականությունը։ Հիմա չստացվե՞ց, որ հենց իր կառավարման օրոք է, որ իրական հայրենիքը քիչ-քիչ դառնում է պատմական հայրենիք։ Թե՞ փլուզված կայսրությունն է ստիպել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ Պրահայում Փաշինյանը ԵՄ-ի և Ֆրանսիայի միջնորդության պայմաններում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի՞թե ՀՀ իշխանությունները չեն, որ ցանկանում են այնպես անել, որ Արցախի թեման ընդհանրապես փակվի, դրա համար էլ այնպիսի քայլեր են ձեռնարկում և հայտարարություններ անում, որ Հայաստանում անգամ վտարանդի կառավարություն էլ չմնա։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930