Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մեր պատանիներն «անգլախոս»

Ապրիլ 13,2024 10:00

Վերջին տարիներին հայաստանցի շատ դեռահասների եւ պատանիների բանավոր խոսքում զգալի փոփոխություն է տեղի ունեցել (դա նկատելի է հատկապես Երեւանում): Նրանք իրար հետ աշխատում են խոսել անգլերեն: Իսկ երբ հայերեն են խոսում, նախ՝ դա անում են «ամերիկյան», փոքր-ինչ արհեստական առոգանությամբ, երկրորդ՝ ամեն 3-4-րդ բառն անգլերեն է:

Լեզուն, ինչպես հայտնի է,  մի քանի շերտանի խորհրդանիշների համակարգ է: Տվյալ դեպքում այդ երիտասարդներն, այդպես շփվելով, գծում են իրենց միջավայրի սահմանը՝ իրենց եւ «յուրայիններին» ներկայացնելով որպես զարգացած, առաջադեմ խմբի անդամներ, իսկ մնացածներին՝ որպես «քյառթու» ու հետամնաց:

Իրավիճակն ինձ ցավալիորեն հիշեցնում է իմ պատանեկությունը, երբ քաղքենիները «որակի նշան» էին համարում ռուսերեն խոսելը՝ հատկություն, որով իբր առանձնանում էին կիրթ, կարդացած, «բարձր խավի» մարդիկ: Խորհրդային կայսրությունում դա ուներ նաեւ որոշակի քաղաքական նշանակություն՝ երբեմն պայմանավորելով մարդու առաջխաղացումը կարիերայի աստիճաններով:

Ինչո՞վ է այժմ պայմանավորվում վերը նշածս մեծաթիվ պատանիների «անգլախոսությունը»: Կարծում եմ, նախեւառաջ նրանով, որ նրանք չեն տեսնում կրթական այն որակը, որն իրենց կբավարարեր հայրենիքում ու ձգտում են ուսումը ստանալ արտասահմանում: Իսկ դա, ավելի լայն իմաստով, կարող է նշանակել, որ նրանք ընդհանրապես չեն տեսնում իրենց ապագան Հայաստանում:

Ժողովրդավարությունը կամ դրա բացակայությունը, տնտեսական բարձր կամ ցածր ցուցանիշները, անվտանգության խնդիրներն այստեղ իրենց դերն, իհարկե, խաղում են: Բայց առաջնայինը, կարծում եմ, այս հարցում կրթությունն է, կրթական միջավայրն է, որն իրենց համար անհետաքրքիր է, անհեռանկար է, ձանձրալի:

Ինչ խոսք, իր մեղքի մեծ բաժինն ունի պետությունը, որն այս 33 տարիների ընթացքում չի կարողացել համապատասխան միջավայր ստեղծել: Բայց մեղավոր ենք նաեւ մենք՝ դպրոցի ուսուցիչներս, բուհերի դասախոսներս: Երբ մենք ամեն օր չենք կատարելագործվում, նոր բան չենք իմանում, երբ ամեն դասին չենք պատրաստվում, երբ մենք, կարճ ասած, «խալտուրայով» ենք զբաղված, դա աշակերտների եւ ուսանողների համար ակնհայտ է:

Ոչ միայն դպրոցականը, այլեւ մանկապարտեզի երեխան շատ լավ տեսնում եւ զգում է, երբ մանկավարժն իր գործը չի սիրում: Անշուշտ, հակառակն էլ է տեսնում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Սա բնական է, մարդիկ ցանկանում են ընդօրինակել իրենց համար հեղինակություններին, ովքեր կյանքում հաջողակ են: Հազվադեպ, բայց լսել եմ մաքուր գրական հայերենով իրար հետ շփվող հաջողակ հայերի, շատ գեղեցիկ է հնչում:
    Հիմա, ինչպե՞ս մե՛նք դառնանք հաջողակ, որ մեր ջահելությունը մեզ ընդօրինակի:
    Հաջողության գրավականը մրցակցությունն է՝ որտեղ կա մրցակցություն, այնտեղ կա հաջողություն:
    Օրինակ, ասենք ստեղծում եմ կուսակցություն, որ մեր կուսակցությունը գա իշխանության: Հաջողության համար պետք է մրցակցեմ ու հաղթեմ, բայց ո՞ւմ հետ: Ասա, ով է քո մրցակից ընդդիմություն կուսակցությունները, կասեմ դու ինչ կուսակցություն ես: Բացի ընդդիմություն կուսակցություններից, ես պետք է ունենամ նաեւ կուսակիցներ: Ո՞ր չափանիշներով պետք է նրանց ընտրեմ: Նախապես ասեմ, պոպուլիզմով եւ ժողովրդի մանիպուլյացիաներով չեմ զբաղվելու: Գլխավոր չափանիշը՝ դա միաձայնության սկզբունքն է, մեր կարգի ընդդիմությունը միաձայն է եւ թիմակից է բոլոր անխտիր ռազմավարական հարցերում, իսկ մեր կուսակցության անդամները միաձայն են ոչ միայն ռազմավարական հարցերում, այլեւ միաձայն են մարտավարական հարցերում՝ ներկուսակցական քննարկումներից հետո միաձայն որոշում կայացնելով: Ասենք, այնպես չպետք է լինի, որ մի թիմը անգլիական ֆուտբոլ խաղա, մյուս թիմը՝ ամերիկյան՝ երկուսն էլ կամ անգլիական, կամ ամերիկյան: Սկսենք ռազմավարական հարցերից, ես ընտրում եմ որպես իմ կուսակցությանը ընդդիմադիր ասենք Պարույր Հայրիկյանի եւ Անդրիաս Ղուկասյանի կուսակցությունները: Ընտրել ընդդիմություն՝ նշանակում է ռիսկի գնալ, որովհետեւ պարտավորվելու եմ նրանց հետ ռազմավարական որոշումներ ընդունել միաձայն, նրանք էլ կուզենան թե չեն ուզենա իրենց ընդդիմադիր կընտրեն իմ կուսակցությունը: Երեքով պայմանավորվում ենք մեր սեփական կուսակցական ռեսուրսներից ձեւավորել վերկուսակցական համակարգ, որը մշակելու է այն կարմիր գծերը, ռազմավարական սկզբունքները, որը մենք երեքով ընդունելու ենք միաձայն, ասենք, ձեռքով ֆուտբոլ խաղալ կարող է միայն դարպասապահը եւ եթե թեկուզ մեկը դեմ եղավ, օրենքը չի անցնում եւ միջկուսակցական քննարկումները շարունակվում են: Երկրաչափության մեջ ռազմավարությունը, կարմիր գծերի համակարգը՝ աքսիոմատիկան շատ պարզ մի քանի սկզբունքներ են կամ ֆիզիկայում՝ պոստուլատները, մնացած ՝մարտավարական՝ թեորեմներն ու ֆիզիկայի օրենքները չեն հակասում այդ աքսիոմներին ու պոստուլատներին: Առաջարկենք մեր քաղաքական աքսիոմները: Առաջին աքսիոմը ես առաջարկեմ. Որոշումներն ընդունվում են միաձայն, հակառակ դեպքում՝ քննարկումները շարունակվում են:

    • Լավատես says:

      Երկրորդ աքսիոմը. Վերհամակարգերի՝ վերկուսակցական, վերհամայնքային, վերպետական եւ մնացած այլ վերկառույցների ներկայացուցիչների համար գործում է մեղավորության կանխավարկածը եւ համակարգի ցանկացած ներկայացուցիչ կարող է դատարանով պահանջել վերհամակարգի ցանկացած ներկայացուցչին ապացուցել իր՝ վերհամակարգի ներկայացուցչի անմեղությունը: Միեւնույն ժամանակ համակարգի ներկայացուցիչն օգտվում է անմեղության կանխավարկածից:

      • Լավատես says:

        Երրորդ աքսիոմը. Բացարձակ սեփականության իրավունք ունի միայն Արարիչը, մարդկությանը տրված է միայն այդ սեփականության հանդեպ Արարչին հաճո վերաբերմունք ցուցաբերելու իրավունք:
        Օրինակ, գնում ես կամուրջով, մեկ էլ տեսնում ես ինչ որ մեկը ինքն իրեն վնաս է ուզում հասցնել, գնում բռնում ես ու թույլ չես տալիս իրեն վնաս տա: Բայց սա ասում է, քո ի՞նչ գործն է, իմ կյանքն է, ինչ կուզեմ կանեմ: Հենց այս դեպքի համար է այս աքսիոմը, նրան հասկացնում ես, որ քո կյանքը քո բացարձակ սեփականությունը չէ, որ ինչ ուզես անես նրա հետ, դու Արարչին դեմ ես դրանով գնում, դու ունես միայն լավագույն վերաբերմունք կյանքիդ հանդեպ ցուցաբերելու իրավունք:
        Նմանապես, հողն ու ջուրը, ընտանիքդ ու պետությունդ քո բացարձակ սեփականությունը չեն, բայց դու ունես Արարչի այդ բոլոր հարստությունների հանդեպ լավագույն վերաբերմունք ցուցաբերելու հնարավորություն, ոչ մեկին թույլ մի տուր վատ վերաբերվեն Արարչի ստեղծածի հանդեպ, ով էլ լինի՝ դու ինքդ, բարեկամդ, հարեւանդ թե թշնամիդ:

  2. Հ.Շ. says:

    Օտար ափերի վրայ, Աւանդական Սփիւռքի հայերս, սերունդներէ ի վեր՝ հազար կտոր կ’ըլլանք, որ մեր երեխաները հայերէն սորվին, հայերէն խօսին: Հայ ըլլան:

    Բայց եկուր տես որ, Հայաստան անունով երկրի մը մէջ, հայկական հողի վրայ, նոր սերունդներու խելքն ու միտքը՝ օտար լեզու խօսիլն է: Օտարանալը: Իրենց ազգային ինքնութենէն փախչիլը, զայն ուրանալը:

    Սակայն ամենախճղալին այն է որ, մենք իրապէս կարծեցինք թէ շնորհիւ Հայաստանին է, որ մեր զաւակները պիտի փրկուին օտարացումէն, այլասերումէն:

    Եւ երանի թէ խնդիրը սահմանափակուէր միայն՝ լեզուական իրականութեամբ:

    Հայդուկ Շամլեան

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Ի դէպ, այս ժամանակներուն իրենք զիրենք ազգային գիտակցութեան տէր համարող, փաշինյանիզմի դէմ պայքարի ելած, համեմատաբար երիտասարդ, հայաստանաբնակ հայաստանցիներ, համակարգային կերպով անգլերէն բառեր կը ներառեն իրենց գրառումներուն մէջ: Սովորական բառեր, որոնց հայերէն տարբերակը շատ հեշտ է:

      Այդ ալ՝ *սլենգային* երեւոյթ է, եղեր…

      ( Շինծու հայերէն՝ տարրական հայերէն, ճոխ բառարան մը՝
      http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=114 )

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930