Ապրիլի 6-ին ամերիկահայ ճանաչված «Վարդգես Եղիայան եւ փաստաբանական խումբ» գրասենյակի ղեկավար, փաստաբան Վարդգես Եղիայանի ծննդյան օրն էր: Նա կյանքից հեռացավ 2017թ. սեպտեմբերին:
Նշանավոր հայորդուն հիշեցին, թերեւս, սոցիալական ցանցերում հաշված մարդիկ, ովքեր առնչվել են նրան ու նրա պահանջատիրական հայանպաստ գործունեությանը: «Առավոտը» նրա դատական գործընթացներին անդրադարձավ 2012-ին («Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների գումարների հետքերով» «Առավոտ», հունիսի 29), ուր անդրադարձանք, մասնավորապես, Լոս Անջելեսի Կենտրոնական շրջանի դատարանում քննության է դրված «Հայկական ցեղասպանությանը վերաբերող գործին»: «Հոլսթհաուս, Քարլին ու Վան Թրիկտ» ընկերության կողմից ստուգման ժամանակ հաշվապահները 17 մուրհակներ (չեկեր) էին գտել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 312, 363 դոլար, եւ որոնք, պարզվել է, ստորագրված են եղել այլ անձանց կողմից: ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված պարզաբանումներից, որոնց մի օրինակը իրավաբանական գրասենյակն ուղարկել է նաեւ «Առավոտ», տեղեկացել էինք, որ Եղիայան իրավաբանական գրասենյակի աշխատակիցները կազմել են գործերի կատալոգը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ պակասում է 38 գործ (1, 5 մլն դոլարի չափի), որը բաշխված է եղել արդեն, իսկ 500,000 դոլարը՝ դեռ չբաշխված…
Նշանավոր հայորդու ծննդյան օրն առիթ դարձավ դիմելու նրա կենսագիր Սեյրանուհի Գեղամյանին, ով նրա մասին գրել է «Նվիում» փաստավավերագրական վիպակում: Ս.Գեղամյանը 90-ականներին է ծանոթացել հայազգի փաստաբանին Հայաստան այցելած լոսանջելեսահայ անվանի խմբավար, երգահան Հենրիկ Անասյանի միջոցով: Ահա, թե ինչպես է ներկայացնում իր ծանոթությունը Ս.Գեղամյանը, ով նաեւ առաջինն էր, որ «Հայրենիքի ձայն» պարբերաթերթում պատմեց Վ. Եղիայանի մասին:
– Մեր հաջորդ հանդիպմանը Վարդգես Եղիայանն ինքն արդեն պատմեց իր կենսագրությունը եւ կյանքի նպատակը դառած այն գործի մասին, որը տարիներ անց հայտնի էր լինելու «Մարտին Մարությանը եւ այլք ընդդեմ «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության եւ դառնալու էր հայության ընդհանրական ու պատմական դատերից մեկը: Այն ամենը, ինչ պատմեց Եղիայանը, նորից ու նորից ինձ համար բացեց հայի զարմանալի, անկրկնելի, դժվար ու հրաշալի մի աշխարհ:
Կարդացեք նաև
1990թ. ապրիլի 26-ից «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում (որի սփյուռքի բաժնի տնօրենն էի այդ ժամանակ) լույս տեսավ իմ «Այդ զարմանալի հայը» խորագրով հոդվածը, որն ըստ էության հայաստանյան առաջին հրապարակումն էր, որով հազարավոր ընթերցողներ ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում հանգամանորեն տեղեկացան, թե Վարդգես Եղիայանի տքնաջան որոնումների շնորհիվ հիմք է դրված մի դատավորության, որի նպատակն է ամերիկյան «Նյու Յորք Լայֆ ինշուրանս» ապահովագրական ընկերությունից փոխհատուցում ստանալ 1895-1915 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում իրենց կյանքն ապահովագրած եւ ցեղասպանության զոհ գնացած հայերի ժառանգների համար: Բայց …ինչ մեղքս թաքցնեմ, հոդվածը գրելիս, ես այնքան չէի հավատում դատավարության դրական ավարտին եւ մտածում էի, թե այն թերեւս ազգային պատկանելությանը տուրք տալու արտահայտություն է, անհասանելի երազանք, մի տեսակ դոնքիշոտյան պայքար հողմաղացների դեմ, չէ՞ որ այդքան ժամանակ էր անցել, այդքան ջրեր հոսել…
Տարիների ընթացքում ես, անշուշտ, հեռվից հեռու հետեւում էի գործի ընթացքին: Վարդգես Եղիայանը հեռախոսով, երբեմն-երբեմն տեղեկացնում էր ի հայտ եկած նոր հանգամանքների մասին, փաստերի, գործի մեջ ներգրավված նոր մարդկանց, թերթերում հրապարակված զանազան հոդվածների մասին:
Եվ, այնուամենայնիվ, թերահավատությունս չէր պակասում: Ու ես նրան լսում էի թաքուն ցավով:
Այո, ցավով, բայց եւ հիացմունքով, որովհետեւ փաստաբանի ամենօրյա եկամտաբեր աշխատանքը թողած, հաճախ նաեւ նյութական դժվարությունների մեջ հայտնվելով՝ նա շարունակում էր գնալ իր նպատակի հետեւից:
Երկար ու ձիգ տարիների ընթացքում ոչ միայն չէր պակասում հաղթանակի հասնելու Եղիայանի ձգտումը, այլեւ այն վեր էր ածվել կյանքի գերագույն նպատակի, որի առջեւ խամրել էր մնացած ամեն ինչ…
Եվ ահա 2001 թվականի սկզբներից, Եղիայանի անունը՝ կապված «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության դատավարության հետ, սկսեց ավելի ու ավելի հաճախ հոլովվել լրատվամիջոցների կողմից:
Իսկ 2004 թվականի փետրվարի 19-ին, այդ գործի սկիզբը դրվելուց շուրջ 15 տարի անց, Լոս Անջելեսի դաշնային դատարանի վճռով «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը պարտավորվեց 20 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել այն հայերի ժառանգներին, ովքեր 20-րդ դարասկզբին ընկերությունից կյանքի ապահովագրության մուրհակներ էին գնել, եւ 1915 թվականին զոհ էին գնացել թուրքական յաթաղանին, իսկ ընկերությունը չէր վճարել նրանց ժառանգներին:
Ահա, այդ ժամանակ ես հասկացա, որ այդ դժվար ու երկարատեւ դատավարության պատմությունը պիտի անպայման գիրք դառնա…
– Ե՞րբ սկսեցիք այս դատավարությունը, քանի՞ տոկոսով էիք հավատում դրա հաղթական ավարտին:
-100,- առանց վարանելու, առանց մեկ վայրկյան իսկ հապաղելու,-՝ պատասխանեց նա:
Այդ պահին ես հիշեցի բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վիպակից մի նախադասություն, որը շատ է տպավորվել հիշողությանս մեջ. «Եթե մի բան շատ ես ցանկանում եւ աղոթում ես Աստծուն, որ այն կատարվի՝ անպայման կատարվում է»:
Իհարկե, միայն հավատալով ու Աստծուն աղոթելով չէ, որ իրականացավ Եղիայանի երազանքը:
Դրան հասնելու համար հարկավոր էր շատ ավելի բացառիկ կարողություններ, մտքի եւ հոգու արիություն, անմնացորդ նվիրումի, ցանկություն:
Դա ահռելի, անչափելի աշխատանք էր, տիտանական կամք, բազում անքուն գիշերներ, երբեմն հանիրավի անարդար վերաբերմունքից ծնված ցավ…
Դատավարության հաղթական ավարտից հետո, որպես գործի ընթացքին ծանոթ մարդ, ես մանավանդ, այդ մասին Հայաստանում առաջին հրապարակումն իրականացրած լրագրող, մեկնեցի Լոս Անջելես՝ փաստավավերագրական գիրք գրելու մտադրությամբ: Ամիսներ անց արդեն պատրաստ էր փաստավավերագրական վիպակը, որը, սակայն, որոշ ժամանակ դրված մնաց իմ գրադարակում… Անցան տարիներ, եւ այդ տարիների ընթացքում, Եղիայանի ջանքերով հիմք դրվեցին նմանատիպ այլ դատավարությունների եւս, որոնցից մեկը՝ ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերության դեմ հարուցած նմանատիպ դատավարությունը, նույնպես հաղթական ավարտ ունեցավ…
Աշխատանքից դուրս սիրում էր լսել պարզ հողագործների պատմությունները:
Նա զարմանալի հատկություն ունի՝ լսած պատմությունների մեջ որսալու հատկապես մարդկային հուզիչ, հոգեբանական նրբերանգներն ու դրվագները, հետո դրանք վերապատմել յուրահատուկ շեշտադրությամբ, նուրբ հումորով:
Այսպես, նուրբ հումորով պատմում է, թե այդ տարիներին, մոր հետ հյուրընկալել են Սան Ֆրանցիսկոյում հայտնի եւ հարգված Բալաբանյանների տանը: Բալաբանյանների զավակը՝ Դեյվիդը, արդեն բավական ճանաչված փաստաբան էր եւ պետական լուրջ պաշտոն էր զբաղեցնում: Երիտասարդ փաստաբանները սկսում են դեպքեր, դրվագներ պատմել իրենց աշխատանքային պրակտիկայից: Մայրերը հետեւում են զավակների պատմություններին: Որոշ ժամանակ անց, տիկին Բալաբանյանն ընդհատում է որդուն՝ ասելով. «Դուն լռե, թող Վարդգեսը պատմե, անոր պատմություններն ավելի հետաքրքիր, ավելի մարդկային են»: Բարեբախտաբար, Վարդգեսի պատմելու յուրահատկությունները, ձիրքը, գրելու բնատուր շնորհքը չեն մնացել զուտ բանավոր շրջանակներում: Նա բավական հարուստ ստեղծագործական եւ հետազոտական ժառանգություն ունի: Բայց այդ մասին՝ ավելի ուշ: Միայն նշենք, որ շատ տարիներ անց, զարմանալի զուգադիպությամբ, «Կալիֆորնիայի փաստաբան» հանդեսում Դեյվիդ Բալաբանյանի եւ Վարդգես Եղիայանի լուսանկարները հայտնվեցին կողք կողքի: Նրանք ինչպես եւ հայազգի փաստաբան Մարկ Գիրակոսը ճանաչվել էին 2005 թվականի Կալիֆորնիայի «Տարվա լավագույն փաստաբաններ»…
1972-ին Վարդգես Եղիայանին առաջարկվում է աշխատել Եթովպիայի ընդերքի նախարարությունում, որպես իրավաբանական խորհրդատու: Ինչը նա սիրով ընդունում է, քանի որ եթովպական մանկական հուշերը ձգում էին նրան:
Երկու տարի անց վերադառնում է Ամերիկա եւ աշխատանքի անցնում ԱՄՆ կառավարության էթնիկական հարաբերությունների հանձնաժողովում, այնուհետեւ ԱՄՆ նախագահ Նիքսոնի կողմից նշանակվում է «Խաղաղության կորպուսի» փոխտնօրեն, միեւնույն ժամանակ լինելով ԱՄՆ նախագահին կից կամավորական հանձնաժողովի քարտուղարը: Այդ տարիներին էր, որ հին ընկերը՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Ջորջ Մասքոնեն պատրաստվում էր դառնալ Կալիֆոռնիայի կառավարիչը եւ Վարդգես Եղիայանին խնդրում է գնալ Լոս Անջելես՝ իր ընտրապայքարին հայերի աջակցությունն ապահովելու համար… Դա ինչ որ տեղ ճակատագրական է լինում նրա համար. նա այլեւս Վաշինգտոն չի վերադառնում: Գլենդելում բացում է փաստաբանական գրասենյակ, նրան է միանում ապագա կինը՝ փաստաբան Ռիթա Մահտեսյանը:
Սեյրանուհի ԳԵՂԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.04.2024