Լրահոս
Օրվա լրահոսը

Կա – չկա

Ապրիլ 13,2024 12:00

«Կա-չկան» վերջին շրջանում դարձել է իմ ide՛e fix-ը (սեւեռուն գաղափար) եւ անկախ ինձանից ժամանակ առ ժամանակ, երբեմն, ստեպ-ստեպ, անընդհատ վերադառնում եմ այդ «երեւույթին», ինքս ինձ դրանում բացահայտում մի նոր շերտ, մի երանգ: Ավելացնեմ նաեւ, որ դրանում իր բաժին «մեղավորությունն» ունի Մեծն Հ. Թումանյանը: Այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ նրա երկու հիրավի հանճարեղ ստեղծագործությանը: Դրանցից մեկը «Սուտլիկ որսկանն» է, որի արդեն վերնագիրը հենց կա-չկա է: Մի կողմից գոյություն ունի, այսինքն՝ «կա» որսորդը, մյուս կողմից՝ այդ որսորդը սուտլիկ է, այսինքն՝ «չկա»:

Այդ երկի առաջին իսկ նախադասության առաջին բառերը ստիպում են մտածել. պատմողը որսկանն է, այսինքն «կա», բայց «հորս կնունքով, մորս ծնունդով» բառակապակցությունները հարցական են դարձնում այդ որսորդի գոյությունը, այն դարձնում չգոյություն: Եվ այդպես շարունակ, ամբողջ պատումը մի ամբողջական «կա-չկա» շղթա է, բաղկացած «կա-չկա» օղակներից:

Մյուս երկը «Կիկոսի» պատմությունն է: Այդ Կիկոս կոչվածը գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ, բայց հանկարծ այդ «չկան» դառնում է «կա», բայց «վար ընկնում քարին»  ու դառնում ողբերգության, լացուկոծի աղբյուր:

Եվ այսպես շարունակ, ամենուր հանդիպում ենք այդ «կա-չկա»-ին ու չենք հասկանում՝ այն «կա՞», թե «չկա՞»:

Այդ հարցին պատասխանելու համար դիմենք ամենազոր մաթեմատիկային: Արդեն առիթ ունեցել ենք ասելու, որ մաթեմատիկական առումով «կա»-ն ∞ -ն է, իսկ «չկա»-ն՝ 0: Իսկ ինչի՞ է հավասար այդ երկուսի ամբողջությունը, այսինքն՝ 0x∞: Մաթեմատիկայում այդ մեծություններով գործողություններ կատարել չի թույլատրվում: Հետեւաբար, դրանց փոխարեն վերցնենք 0-ին մոտ չափազանց փոքր եւ ∞-ը մոտ ցանկացած մեծ մեծություն, ասենք 10-12 եւ 1012: Ինչի՞ է հավասար դրանց արտադրյալը. ակնհայտ է, որ այն հավասար է կոնկրետ մի որոշակի թվի: Հետեւաբար կարող ենք եզրակացնել, որ «կա»-ի եւ «չկա»-ի միասնությունը «կա» է: Բայց այս վերջինս ոչ թե սովորական «կա» է, այլ մի այլ որակի, այլ մակարդակի «ԿԱ»:

Առհասարակ մաթեմատիկան հետաքրքիր հարցականներ է մեր առջեւ դնում: Դրանցից է, օրինակ, կեղծ (կոմպլեքս) թիվը, որի իրական բնույթը մեզ հայտնի չէ, այն առումով, որ չենք կարող նշել որեւէ իրական մեծություն, որը համապատասխանում է կեղծ թվին: Մեզ միայն հայտնի է, որ i2=1 (i=√-1), այսինքն՝ իրական մեծություն է: Գիտենք նաեւ, որ կեղծ թվով սովորական մաթեմատիկական գործողություններ կատարելով, ստանում ենք ֆիզիկական երեւույթների ռացիոնալ բացատրություններ: Այսպիսով՝ ստացվում է, որ նշված առումով գոյություն չունեցող կեղծ թվերով գործողությունների շնորհիվ կարող ենք բացատրել իրական (գոյություն ունեցող) երեւույթներ:

Ավելացնենք նաև, որ մաթեմատիկան մեզ սովորեցնում և հուշում է «չկա»-ից «կա» ստեղծելու, արարելու անհրաժեշտությունը։

Շարունակելի

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930