Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար

Ապրիլ 12,2024 22:50

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն
իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«ՀԱՆՑԱՆՔ» ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔԻ
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը

ԶԵԿՈՒՅՑ
12 ապրիլի, 2024 Երևան

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն

Քրեական հետապնդում առանց օրենքի

Միջազգային մոտեցումները

Խուլիգանությունը

Եզրակացություն

Առաջարկություններ

 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակն է քաղաքական հետապնդումների բացահայտումը, դրանց արձագանքելն ու կանխելը, ինչպես նաև քաղաքական իրավունքների պաշտպանությունը:

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի մարտի 22-ին ձերբակալվեցին, այնուհետև՝ երկու ամսով կալանավորվեցին «Իմնեմնիմի» ընդդիմադիր քաղաքական ուղղվածության փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը[1]։ Քրեական գործը հարուցվել է փոդքասթի՝ մարտի 20-ի թողարկման ընթացքում հնչած հայհոյանքների համար՝ ծանրացնող հանգամանքներով «խուլիգանություն» որակմամբ, «կատարված մի խումբ անձանց կողմից և տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով»[2], որի համար օրենքով նախատեսվում են մի շարք պատժատեսակներ, ներառյալ մինչև 5 տարի ազատազրկում։

Փոդքասթի նշված թողարկման ընթացքում Ն․ Սամսոնյանը և Վ․ Սաղաթելյանը քննարկում էին նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած կառավարության հարցուպատասխանը, ընդդիմադիր պատգամավորների և վարչապետի միջև տեղի ունեցած վիճաբանությունը[3]3։ Քննադատելով ՀՀ վարչապետի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը՝ փոդքասթերները հնչեցրել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայհոյանքներ։ Ընդ որում, վարողները նախապես զգուշացրել էին, որ ընթացիկ հատվածում կիրառելու են հայհոյանքներ, իսկ տեսանյութի քննարկվող հատվածը կրում էր 18+ նշումը4[4]։

Փոդքասթերները ձերբակալվել են թողարկումից երկու օր անց՝ մարտի 22-ին։ Համացանցում AntiFake TV-ի տարածած տեսանյութում[5] երևում է, թե ինչպես են երեք դիմակավորված ոստիկաններ և քաղաքացիական հագուստով հինգ անձինք Ն․ Սամսոնյանին կոպիտ ուժի կիրառմամբ պառկեցնում գետնին, պահում անշարժացած վիճակում։ Բացի այդ, մասնակիցներից մեկը հարվածելով և քաշքշելով խոչընդոտում էր իրենց գործողությունների նկարահանմանը։

Ն․ Սամսոնյանին և Վ․ Սաղաթելյանին ներկայացված մեղադրանքը պայմանավորված է բացառապես վերջիններիս կողմից փոդքասթի ընթացքում հնչեցրած հայհոյանքների հետ, որոնք ուղղված են եղել ՀՀ վարչապետին և իր այն կուսակիցներին, որոնք ներկա էին մարտի 22-ին ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանին[6]։

Հաշվի առնելով, որ վիրավորանքը և ծանր վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված են՝ վերջիններիս դեմ հարուցված քրեական գործը չունի իրավական հիմք և հանգեցնում է մարդու իրավունքների մի շարք խախտումների։

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՌԱՆՑ ՕՐԵՆՔԻ

Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքը ապաքրեականացվել է երկու անգամ՝ 2010-ին և 2022-ին։

Նախկին՝ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքում առկա «զրպարտության», «վիրավորանքի» և «իշխանության ներկայացուցչին վիրավորելու» հանցակազմները (համապատասխանաբար 135-րդ, 136-րդ և 318-րդ հոդվածներ), որոնք նույնությամբ ժառանգվել էին ԱՊՀ մոդելային քրեական օրենսգրքից[7], ի վերջո 2010 թվականին ուժը կորցրեցին միջազգային կազմակերպությունների[8], իրավապաշտպան կազմակերպությունների[9] և այլ պետությունների քննադատության շնորհիվ[10]։ Մասնավորապես, ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը նշել էր, որ զրպարտության և վիրավորանքի հանցակազմերը Հայաստանի իշխանությունները հետևողականորեն կիրառել են որպես գործիք՝ քննադատների դեմ, օրինակ բերելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2000-ին կիրառած պայմանական դատապարտումը՝ վիրավորանքի համար[11]։

Ապաքրեականացմամբ վիրավորանքի և զրպարտության դեմ դատական պաշտպանությունը տեղափոխվեց քաղաքացիաիրավական դաշտ։ Քաղաքացիական օրենսգիրքը լրացվեց նոր հոդվածով, որը սահմանում էր վիրավորանքի կամ զրպարտության պարագայում պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառած վնասի հատուցում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդված)։ Չնայած դրան, 2021թ. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոփոխեց քրեական օրենսգիրքը, այս անգամ ավելացնելով «ծանր վիրավորանքի» հանցակազմ։

Այս հանցակազմը կարճատև կյանք ունեցավ և 2022թ. ապաքրեականացվեց, այս անգամ ևս իրավապաշտպան կազմակերպությունների[12] և միջազգային դերակատարների, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի[13], ԵՄ[14], ՌԱԵՀ[15] և ԵԱՀԿ[16] քննադատությունների շնորհիվ։ Օրենքի գործողության մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում հարուցված գործերի շուրջ 95 տոկոսի դեպքում ծանր վիրավորանքի թիրախում էին եղել պաշտոնատար անձինք, իսկ որոշ դեպքերում նրանց ընտանիքների անդամները[17]։

Չնայած վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացմանը», Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործը հարուցվել է հենց վիրավորանքի պատճառով։ Հետևաբար անհրաժեշտ է քննարկել «քրեական վիրավորանքի» վերաբերյալ միջազգային չափանիշները, որին հետևելը Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանձնառություններից է։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Պետության ղեկավարներին ուղղված վիրավորանքներին քրեական մեղադրանքով արձագանքելը իրավունքի սահմանափակման տեսակետից հնացած է և չի համապատասխանում միջազգային չափանիշներին։

Այդուհանդերձ որոշ երկրներ, օրինակ Թուրքիան, դեռևս ունեն առանձին հանցատեսակներ հենց երկրի ղեկավարին ուղղված վիրավորանքների համատեքստում։ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը[18], որով նախատեսվում է մինչև 4 տարի[19] ազատազրկում նախագահին վիրավորելու համար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ անհամատեղելի[20]։ Իր հերթին Վենետիկի հանձնաժողովը նույնպես քննադատել էր նշված հոդվածի կիրառությունը՝ հղում անելով եվրոպական երկրների արդի մոտեցումներին, ըստ որոնց պետության ղեկավարներին ուղղված վիրավորանքը պետք է կամ ապաքրեականացվի, կամ չպատժվի ազատազրկմամբ[21]։

Վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացումը, առավել ևս՝ ազատազրկման կիրառման անթույլատրելիությունը արտահայտման իրավունքի համատեքստում առավել համընդհանուր կոնսենսուսի արժանացած մոտեցումներից է[22]։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս է արձանագրել, որ այլ անձանց համեմատ քաղաքական գործիչներին ուղղված թույլատրելի քննադատության շեմը ավելի բարձր է, քանի որ վերջիններս գիտակցաբար և անխուսափելիորեն իրենց յուրաքանչյուր խոսքն ու արարքը ներկայացնում են հանրային քննությանը[23]։ ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեն իր 34-րդ ընդհանուր մեկնաբանության մեջ այս մոտեցումը վերահաստատելով շեշտել է, որ ազատազրկումը նման իրավիճակներում երբեք չի կարող համարժեք պատիժ լինել[24]։ Այս շեմն է՛լ ավելի է բարձրանում, երբ վերաբերում է հանրային բարձր պաշտոն զբաղեցնողներին, առավել ևս պետության գլուխներին, որոնց ուղղված անգամ վիրավորական համարվող արտահայտությունները բավարար չեն պատիժ կիրառելու համար[25]։

ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բացի նրանից, որ փոդքասթի ընթացքում վարչապետին ուղղված արտահայտությունների համար քրեական հետապնդման հարուցումը և կալանքի կիրառումը՝ վիրավորանքի ապաքրեականացման համատեքստում ինքնին իրավաչափ չէ, խնդրահարույց է նաև այն «փաթեթավորելը» որպես խուլիգանություն։

Խուլիգանության ընկալումը խիստ տարբեր է կախված երկրից և մշակույթից։ Հետխորհրդային երկրների քրեական օրենքներում հանդիպող խուլիգանության հանցակազմի ակունքները ի հայտ են եկել ուշ ցարական Ռուսաստանի և վաղ ԽՍՀՄ ժամանակաշրջանում, որն ուղղակիորեն կապված էր հասարակական վայրերում տվյալ ժամանակաշրջանում որոշակի անընդունելի վարքագծի հետ, ինչն իր հերթին ուներ «դասակարգային» պատկանելիության տարր և ուղղված էր հասարակական կարգի դեմ[26]։ «Խուլիգանը» այն անձն էր, որը հրապարակայինորեն ծաղրում էր դասակարգերի վերացման խորհրդային գաղափարները՝ հարբածությամբ, բռնությամբ, դեբոշիրությամբ և «բարոյականության պակասով»[27]։

Իրավական գնահատականները փոխվում են ժամանակի ընթացքում, պայմանավորված ինչպես հասարակական կարգի փոփոխությամբ, այնպես էլ իրավունքի զարգացմամբ։ Այս տրամաբանության մեջ առավել վառ օրինակներից է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի զարգացումը, որը, ինչպես ձևակերպում է դատարանը, «կենդանի գործիք է» և պետք է մեկնաբանվի ներկայի պայմաններում[28]։ Մինչդեռ, նախկին քրեական հայեցակարգը մեխանիկորեն տեղափոխելով առցանց տիրույթ, փաստացի ստեղծելով «առցանց խուլիգանության» հանցակազմը, հաշվի չեն առնվում ոչ վերջինիս դրսևորման, ոչ էլ առցանց տիրույթի առանձնահատկությունները։

Հայաստանի Հանրապետության նախկին քրեական օրենսգրքի ձևակերպմամբ խուլիգանությունը դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն էր, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Նախորդ խմբագրության գործողության ընթացքում բազմաթիվ դատական որոշումներով մեկնաբանվել և որոշակիորեն հստակեցվել են խուլիգանություն հանցակազմի դրսևորման առանձնահատկությունները և հատկանիշները։ Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ խուլիգանությունը պետք է արտահայտվի որոշակի վայրում գտնվող հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։ Եթե անգամ տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում, սակայն չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ապա այն չի կարող որակվել որպես խուլիգանություն[29]: Այսինքն՝ «խուլիգանություն» կատարելու համար անձը պետք է դրսևորի իր արարքը հասարակական որոշակի կանոնների նկատմամբ արհամարհանքով։ Եթե այս հանգամանքը բացակայում է, ապա կարելի է խոսել բացառապես վիրավորանքի մասին, եթե ուղղված է եղել կոնկրետ անձի։

Ինչ վերաբերում է խուլիգանության դրսևորման հնարավոր վայրերին, ըստ դատական պրակտիկայի դրանք բացառապես ֆիզիկական վայրերն են, որտեղ առկա է հանրություն՝ պուրակներ, կայանատեղիներ, փողոցներ, ուսումնական հաստատություններ և այլն[30]։ Առցանց տիրույթը, «հասարակական կարգի» առումով, չի կարող հանդիսանալ «վայր» ոչ միայն այն պատճառով, որ պարզապես գոյություն չի ունեցել նույն խուլիգանության հասկացության և հանցակազմի ձևավորման ընթացքում, այլև քանի որ չի կարող ենթարկվել նույն համակեցության կանոններին և վերահսկողությանը, ինչպես որևէ պետության տարածքում գտնվող իրական «վայրը»։ Ավելին՝ առցանց տիրույթի պարագայում գրեթե անհնար է ուրվագծել հասարակական, բարոյական չափանիշները և առավել ևս անհնար է դրանք վերահսկել՝ հիմնվելով որևէ հասարակության մոտ առկա պատկերացումների վրա։ Սոցիալական ցանցերը գործարկող կազմակերպությունները իրենք են ձևավորում որոշակի կանոններ (community guidelines), որոնք հազվադեպ են համընկնում որևէ պետության մոտեցումների հետ։ Օրինակ՝ Youtube սոցիալական ցանցի կանոնները, որտեղ հրապարակվել էր քննարկվող փոդքասթը, չեն արգելում հայհոյանքի կիրառումը, եթե այն պայմանավորված չէ որոշակի խմբերի պաշտպանվող հատկանիշներով, օրինակ՝ տարիքով, ռասսայով, հաշմանդամությամբ կամ սեռական կողմնորոշմամբ[31]։

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն այն դեպքերում, երբ արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել[32]: Հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու հանգամանքի առկայությունը յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գնահատել՝ ելնելով նեղ իմաստով հասարակական կարգի նկատմամբ դրա ուղղվածությունից: Այլ խոսքով՝ հասարակության անդամներին լուրջ անհանգստություն պատճառելու հանգամանքն առկա է, եթե հանցավորի արարքի հետևանքով խախտվում է հասարակական նշանակության վայրերում գտնվող անձի (անձանց) ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կամ էականորեն խաթարվում է կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը[33]:

Նշված մեկնաբանությունների լույսի ներքո վերլուծելով խուլիգանության հանցակազմը՝ պարզ է դառնում, որ առցանց հարթակում խոսքի միջոցով արտահայտած վիրավորանքը չի կարող խաթարել անձանց ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, կամ կազմակերպությունների, հիմնարկների և հասարակական նշանակության այլ օբյեկտների բնականոն աշխատանքը։ Հակառակ դեպքում առցանց տիրույթում ցանկացած խոսքի կամ պատկերի հեռարձակում, ներառյալ, բայց չսահմանափակելով հայհոյանքը, ցույցերը, բնական աղետները, դաժան տեսարանները և այլն, խուլիգանության հատկանիշ են պարունակում։

Թեև նոր քրեական օրենսգրքով որոշակիորեն փոփոխվել է խուլիգանության հանցակազմի խմբագրությունը, բովանդակային առումով այն նույնն է․ ուղղված է հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելուն, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով։ Այսինքն՝ հիմնական թիրախը, կրկին, հասարակական, իրավական կամ բարոյական նորմերն են, ոչ թե անհատը։ Մինչդեռ քննարկվող փոդքասթի ընթացքում վարողները ունկընդիրներին հստակորեն զգուշացրել են, որ որոշակի պահից եթերում հնչելու են հայհոյանքներ և մակագրել տեսանյութի տվյալ հատվածը 18+ գրառմամբ[34]։

Այն հանգամանքը, որ քրեական գործը հարուցվել է խուլիգանության հիմքով, հուշում է, որ խնդիրը պետք է լիներ հենց բուն հայհոյանքի կիրառումը, այլ ոչ դրա ուղղված լինելը որևէ անձի, տվյալ դեպքում՝ վարչապետին։ Այս տրամաբանությամբ նույն հանցակազմի տիրույթում պետք է հայտնվեն բոլոր առցանց հրապարակումները, որտեղ առկա են նմանատիպ հայհոյանքներ։ Կարելի է պնդել, որ նման մոտեցման պարագայում, եթե իհարկե իրավապահների գործելաոճը չկրի խտրական և ընտրովի բնույթ, առցանց տիրույթում հնչող հայհոյանքների վերաբերյալ խուլիգանության հիմքով հարուցված քրեական գործերի ծավալը կարող է պարզապես կաթվածահար անել պետության ողջ քննչական և դատական համակարգը՝ իր «առատության» պատճառով։ Նման նյութերի ահռելի ծավալի մասին պատկերացում կարող է տալ պարզ համացանցային որոնումը։

Տվյալ պարագայում «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր կուսակիցների հասցեին հնչած արտահայտությունները չեն կարող որակվել խուլիգանություն։ Ն․ Սամսոնյանի և Վ․ Սաղաթելյանի դեմ քրեական գործը հարուցվել է բացառապես այնպիսի արտահայտությունների հիմքով, որոնք «վիրավորանքի» և «ծանր վիրավորանքի» ապաքրեականացումից հետո կարող են լինել միայն քաղաքացիաիրավական վեճի առարկա։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ն. Սամսոնյանի և Վ. Սաղաթելյանի նկատմամբ «առցանց խուլիգանության» քրեական մեղադրանքը, ըստ բովանդակության, նույնանում է վարչապետին ուղղված վիրավորանքի համար քրեական հետապնդման հետ։ Բլոգերների դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրանք գտնվում են անազատության մեջ, պայմանավորված է բացառապես նրանց օգտագործած թիրախային արտահայտություններով և չի կարող մեկնաբանվել որպես «խուլիգանություն»։

Փաստորեն Հայաստանում վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացումը» կրում է ձևական բնույթ և դրա «փաստացի» հանցակազմը շարունակում է գործել՝ տվյալ դեպքում քողարկված որպես «առցանց խուլիգանություն»։

Իրավունքի անհամաչափ սահմանափակումը առկա է, անկախ այն հանգամանքից, թե այն պայմանավորված է ձևական առումով գործող օրենքով, իրավապահների գործելաոճով, թե օրենքի կամայական մեկնաբանությամբ։ Փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։ Ավելին, Ն․ Սամսոնյանի ձերբակալության կոպտությունը պատժիչ բնույթ է կրել, հաշվի առնելով նաև այն, որ, ըստ տեսանյութի, վերջինիս կողմից դիմադրության որևէ փորձ չի արվել։

Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի[35], այլև խղճի բանտարկյալի չափանիշներին[36]

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ելնելով վերոգրյալից, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում քրեական վարույթում ներգրավված բոլոր մարմիններին․

  1. Կալանքից անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
  2. Դադարեցնել նրանց նկատմամբ իրականցվող իրավականորեն անհիմն քրեական հետապնդումը։
  3. Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին տրամադրել արդար և համարժեք փոխհատուցում՝ ազատությունից ոչ իրավաչափ հիմքերով զրկված լինելու պատճառով։
  4. Ձեռնպահ մնալ ապագայում քրեական օրենքի կամայական մեկնաբանություններից և համանման քրեական գործերի հարուցումից։

[1]    Ն. Գրիգորյան, Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց երկու ամսով, Aravot.am, 22․03․2024. https://www.aravot.am/2024/03/22/1407590/ և Ն. Գրիգորյան, Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով, Aravot.am, 23․03․2024. https://www.aravot.am/2024/03/23/1407664/

[2]    2 հաղորդավարների մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար. ՔԿ, Hetq.am, 22․03․2024. https://www.hetq.am/hy/article/165199

[3]    Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան 20.03.2024, ՀՀ ԱԺ պաշտոնական YouTube ալիք, 20.03.2024. https://www.youtube.com/watch?v=Uzls6ODdhEY&t=1686

[4]    (LIVE) Տավուշի գյուղերի ճակատագիրը, Նիկոլին հաղթելու բանաձևը. հյուր՝ Արթուր Խաչիկյան. Իմնեմնիմի #83, AntiFake TV, 20.03.2024. https://www.youtube.com/watch?v=DbgMXXjii3s&t=2930

[5]    Գազանաբար հարձակել են Նարեկ Սամսոնյանի վրա ու տարել, AntiFake TV, 22.03.2024. https://www.youtube.com/watch?v=1inK1X9rxL4

[6]    2 հաղորդավարների մեղադրանք է ներկայացվել …, Hetq.am

[7]    ԱՊՀ մոդելային քրեական օրենսգիրք (1996 թ․), հոդվածներ 143 և 144. https://www.icrc.org/ru/doc/assets/files/other/crim.pdf

[8]    Հարգանք մեդիա ազատության նկատմամբ, ԵԽ մշակույթի, գիտության և կրթության (նախկին) կոմիտե, 06․01․2010. https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=12841&lang=en

[9]    Քրեական պատասխանատվություն պետական պաշտոնյային վիրավորելու համար․ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի դադարեցում, Article 19, 2005. https://www.article19.org/data/files/pdfs/analysis/armenia-criminal-defamation.pdf

[10]  Զրպարտության և «վիրավորանքի» քրեական օրենք, Հայաստան։ Հայաստանում ազատ խոսքի զարգացումների ամփոփում, ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով, 28․10․2003. https://www.csce.gov/articles/criminal-defamation-and-insult-law/

[11]  Նույն տեղում

[12]  Հայաստան. օրենքի նոր փոփոխությունները սպառնում են խեղդել մամուլի ազատությունը և արտահայտման ազատությունը, Freedom House, 26.03.2021․ https://freedomhouse.org/article/armenia-new-amendments-threaten-stifle-media-freedom-and-freedom-expression

[13]  ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը», Ազատություն ռ/կ, 28․01․2022․ https://www.azatutyun.am/a/31676280.html

[14]  Վիրավորանքի քրեականացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ազատ արտահայտման իրավունքի վրա․ ԵՄ դեսպան, Ազատություն ռ/կ, 23․03․2022․ ․ https://www.azatutyun.am/a/31766534.html

[15]  ՌԱԵՀ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ (Մշտադիտարկման վեցերորդ փուլ), 29․03․2023․ https://rm.coe.int/sixth-report-on-armenia-translation-in-armenian-/1680aba213

[16]  6 Ծանր վիրավորանքի համար այլևս քրեական պատասխանատվություն չի լինի, Ազատություն ռ/կ, 11․06․2022. https://www.azatutyun.am/a/31893835.html

[17]  Ծանր վիրավորանք․ քրեականացումը և ապաքրեականացումը, EVN Report, 16․08․2022․ https://evnreport.com/arm/law-society-arm/grave-insult-criminalization-decriminalization-arm/

[18]  Թուրքիայի քրեական օրենսգիրք,
https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-REF(2016)011-e

[19]  Հրապարակային վիրավորելու պարագայում՝ պատժի 1/6-րդի չափով ավելի։

[20]  Վեդաթ Շորլին ընդդեմ Թուրքիայի, 2021 թ․, ՄԻԵԴ (դիմում թիվ 42048/19), 54-րդ պարբերություն. https://hudoc.echr.coe.int/eng/#{%22itemid%22:[%22001-212394%22]}

[21]  Կարծիք Թուրքիայի քրեական օրենսգրքի 216, 299, 301 և 314-րդ հոդվածների վերաբերյալ. https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)002-e

[22]  Նույն տեղում, 57-րդ պարբերություն

[23]  Տե ՛ս, ի թիվս այլնի, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, 1986 թ․, ՄԻԵԴ (դիմում 9815/82), 42-րդ պարբերություն. https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-57523%22]}

[24]  Թիվ 34 ընդհանուր մեկնաբանություն (CCPR/C/GC/34), Մարդու իրավունքների կոմիտե, 12․09․2011, 47-րդ պարբերություն. https://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/gc34.pdf

[25]  Նույն տեղում, 38-րդ պարբերություն

[26]  Wurst, Noelle, Power, Punk, and Performance: A Critical Analysis of Hooligan Laws in Russia (2019). Honors Program Theses. 94., էջեր 18–27. https://scholarship.rollins.edu/honors/94

[27]  Նույն տեղում, էջ 25

[28]  Տե ՛ս, ի թիվս այլնի, Թիրերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978 թ․, ՄԻԵԴ (դիմում թիվ 5856/72), 31-րդ պարբերություն. https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-57587%22]}

[29]  Տե ՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԱՎԴ/0014/01/11 քր. գործով, 17-րդ պարբերություն

[30]  Նույն տեղում, 15-րդ և 16-րդ պարբերություններ

[31]  Տե՛ս YouTube-ի քաղաքականությունը.
https://support.google.com/youtube/answer/2802268?hl=en&ref_topic=9282436
https://support.google.com/youtube/answer/2801939?hl=en&ref_topic=9282436

[32]  Տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԼԴ/0227/01/12 քրեական գործով, 13-րդ պարբերություն

[33]  Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԱՎԴ/0014/01/11 քրեական գործով, 19-րդ պարբերություն

[34]  (LIVE) Տավուշի գյուղերի ճակատագիրը, Նիկոլին հաղթելու բանաձևը …, AntiFake TV

[35]  Քաղաքական բանտարկյալի սահմանումը․ Բանաձև 1900, 2012 թ․, ԵԽԽՎ.
https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=19150&lang=en

[36]  Խղճի բանտարկյալներ, Amnesty International.

Prisoners of Conscience

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930