«Երեւանում այս ծավալի բնակելի կառուցապատումն աղետալի հետեւանքների է հանգեցնելու։ Այս քանակի շինարարությունը, որ տեղի է ունենում, մյուս կողմից էլ կանաչ տարածքներին հասցվող վնասը՝ ֆունկցիոնալ արժեք ունեցող ծառերի փոխարինումը գեղագիտական, ինստագրամյան լայքեր բերող նկարների նման, չենք պատկերացնում, վաղը, մյուս օրը Երեւանում բնակվել չի լինի»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում «Փրկենք Երեւանի ծառերը» նախաձեռնության անդամների՝ մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագրի քննարկման ժամանակ ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ վերջերս մայրաքաղաքի տարբեր փողոցներում ծառեր են հատվում, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այդ առնչությամբ ասում է, որ այդ ծառերն այլեւս կենսունակ չեն, դրանք պետք է փոխարինվեն այլ ծառերով։
Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ քաղաքային մակարդակով որոշումների ընդունումը շատ խնդրահարույց է եւ անհասկանալի է, թե ինչպես են որոշում կայացնում, որ պետք է տեղի ունենա այսինչ գործընթացն այսինչ փողոցում․« Թումանյան փողոցով օրինակ բերեմ՝ անցած տարի աշնանը քաղաքապետարանը, ինչ-որ մարդիկ կառուցել են թեքահարթակ՝ առանց նախագծի։ Մի հատ կար, կողքը մի հատ էլ են կառուցում։ Հետո այս տարի մեկ էլ գալիս են նույն ՀՈԱԿ-ի աշխատողները, քանդում են ասֆալտը եւ այդ նույն թեքահարթակը, որը երեք ամիս առաջ են կառուցել, խողովակ են անցկացնում։ Չեմ հասկանում՝ ՀՈԱԿ-ի աշխատողները ծառի մասնագե՞տ են, թե՞ ոռոգման։ Հետո էկոցիդն եղավ, հատվեցին ծառերը։
Այդ թղթերը փակցրեցին, որ այս ծառերը պետք է հատվեն, իբր թե իրազեկում են իրականացնում։ Դրանց վրա քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանի ստորագրությունն էր, սա նշանակում է, որ 6-7 ամիս առաջվա իրազեկման փաստաթուղթ է։ Փարպեցիից մինչեւ Սարյան փողոց, ըստ այդ փաստաթղթի, 4 թեղի պետք է պահպանվեր, այսօր մնացել է 1-ը։ Գալիս են իրենց խմբով՝ ինչ-որ «խարոշիյ» դեմքեր, որ հետո ծեծկռտուք սարքեն, փողոցային խուլիգաններ, որոնք ընտրություններին ձայներ են ապահովել, «ղրդաբով» գալիս են, հատում են, բնակիչներից մեկն ասում է՝ էս մեկն էլ է շիրա տալիս, ասում են՝ լավ, էս մեկն էլ կտրեք։ Նման վերաբերմունքով իհարկե կստանանք այս պատկերը»։
Կարդացեք նաև
Պետրոսյանի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկեր էլ կան, խնդրել է, որպեսզի ուսումնասիրություն լինի, կոռուպցիոն ռիսկերը գնահատվեն․«Այս մոնստր ՀՈԱԿ-ները, որ ստեղծվում են պետական մարմիներում, որոնք վերահսկողության չեն ենթարկվում, ես գիտեմ, որ կան խոսակցություններ, որ ինչ-որ փոխկապակցվածության խնդիրներ են լինում»։
Ճարտարապետի դիտարկմամբ՝ մասնագետներին, քաղաքացիական հասարակությանը լսելու կարողություն չկա պետական բոլոր մակարդակներում․ «Մասնագետին չլսելու այս լկտի պահվածքը, դիլետանտիզմը, որ այսօր կա պետական կառավարման մեջ, հատկապես Երեւանի քաղաքապետարանում․․․ծառերի հատումը դրա լավագույն օրինակն է, դրան պետք է վերջ դրվի, եթե ոչ, ապա դա պետք է ունենա իրավական եւ քրեաիրավական հետեւանք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ